կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-30 15:55
Առանց Կատեգորիա

Հայաստանը մյուս այտն է՞լ դեմ կտա Նազարբաևին

Հայաստանը մյուս այտն է՞լ դեմ կտա Նազարբաևին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արած հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միությանը միանալ միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, ինքնին որևէ տարօրինակ կամ սենսացիոն բան չի պարունակում:

 

Ղազախստանն ինքն այդ միությանը միացել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Գուցե ճիշտ կլիներ, եթե Սերժ Սարգսյանին դիմելուց առաջ Նազարբաևը նմանատիպ ռեպլիկ հղեր Վլադիմիր Պուտինին`կապված Ղրիմի հիմնահարցի հետ: Բայց այնքանով, որքանով Նազարբաևը Պուտինի հետ ստորագրեց ԵՏՄ-ն ձևավորելու մասին պայմանագիրը, նա ճանաչեց Ղրիմի կցումը Ռուսաստանին:

 

Տարօրինակը, իսկ ավելի ճիշտ վիրավորականը ոչ թե այն է, որ Հայաստանին ընդհանրապես ինչ-որ բաներ են հիշեցնում, այլ այն, որ դա անում է մի երկրի նախագահ, որի հետ Հայաստանն ընդգրկված է միջազգային անվտանգության նույն համակարգում` տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում: Սա պետք է ենթադրեր ոչ միայն տարրական հարգանք գործընկեր պետության նկատմամբ, այլև միմյանց շահերի հստակ գիտակցում, հարգում և պաշտպանում` անկախ նրանից` այդ երկրները հարաբերվում են ՀԱՊԿ-ի շրջանակում, թ`ե որևէ այլ ձևաչափում: Նազարբաևը պարզ հասկացնել տվեց, որ չի հարգում ո'չ Հայաստանին, ո'չ էլ նրա նախագահին:

 

Առաջին հերթին Նազարբաևը Սերժ Սարգսյանին Հայաստանի և ԼՂ-ի միջև սահմանի մասին հիշեցրեց փաստացի որպես ԵՏՄ-ի համահիմնադիր անդամ, որը կարող է ինչ-որ պայմաններ առաջադրել կազմակերպությանը միանալու հայտ ներկայացնող, իսկ մեր դեպքում` եվրասիական ինտեգրման պրոյեկտների ետևից քարշ եկող նորեկներին: Ըստ այդմ` նա Սերժ Սարգսյանին հասկացրեց, որ ԵՏՄ-ի շրջանակում Հայաստանին վերաբերվում է ոչ թե որպես հավասարը հավասարի, այլ իբրև հենց իրենց եռյակի ետևից քարշ եկող ինչ-որ սուբյեկտի:

 

Երկրորդ` Նազարբաևը շատ պարզ հասկացրեց, որ իր համար Հայաստանի` որպես ՀԱՊԿ-ի անդամ երկրի շահ գոյություն չունի: Եվ, առհասարակ, գոյություն չունի ՀԱՊԿ ընդհանուր շահ հասկացություն: ՀԱՊԿ-ում բոլոր անդամ երկրները վաղուց բացառապես իրենց մասնավոր շահերին են հետամուտ: Մյուս գործընկեր երկրները նրանց պետք են այնքանով, որքանով կարող են նպաստել մասնավոր այդ շահերի պաշտպանությանը: Այնտեղ ո'չ ընդհանուր արժեքներ կան, ո'չ աշխարհայացքային ընդհանուր ընկալումներ ու ո'չ էլ ավանդույթներ:

 

Ղազախստանը Հայաստանի հետ քաղաքական և աշխարհաքաղաքական որևէ կետում որևէ ընդհանուր բան չունի և պարբերաբար հաստատում է, որ Հայաստանն իր համար ոչ թե իրական կամ պոտենցիալ գործընկեր է, այլ բորբոքված կույրաղիք: Հենց այսպիսի ընկալումն է թույլ տալիս Նազարբաևին ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հետ կապված իր վերապահումները հիմնավորել, ոչ ավելի, ոչ պակաս, Ադրբեջանի նախագահի ինչ-որ նամակով: Մի երկրի, որը ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ չէ, այլև գոնե այս պահին ընդհանրապես ցանկություն չունի մտածելու եվրասիական ինտեգրացիոն նախագծերին միանալու հնարավորության մասին (այդ մասին պաշտոնապես էլ հաստատվեց այսօր) և գտնվում է քաղաքական և արժեքային բոլորովին այլ հարթակում:

 

Նազարբաևը բացեիբաց հայտարարում է, որ Հայաստանի եվրասիաինտեգրացիոն ձգտումների ու պրոցեսների շրջանակում ինքը խաղալու է Ադրբեջանի և Ալիևի խաղը և պաշտպանելու է մի երկրի շահը, որը պատերազմի մեջ է գտնվում ՀԱՊԿ շրջանակում իր «ստրատեգիական գործընկերը» հանդիսացող երկրի հետ:

 

Բայց սա զուտ էթիկական, բարոյական նշանակության ապտակ չէ Երևանին, այլև կոնկրետ հարված թիկունքից: Սկսած նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու ուղեգիծն ընտրելու մասին, Նազարբաևը որդեգրել է ակնհայտ հակահայկական քաղաքականություն և ցանկացած եղանակով արգելակում է Հայաստանի միացումը` սկզբից Մաքսային միությանը, հիմա էլ Եվրասիական տնտեսական միությանը: Եվ քանի որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարողանում Հայաստանի համար հաղթահարել ղազախաբելառուսական այս պատնեշը, Հայաստանը դառնում է ռուս-ղազախա-բելառուսական եռյակի շարունակական մանեւրների գերին` մի կողմից հնարավորություն չունենալով լիարժեք ինտեգրվելու այդ նախագծերում, մյուս կողմից` Ռուսաստանի կողմից զրկված լինելով հետ շրջվելու և նույնիսկ բացարձակապես չեզոք դիրք գրավելու իրավունքից:

 

Այսպիսով` Ղազախստանը Հայաստանին ենթարկում է քաղաքական և դիվանագիտական բլոկադայի` հաջողությամբ զարգացնելով Ադրբեջանի շրջափակման քաղաքականությունը: Իհարկե, սա ինչ-որ իմաստով կարող է օգտակար լինել Երևանի համար, քանի որ, կամա թե ակամա, վիժեցնում է Հայաստանի եվրասիական ստիպողական ինտեգրացիան և ապագայի համար դրանից հրաժարվելու քաղաքական կապիտալ ապահովում: Բայց խնդիրը ոչ թե տեղի ունեցողի, այսպես կոչված,  երկրորդական էֆեկտի մեջ է, այլ այն մեթոդների, որոնք կիրառվում են: Արժանապատվություն և ինքնահարգանք ունեցող որևէ երկիր Ղազախստանի այսպիսի պահվածքն անպատասխան թողնել չի կարող:

 

Սերժ Սարգսյանը, գուցե չէր կարող հենց տեղում պատասխանել իրեն փաստացի «նամակային» նվաստացման ենթարկելու Նազարբաևի քայլին: Դա կլիներ պատասխան կոնկրետ այդ դրվագին: Բայց գործ ունենք ԵՏՄ անդամ երկրների պետական քաղաքականության հետ, հետևաբար` դրա պատասխանը ևս պետք է լինի պետական մակարդակով: Նախորդ ամիս Մոսկվայում կայացած` ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովում նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ ելույթ ունեցավ կազմակերպության անդամ երկրների շահերը միջազգային հարաբերություններում պաշտպանելու անհրաժեշտության մասին: «Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված, քանի որ փոքր ինչ տարօրինակ է ստացվում...»,- հայտարարել էր նախագահը: Սա նրա կողմից նմանատիպ արդեն երրորդ, թե չորրորդ հայտարարությունն էր, որը, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, փաստորեն, կրկին տեղ չի հասել:

 

Հայաստանին պարզապես բանի տեղ չեն դնում, լուրջ չեն վերաբերվում, որովհետև Հայաստանն ինքն իր հեղինակությանը, միջազգային վարկին լուրջ չի մոտենում, որովհետև այդ հայտարարությունների ետևում որևէ գործողություն, քայլ, նախաձեռնություն պարզապես չկա: Արդեն տարիներ շարունակ Երևանն իրականացնում է, բառի բուն իմաստով, անողնաշար ու անսկզբունքային արտաքին քաղաքականություն, որի ողջ իմաստը միմիայն միջազգային հանրության, ուժային կենտրոնների տրամադրություններին համահունչ գործելն է: Եթե Երևանը նաև այս թուքը կուլ տվեց, ուրեմն` գործ ունենք ոչ թե պետության, այլ փափկամորթ ինչ-որ երևույթի հետ:

 

Գևորգ Աղաբաբյան