կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-10 16:00
Առանց Կատեգորիա

Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը հանձնել է Նազարբաևին

Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը հանձնել է Նազարբաևին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով մարտի 12-ին Աստանա են մեկնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ պաշտոնական Աստանայից հնչող պարզաբանումների՝ երկու օր կողմերը եռակողմ և երկկողմ ձևաչափերով քննարկելու են երեք երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, համաշխարհային տնտեսության ներկայիս միտումների համատեքստում եվրասիական ինտեգրացիոն գործընթացը: Ենթադրվում է քննարկել նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

 

Այս նախաձեռնությունը ներկայացվում է որպես Եվրասիական տնտեսական միության շրջանակներից դուրս: Համենայն դեպս, կարծես դրանով է բացատրվում, թե ինչու Նազարբաևն այդ հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ուղարկել նաև ԵՏՄ չորրորդ անդամի՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես ցանկացած սուվերեն երկրի ղեկավար, Նազարբաևն ինքն է որոշում՝ ինչ ֆորում կազմակերպել իր երկրում և ում հրավիրել` դրան մասնակցելու: Սակայն օրակարգի վերոնշյալ 3 հարցերից առնվազն երկուսն ուղղակիորեն շոշափում են Հայաստանի շահերը, քանի որ, այսպես, թե այնպես, առևտրատնտեսական հարաբերությունները և եվրասիական ինտեգրացիայի հեռանկարները հիմնված են հենց ԵՏՄ-ի կառուցակարգերի վրա: Հետևաբար, Հայաստանի մասնակցությունն այդ հանդիպմանը ոչ թե ցանկալի պետք է լիներ, այլ պարտադիր: Եվ եթե Սարգսյանի չմասնակցելը պայմանավորված է` Աստանայից պաշտոնական հրավեր չստանալով, դա ուղղակիորեն խոսում է անձամբ Սերժ Սարգսյանի և, նրանով պայմանավորված, Հայաստանի նկատմամբ Ղազախստանի նախագահի անհարգալից վերաբերմունքի շարունակման մասին:

 

Այն հանգամանքը, որ ո'չ ՀՀ նախագահի նստավայրը և ո'չ էլ արտգործնախարարությունը չեն շտապում պաշտոնապես բացատրել Սերժ Սարգսյանի՝ Աստանա չմեկնելու պատճառները և դա չեն պայմանավորում ուղարկված հրավերը մերժելու հետ, թույլ է տալիս եզրակացնել, որ խնդիրն իսկապես Աստանայից հրավեր չստանալն է, հետևաբար՝ Հայաստանը սեփական շահերը և ձայնը չունեցող կցորդի կարգավիճակում ներկայացնելու, դրանով նվաստացնելու` Նազարբաևի ցանկությունը: Եթե իսկապես այդպես է, ապա Ղազախստանի այս վերաբերմունքն արդեն դառնում է անհանդուրժելի, և հստակ արձագանքի անհրաժեշտություն է առաջացնում:

 

Սակայն, անկախ նրանից, հրավեր ուղարկվել է, թե` ոչ, իրականում Երևանում ցանկություն ունեի՞ն մասնակցելու այդ հանդիպմանը, թե՞ ոչ: Դժվար է պատկերացնել, որ ցանկություն ունենալու դեպքում հայաստանյան դիվանագիտական կորպուսը չէր կարող ներքին խողովակներով հասնել դրան: Եթե իսկապես չի կարողացել, ապա մնում է առնվազն զարմանալ՝ ինչո՞վ է զբաղված Ղազախստանում մեր դեսպանությունը՝ դեսպան Արա Սահակյանի հետ միասին:

 

Ընդհանրապես, ԵՏՄ-ին պաշտոնապես անդամակցելուց հետո Հայաստանը կարծես հրաժարվել է արտաքին քաղաքականություն իրականացնելուց՝ մատնվելով մի յուրատեսակ իներցիոն անգործության: 2015-ի մեկնարկից ի վեր միջազգային քաղաքական ասպարեզում Հայաստան սուբյեկտ գործնականում գոյություն չունի: Միակ շարժը, որն ինչ-որ չափով նկատելի է, կապված է ԼՂ հիմնահարցի հետ, այն էլ` բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի կտրվածքով, նաև Ցեղասպանության 100-ամյակի շրջանակում Թուրքիայի էքսցենտրիկ պահվածքին այս կամ այն կերպ արձագանքելով:

 

Այս աննորմալ, ոչ մի բացատրություն չունեցող երևույթն առավել սուր է դրսևորվում հարևան երկրների հետ համեմատության մեջ: 2015թ. առաջին երկուսուկես ամսվա ընթացքում միայն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, օրինակ, վեց արտերկրյա աշխատանքային և պաշտոնական այցեր է ունեցել՝ Լատվիա, Շվեյցարիա, Գերմանիա, Հունգարիա, Բելգիա, Ռումինիա: Գրեթե նույն չափ, շատ ավելի մեծ ռեզոնանս առաջացրած ուղևորություններ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Թուրքիա, Գերմանիա՝ երկու անգամ, Շվեյցարիա, Բուլղարիա, Վատիկան: Մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ արտերկրյա այց չի ունեցել՝ սկսած 2014թ. դեկտեմբերի 22-ից: Եվ խիստ խորհրդանշական է, որ այդ վերջին այցը եղել է Մոսկվա՝ պաշտոնապես ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համար անցկացված` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար: Միակ բարձրաստիճան պաշտոնյան, որն այդ ընթացքում եկել է Հայաստան, ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն է, այն էլ՝ տարածաշրջանային այցի շրջանակներում:

 

Որքան էլ սրանք ընդամենը այցերի քանակական ցուցանիշեր են, դրանք շատ հստակ ցույց են տալիս Հայաստանի արտաքին քաղաքական ակտիվության իրական մակարդակը, ավելի ճիշտ՝ այդ ակտիվության բացակայությունը: Այնպիսի տպավորութոյւն է, որ, ԵՏՄ-ին միանալով, Հայաստանն ամբողջությամբ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին է հանձնել նաև իր փոխարեն արտաքին քաղաքականություն իրականացնելու լիազորությունները՝ գրեթե պաշտոնականացնելով սուվերենությունը կատարելապես կորցնելու հանգամանքը:

 

Կոնկրետ Աստանայի այս հանդիպման կարիքը Հայաստանն ուներ թերևս ԵՏՄ անդամ մնացած բոլոր երկրներից ավելի շատ: Որովհետև այդ միությանն անդամակցելու հետ կապվող որևէ ակնկալիք ոչ միայն չի արդարանում, այլև այդ միացումը Հայաստանին պառկեցրել է տնտեսական դանդաղ մահվան մահճին: Միայն հունվար ամսվա ընթացքում արտահանման ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 22 տոկոսով, ավելի քան 40 տոկոսով նվազել են Ռուսաստանից եկող տրանսֆերտները: Ոչ մի կերպ լուծում չի ստանում Ռուսաստանում, մյուս երկրներում հայ աշխատավորների կեցության, ազատ տեղաշարժի հարցը՝ չնայած ողջ միության տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը ԵՏՄ-ի ստեղծման առանցքային նպատակներից մեկն էր: Մինչ Ռուսաստանից հանգստացնում էին, թե ԵՏՄ-ին անդամակցությունը բարձրացնում է Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգության մակարդակը, անդամակցության առաջին իսկ օրվանից հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով լարվածությունը հասել է գործնականում պատերազմական վիճակի, Ադրբեջանը բացահայտ ագրեսիա է սկսել արդեն Հայաստանի տարածքի նկատմամբ: Իսկ Մոսկվայում ավելի ու ավելի համարձակ են պնդում, որ իրենք ԼՂ-ի նկատմամբ որևէ պարտավորություն չունեն:

 

Աստանայի ոչ պաշտոնական այս գագաթաժողովն այն պատեհ առիթներից էր, երբ կարելի էր ու թերևս անհրաժեշտ էր այս հարցերը բարձրացնել գործընկեր երկրների, մասնավորապես` ՌԴ նախագահի առջև: Վերջապես պետք է հասկանանք՝ որտեղ ենք գլորվում առայժմ իրեն ոչնչով չարդարացնող այդ միության կիսաքանդ մեքենայի բեռնախցում: Դրան զուգահեռ լիովին առկախված է մնացել Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Բրյուսելից գրեթե ամեն ամիս ակնարկում են, թե երբ է Երևանը հստակեցնելու իր հետ հարաբերությունների սահմանները: Եվ դա այն դեպքում, երբ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի հաջորդ՝ Ռիգայի գագաթաժողովին մնացել է ընդամենը երկու ամիս:

 

Գևորգ Աղաբաբյան