Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև հեռախոսազրույց է կայացել: Ըստ պաշտոնական հաղորդագրության` երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքից հայտնի է դառնում, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
Թե դեռևս չգործող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հետ կապված այդ ի՞նչ հրատապ խնդիրներ են դրդել Սերժ Սարգսյանին խոսել Նազարբաևի հետ, այդ տեքստից պարզ չի դառնում: Սակայն երկու հետաքրքրական իրողություններ թույլ են տալիս եզրակացնել, որ խոսակցության թեման եղել է ոչ թե երկկողմ կամ բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարը, այլ Ղազախստանի խորհրդարանի կողմից ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը:
Նախ` հեռախոսազրույցը նախաձեռնվեց նույն օրը, երբ ՌԴ Պետդուման վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Մինչ այդ` դեկտեմբերի 5-ին, Հայաստանի նախագահը նմանատիպ մի հեռախոսազրույց էլ ունեցել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, և տարօրինակ զուգադիպությամբ դա տեղի էր ունեցել Հայաստանի խորհրդարանում այդ պայմանագրի վավերացման հաջորդ օրը:
Ըստ ամենայնի` Հայաստանի նախագահը պարզապես փորձել է հասկանալ, թե ինչ պլաններ ունեն Լուկաշենկոն և Նազարբաևը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը նախատեսված ժամկետներում, այսինքն` մինչև դեկտեմբերի 20-ը, խորհրդարանների վավերացմանը ներկայացնելու հարցում: Եվ սա մատնում է Աստանայից ու Մինսկից նոր հնարավոր անակնկալների բախվելու` Երևանի ունեցած իրատեսական մտավախությունները:
Եթե Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները նախատեսված ժամանակահատվածում չվավերացնեն այդ պայմանագիրը, հունվարի 1-ին Հայաստանը չի կարող անդամակցել ԵՏՄ-ին: Մինչդեռ` այդ պայմանագիրը ենթադրում է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում ուժը կորցրած է ճանաչվելու ՀՀ Մաքսային օրենսգիրքը, քանի որ սկսելու է գործել ԵՏՄ-ում միասնական մաքսային օրենսգիրքը, և Հայաստանը ստիպված է լինելու ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծումների և արտահանումների պարագայում հարկերի հաշվարկման և վճարման ընթացակարգերն ապահովող ազգային օրենսդրությունը վերանայումների ենթարկել: Դրան ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն մշակված է, սակայն քանի դեռ Ղազախստանը և Բելառուսը չեն վավերացրել պայմանագիրը, նման փոփոխությունների կատարումը կարող է ցնցումների ենթարկել այս ոլորտը: Բայց սա դեռ ամենակարևոր խնդիրը չէ:
Ռուսաստանի և Բելառուսի միջև առաջացած ներկայիս մաքսային տարաձայնությունները գնալով ավելի են խորանում: Բացի այն, որ սա, առանց չափազանցության, հարցականի տակ է դնում ԵՏՄ-ի կենսունակությունը, նաև կարող է լուրջ խնդիր դառնալ մինչև հունվար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին:
Ըստ էության` ոչինչ Լուկաշենկոյին չի խանգարում Մոսկվային պատժելու համար խախտել խորհրդարանում այդ պայմանագրի վավերացումն ապահովելու համար նախատեսված ժամկետները կամ էլ ընդհանրապես հրաժարվել դրա վավերացումից: Նույնը, ի դեպ, վերաբերում է նաև Ղազախստանին:
Անցնող տարվա ընթացքում Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրման ժամկետները մի քանի անգամ հետաձգելու պատճառ դառնալով` Մինսկն ու Աստանան արդեն առարկայորեն ապացուցել են այդ հարցը Ռուսաստանի հետ քաղաքական առևտրի առարկա դարձնելու` իրենց կարողությունը: Այս իմաստով` Սերժ Սարգսյանը բոլոր հիմքերն ունի մտածելու, որ սա իրեն և, ընդհանուր առմամբ, Հայաստանին հերթական անգամ անհարմար դրության մեջ դնելուն ուղղված քայլ է, ինչն էլ փորձում է կանխել Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ հեռախոսային բանակցությունների միջոցով:
Ողջ հարցը, սակայն, Սերժ Սարգսյանի ցուցաբերած այս նախաձեռնողականություն է: Եթե դա պայմանավորված է Հայաստանի անդամակցության անխուսափելիության պարագայում դրա հերթական հետաձգումը կանխելու հրամայականով, ապա նախագահին կարելի է հասկանալ: Մի կողմից` Հայաստանը զրկվելու է կազմակերպությանը դրա հիմնադիրներին գրեթե հավասար կարգավիճակով անդամակցելուց` դրանից ենթադրվող դիրքային հնարավոր առավելություններ ստանալու նկատառումով, իսկ մյուս կողմից` եթե այդ հարցը տեղափոխվեց 2015թ., ապա կարող է ձգձգվել մինչև անսահմանություն` Հայաստանը վերածելով «եվրասիական եռյակի ձեռքին», բառի բուն իմաստով, պատանդի: Բայց եթե սա տանում է դեպի գործընթացի կասեցում, ապա թերևս ամենատրամաբանականը կլիներ հանգիստ պրոցեսին հետևելը:
Այն ամենը, ինչ անդամակցության համար կախված էր իրենցից, և ինչ պահանջում էր Մոսկվան, Երևանն արդեն արել է: Գնդակն այլև իր դաշտում չէ, եթե Հայաստանի անդամակցությունը ձախողվի Բելառուսի և Ղազախստանի պատճառով, դրանում Մոսկվան Երևանին և Սերժ Սարգսյանին չէ, որ պետք է կամ կարող է մեղադրել:
Ներհայաստանյան դեբատներում իշխանությունը տողատակից փորձում էր համոզել, որ սա իրենց կողմից հարկադրաբար արվող, այլընտրանք չունեցող քայլ է` Հայաստանի և Արցախի անվտանգությունը երաշխավորելու համար` նկատի ունենալով բացառապես Կրեմլի «տիրակալի» զայրույթը չհարուցելու հանգամանքը: Բայց այս դեպքում հարուցող-չհարուցողը Հայաստանը չէ: Եվ նա առավել քան պետք է շահագրգռված լիներ իր շահերը եռյակի ձեռքին հերթական խաղալիքը չդարձնելու հարցում: Առավել ևս, որ ամենակարևոր հարցերից մեկը, եթե ոչ ամենակարևորը` ԼՂՀ-ի հետ սահմանին մաքսակետերի գործարկման հնարավորությունը, ոչ միայն մնում է չլուծված, այլև պարզվում է` այդ առումով նույնիսկ պայմանավորվածություններ չկան:
Օրերս Երևանում Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը ակամա բացահայտում արեց` հայտարարելով, որ ԼՂՀ-ի սահմանին մաքսակետերի տեղակայման հարցը քննարկվելու է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումից հետո` 2015թ. արտգործնախարարների, կառավարության ղեկավարների մակարդակով կազմակերպվելիք հանդիպման ընթացքում: Այսինքն` Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Հայաստանին դեռևս նույնիսկ բանավոր երաշխիք չեն տվել, որ այդ մաքսակետերը կա'մ չեն տեղակայվի, կա'մ ձևական բնույթ կունենան:
Եվ հավանական է, որ 2015թ., երբ Հայաստանի անդամակցությունն այլևս անշրջելի փաստ կլինի, նրան ուղղակի կպարտադրեն տեղակայել մաքսակետերը և ապահովել դրանց լիարժեք գործունեությունը: Գոնե այս հանգամանքը պետք է ստիպեր ձեռնպահ մնալ ԵՏՄ-ին միանալու հարցում նման նախանձախնդիր նախաձեռնողականություն հանդես բերելուց:
Գևորգ Աղաբաբյան