կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 23:05
Քաղաքական

Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միության լուսանցքում. Նազարբաևի մարտավարական հաղթանակը

Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միության լուսանցքում. Նազարբաևի մարտավարական հաղթանակը

Աստանայում այսօր կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը: Ինչպես և սպասվում էր, Հայաստանը դրան այս փուլում, այսինքն` որպես միության համահիմնադիր, չի միացել: Աստանա մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է այդ միությանն անդամակցել մինչև այս տարվա հունիսի 15-ը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Աստանայի գագաթաժողովում հաստատել է, որ Հայաստանը պրակտիկորեն կատարել է Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ «ճանապարհային քարտեզով» նախատեսված բոլոր քայլերն ու միջոցառումները: Սակայն քանի որ ԵՏՄ-ի ստեղծմամբ ինքնըստինքյան վերանում է Մաքսային միությանը թե' Հայաստանի և թե' հայտ ներկայացրած Ղրղզստանի անդամակցության անհրաժեշտությունը, ապա այս պահից արդեն օրակարգում կարող է լինել բացառապես ԵՏՄ-ին նրանց միանալու հարցը:

 

Իրենց ելույթներում թե' Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և թե' Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել են, որ Հայաստանի անդամակցության հարցում որևէ խնդիր չեն տեսնում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, սակայն, հայտարարել է, թե մինչև Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալը,այսինքն` մինչև հուլիսի 1-ը, պետք է հստակեցվի, որ Հայաստանն այդ միությանն անդամակցելու է ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի:

 

Ըստ էության` Նազարբաևի հայտարարությունը նշանակում է Հայաստանի անդամակցության նախապայման, որն առաջադրվում է թե' Երևանին, թե', առհասարակ, Մինսկին և հատկապես Մոսկվային: Ղազախստանի նախագահն իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչել է Ադրբեջանի նախագան Իլհամ Ալիևի՝ ՄՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված նամակը, որով վերջինս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է հենց այդ վերապահումով:

 

Ղազախստանի նախագահի նման կեցվածքը բացարձակապես տարօրինակ չէ: Երբ այս տարվա սկզբներին քննարկվում էր Մաքսային միությանը Հայաստանի միանալու և դրա համար անհրաժեշտ «ճանապարհային քարտեզ» մշակելու հարցը, Ղազախստանի նախագահը հստակ հայտարարեց, որ Հայաստանի անդամակցության վերաբերյալ ունի հատուկ կարծիք՝ կապված հենց ԼՂՀ-ի հետ սահմանային հարցերի ճշգրտման հետ: Սակայն Նազարբաևի նախապայմանում չի խոսվում ամենակարևոր խնդրի՝ Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանագծին անցակետեր դնելու անհրաժեշտության մասին:

 

Այս տեսակետից ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության օրինակի վկայակոչումը ինչ-որ տեղ խորհրդանշական է, քանի որ այդ կազմակերպությունը ԼՂՀ-Հայաստան սահմանագծին մաքսակետեր կամ անցակետեր դնելու պահանջ չի առաջադրել: Խիստ հատկանշական է, որ չնայած Նազարբաևի խոսքերից պարզ է դառնում, որ Ալիևը նամակով դիմել է միաժամանակ և' Ռուսաստանի, և' Ղազախստանի, և' Բելառուսի նախագահներին, սակայն Աստանայի գագաթաժողովի ընթացքում, բացի Նազարբաևից, այդ մասին մյուսները չհիշեցին: Ըստ էության` թե' Բելառուսը և թե' Ռուսաստանը այդ հարցը համարում են լուծված՝ ԼՂՀ հիմնահարցի և ԼՂՀ-ի հետ Հայաստանի առանձնահատուկ հարաբերություններ ունենալու հանգամանքը չնկատելու տալով: Պետք է ենթադրել, որ նրանք հաշվի են առել հենց ԱՀԿ-ին Հայաստանի միանալու փորձը:

 

Նազարբաևը, վկայակոչելով Ալիևի նամակը, ըստ էության, ուղերձ է հղում իր բարեկամ Ադրբեջանի նախագահին, որ ամեն դեպքում նրա մտահոգությունը բարձրաձայնել է գագաթաժողովում, այսինքն` Հայաստանի անդամակցությանը խոչընդոտելու հարցում արել է այն, ինչ կախված էր իրենից: Այլ կերպ ասած՝ սա դիվանագիտական ժեստ էր Բաքվին, որով Նազարբաևն Ալիևի առջև պատասխանատվությունը փորձում է բարդել Ռուսաստանի և Բելառուսի նախագահների վրա և դրանով փրկել Ադրբեջանի հետ իրենց տնտեսական և քաղաքական հարաբերությունները:

 

Բայց, ընդհանուր առմամբ, կարելի է նկատել, որ, չնայած նախնական որոշակի նյարդայնությանը, Բաքուն կարծես չի փորձում լուրջ խոչընդոտներ հարուցել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում, որովհետև թերևս հասկանում է, որ որևէ բան չի փոխելու և չի նպաստելու ԼՂ հիմնահարցի՝ իր շահերից բխող լուծումներին հասնելուն:

 

Հարցն այն է, որ Հայաստանի և Արցախի միասնականության հարց դիվանագիտական առումով ընդհանրապես գոյություն չունի: Եթե Հայաստանը միանում է որևէ միջազգային կազմակերպության, ապա բացառապես ՄԱԿ-ի ընդունած իր սահմաններով: Հակառակը կլիներ առավել քան տարօրինակ, քանի որ Արցախը` նրա մասը կազմող, Ադրբեջանի նախկին վարչական շրջանների տարածքներով հանդերձ, Հայաստանին չի պատկանել և չի պատկանում: Հետևաբար, խնդիրն այն ձևակերպմամբ, որով փորձում է մատուցել Նազարբաևը, ընդհանրապես գոյություն չունի:

 

Երևանը երբեք չի պնդել, որ ԼՂՀ-ն ևս պետք է պարտադիր անդամակցի ԵՏՄ-ին, ինչը կնշանակեր նախապայման դնել ԵՏՄ անդամ պետությունների առջև՝ ճանաչելու ԼՂՀ-ի ինքնիշխանությունը և միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու հանգամանքը: Իբրև պուտինյան եվրասիական ինտեգրացիոն նախագծներից խուսափելու միջոց` այդ նախապայմանի առաջադրումը կարող էր մանևրի և ճնշումներից խուսանավելու միջոց լինել Երևանի համար: Սակայն Մաքսային միությանը միանալու մասին` 2013թ. սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո արդեն պարզ էր, որ ռուսական ճնշումներին դիմակայելու ցանկություն և կամք Հայաստանի իշխանությունը չունի, հետևաբար` չի փորձելու գործածել այն կասեցնելու որևէ հնարք:

 

Նման պայմաններում միակ տարբերակը մնում է այնպիսի կուրսի որդեգրումը, որը ենթադրում է ոչ թե ԼՂ հիմնահարցի արհեստական սրում, այլ հակառակը՝ դրա արհեստական անտեսում կամ դրա քաղաքական նշանակության նվազեցում: Միակ խնդիրը, որ այս պարագայում մնում է լուծել Հայաստանին, որևէ դեպքում ԼՂՀ-ի հետ սահմանին մաքսակետեր դնելու պայմանին չհամաձայնելն է, քանի որ դա հարվածելու է առաջին հերթին ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական հարաբերական կայուն իրավիճակին:

 

Մյուս կողմից, իհարկե, դեռ փաստ չէ, որ Հայաստանը մինչև հունիսի կեսերը, անգամ մինչև հուլիսի 1-ը, այսինքն` սահմանված ժամկետներում կանդամակցի ԵՏՄ-ին: Այդ ընթացքում հնարավոր է այնպիսի նոր, արհեստական խոչընդոտների հարուցումը նույն Ղազախստանի կողմից, որոնք կարող են առժամանակ առկախել անդամակցության հարցը: Ողջ խնդիրն այն է, թե որքանով է Ղազախստանը սկզբունքային՝ Հայաստանի անդամակցությունը տորպեդահարելու հարցում՝ հանուն Ադրբեջանի հետ իր հարաբերությունների: Արդյո՞ք Նազարբաևը զուտ ձևեր թափելու և Ալիևի առջև արդարանալու խնդիր է լուծում, թե՞ փորձում է ջուր լցնել նրա ջրաղացին:

 

Թվում է, թե այս պահի դրությամբ նրա քայլերը զուտ արտաքին տպավորություն թողնելու նպատակ են հետապնդել: Սակայն իրականում նա լուծել է ամենակարևոր և շոշափելի խնդիրը` թույլ չի տվել Հայաստանին անդամակցել ոչ միայն Մաքսային միությանը, այլև դառնալ ԵՏՄ-ի հիմնադիր անդամ, որով կասեցրեց համահիմնադրի կարգավիճակից բխող դիվիդենդներից և քաղաքական առավելություններից, որոշումների վրա ազդելու հնարավորություններից օգտվելու` Երևանի շանսերը:

 

Գևորգ Դարբինյան