Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը Աստանայում կայացած ԵվրԱզԷս-ի տնտեսական խորհրդի ՝ պետությունների ղեկավարների մակարդակով կայացած բարձրագույն նիստից հետո, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, հայտարարել է, թե 2015թ. հունվարի 1-ից ԵվրԱզԷՍ-ը կդադարեցնի գոյությունը: Խոսքը, սակայն, ոչ թե վերաբերում է այս կազմակերպության կազմաքանդմանը, այլ դրա վերափոխմանը Եվրասիական տնտեսական միության:
«Եվրասիական տնտեսական միության եւ ԵվրԱզԷՍ-ի հարցով վերջնական պայմանավորվել ենք, որ ԵվրԱզԷՍ-ի բոլոր կառույցները կներառվեն Եվրասիական տնտեսական միությունում, եւ այդպիսով ԵվրԱզԷՍ կառույցը 2015թ. հունվարի 1-ից վերջնականապես կդադարեցնի գոյությունը»,- ասել է Շուվալովը: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, որոնք Մաքսային միության անդամ են, նախագահների մակարդակով պայմանավորվել են, որ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքի շուկաների ազատությունները 2015թ. գործելու են միասնական նոր տնտեսական տարածության մեջ` առանց վերապահումների:
Աստանայում կայացած այս նիստը, ըստ էության, պետք է պատմական համարել այն իմաստով, որ, փաստորեն, առաջին ու լուրջ քայլն է կատարվում Եվրասիական տնտեսական միության պուտինյան գաղափարը կենսագործելու իմաստով: Առ այսօր փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակներում տիրապետում էր այն կարծիքը, թե այս ծրագրի իրականացման համար որևէ հիմք չկա և այն ընդամենը ամբիցիոզ, վերացական գաղափար է, որն ընդամենը ցույց է տալիս Պուտինի իմպերիալիստական ձգտումները: Սակայն անգամ անզեն աչքով էր տեսանելի, որ ԱՊՀ տարածաշրջանում Մոսկվայի իրականացրած քաղաքականության տրամաբանությունն ուղղված է ցանկացած գնով Եվրասիական միության ստեղծմանը, որը միս ու արյուն չէր ստանում բացառապես այն պատճառով, որ ընթանում էր դեպի ստեղծվելիք միությունը հնարավորինս մեծ թվով պետությունների շահագրգռելու` չափազանց նյարդային ու հետևողական գործընթաց:
Աստանայում ԵվրԱզԷՍ-ը եւ Մաքսային միությունը մեկ ընդհանուր կառույցում ներառելու վերաբերյալ` Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի կայացրած համատեղ որոշումը վկայում է, որ այս փուլն արդեն ավարտված է և սկսվում է հավաքագրման գործընթացը: Ուկրաինան և Ղրղզստանն արդեն դիմել eն` մաքսային միությունում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու համար, ինչը նշանակում է, որ այս պետությունները ևս կողմնորոշվում են դեպի Եվրասիական միություն: Պատահական չէ, որ Աստանայում երեք երկրների նախագահները ստորագրել են նաև համատեղ հռչակագրեր այս երկրների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունի Հայաստանը, որի նախագահը` Սերժ Սարգսյանը, հրաժարվել էր մեկնել Աստանա` առանց որևէ պաշտոնական բացատրության: Սակայն այնտեղ ընդունված այս պատմական որոշումներից արդեն իսկ կարելի է հասկանալ, թե ինչով էր պայմանավորված Սարգսյանի նման քայլը: Իրականում Աստանա չմեկնելու փաստը չի նշանակում, թե Հայաստանը չի միանում Մաքսային տնտեսական միության ձևավորմանն ուղղված ինտեգրացիոն գործընթացներին: Դեռևս այս տարվա մարտին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք չշարունակել ինտեգրացիոն գործընթացները: Ինչպե՞ս մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, կապել Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ տնտեսական կամ քաղաքական մեր հետագա ճակատագիրը կապել մեկ այլ երկրի կամ մեկ այլ միության հետ՝ ի հաշիվ մյուսի»: Դրանից գրեթե մեկ ամիս անց ՀՀ կառավարությունը` ի դեմս այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` ի դեմս նախագահ Վիկտոր Խրիստենկոյի, Երեւանում ստորագրեց գործակցության Հուշագիր, որում նշվում էր, թե դրա համար հաշվի է առնվել «Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, ճանաչելով փոխշահավետ տնտեսական փոխգործակցություն զարգացնելու նպտակով երկխոսություն հաստատելու Կողմերի ձգտումը»: Որքան էլ այս հուշագիրը հռչակագրային բնույթ ուներ, այն հստակ ամրագրում էր Հայաստանի կողմից եվրասիական տարածաշրջանում տնտեսա-քաղաքական ինտեգրացիոն պրոցեսներում ներգրավվելու պատրաստակամությունը: Եվ այս իմաստով Սերժ Սսարգսյանի` չմեկնելու գործոնը էական նշանակություն ունենալ չի կարող:
Խնդիրն այն է, սակայն, որ եթե ՀՀ նախագահը մասնակցեր այդ պատմական նիստին, անմիջապես խնդիրներ էր հարուցելու եվրոպացի գործընկերների հետ հարաբերություններում` եվրաինտեգրացիոն գործընթացների համատեքստում, որոնց շրջանակում արդեն տարեվերջին լուրջ զարգացումներ են սպասվում: Մասնավորապես` ԵՄ-ի հետ ստորագրվելու են ասոցացման, ինչպես նաև ազատ ու համապարփակ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագրերը: Աստանայի հանդիպմանը մասնակցությունը կարող էր հզոր հարված հասցնել այդ գործընթացին, որը խիստ անհրաժեշտ է կառավարությանը, առաջին հերթին` դրանցից ակնկալվող ֆինանսական աջակցությունից չզրկվելու համար: Ինչպես հայտնի է, այդ համաձայնագրերի ստորագրմանն արդեն կարող է հաջորդել դոնորների համաժողովի կազմակերպումը ԵՄ-ի կողմից, որը լուրջ ֆինանսական ներարկումներ է խոստանում Հայաստանին: Սա կարող է նշանակել, որ պաշտոնական Երևանն ի սկզբանե իրազեկված է եղել Աստանայում կայացվելիք որոշումներից, և Սերժ Սարգսյանի չայցելելը կարող էր նաև փոխպայմանավորվածության արդյունք լինել: Թեև, մյուս կողմից, չի կարելի նաև բացառել, որ նման քայլով Երևանը փորձում էր ընդամենը փոքրիկ կսմիթներով Ռուսաստանին հասկացնել իր դժգոհությունը գազի մատակարարման սակագնի հարցում զիջումների չգնալու հետ կապված իրեն փաստի առջև կանգնեցնելու կապակցությամբ: Պատահական չէր, թերևս, որ Սարգսյանը մինչ այդ հրաժարվեց նաև մասնակցել Բիշքեկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթաժողովին:
Ինչևէ, կարելի է արձանագրել, որ Եվրասիական միության ստեղծման գործընթացն արդեն մեկնարկել է, ինչը չափազանց լուրջ խնդրի առջև է կանգնեցնում առաջին հերթին Հայաստանի դիվանագիտական կորպուսին, որը ստիպված է լինելու ցուցադրել միաժամանակ ռուսական ու եվրոպական լարերին խաղալու իր ողջ ճարպկությունը` այդ լարերի շարունակական նեղացման պայմաններում: Խնդիրն այն է, որ Աստանայում կայացված որոշումները Հայաստանին էլ ավելի են մոտեցնում եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն ուղղությունների միջև ընտրություն կատարելու ջրբաժանին, և հարցն այն է, թե որքան կդիմանա այս երկկողմանի ճնշմանը թե' մեկից ու թե' մյուսից հսկայական կախվածության մեջ գտնվող երկրի իշխանությունը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ