Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԳՆ-ում հրաժարականների շքերթը շարունակվում է. այսօր հաստատվեց օրերս տարածված տեղեկությունները ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հրաժարականի մասին։ Պաշտոնապես ՀՀ կառավարությունը հայտնեց, որ վարչապետի որոշմամբ՝ Շավարշ Քոչարյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:
Վերոնշյալ հոդվածի 1-ին մասում ասվում է՝ նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Հարկ է նշել նաև, որ Շավարշ Քոչարյանը դեռևս անցյալ տարի, ըստ օրենքի, պետք է հեռացած լիներ պաշտոնից կենսաթոշակային տարիքի պատճառով, սակայն շարունակել էր պաշտոնավարել։
Հիշեցնենք նաև՝ Արցախի նախկին արտգործնախարար, Հայաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը ևս հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Նախօրեին հրաժարական տվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Իսկ ավելի վաղ՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, ում հրաժարականի դիմումը, ըստ էության, առաջինն էր։
168․am-ի աղբյուրների փոխանցմամբ, հրաժարականների դիմումներ են ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Արա Այվազյանը։
Մեր հավաստի տեղեկությունների համաձայն, դիմումները գրված են, սակայն դեռ հայտնի չէ՝ հասե՞լ են դրանք արդյոք ՀՀ կառավարություն՝ հաստատման, թե՞ ոչ։
168․am-ը փորձեց այս տեղեկատվության շուրջ մանրամասներ պարզել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, ով ասաց, որ բոլոր փոխնախարարներն այս պահի դրությամբ աշխատավայրում են։ «Եթե լինի նրանց աշխատանքից ազատելու որևէ բան, ապա կլինի համապատասխան հրաման։ Եթե չկա, ես որևէ այլ բան չեմ մեկնաբանում»,- ասաց նա։
ՀՀ ԱԳՆ խոսնակը չհերքեց մեր տեղեկությունը, այլ ասաց, որ պետք է սպասել հրամանի։