կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 23:45
Հասարակություն

Հաշմանդամների ուսման զեղչի փոխարեն վարչապետի ձեռագրի գովազդ․ ընդդիմադիր պատգամավորները տարակուսած են

Հաշմանդամների ուսման զեղչի փոխարեն վարչապետի ձեռագրի գովազդ․ ընդդիմադիր պատգամավորները տարակուսած են

Ամանորյա այդ չափի ծախսերին ԲՀԿ խմբակցությունը կտրականապես դեմ է եղել ՝ Yerkir.am-ին ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Տոնն իհարկե, կարելի է նշել, բայց  ոչ այդ աստիճանի: Եթե բյուջեում գումար չկա և ստիպված ենք նոր վարկեր վերցնել, ինչո՞ւ է մեկ միլիոն դոլարից ավելի ծախսվում Ամանորի համար»,-տարակուսեց նա:

Խոսքը պետական վերջին վարկային պայմանագրերի մասին է։ ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Yerkir․am-ին ասաց, որ շոշափելի և անշոշափելի ոչ մի առաջընթաց դրանք չտվեցին, բայց բյուջեի վրա ծանր բեռ դարձան։

«Մեր համակարգային փոփոխությունների համար գումար չկար, բայց Փաշինյանի ստորագրությունն ամբողջ երկրով գովազդվեց, պետության հաշվին ինչ-որ գորգեր լվացվեցին, քաղաքացու տոն նշվեց և այլն: Ի տարբերություն մեր առաջարկների, սրանք ոչինչ չտվող ծախսեր են»,-ասաց Գորգիսյանը:

Արման Աբովյանի դիտարկմամբ՝ կառավարության վարկային պայմանագրերը չարդարացված ու անհիմն են։

«Մենք դեմ ենք քվեարկել այդ որոշմանը, որովհետև դեմ ենք անընդհատ կրկնվող վարկային պատմություններին, մանավանդ, երբ բացատրություն չկա՝ ինչին է ծառայելու այդ գումարը»:

Գորգիսյանը համաձայն է՝ այդ վարկային պայմանագրերը, տոկոսադրույքի ու ժամկետի առումով, աննախադեպ են, բայց դա քիչ է դրանք ողջունելու համար.

«Մեզ համար անընդունելի ու անհասկանալի էր, որ այդ գործարքը բերվել է տարվա վերջ՝ արտահերթ ռեժիմով, երբ դա  2019թ. բյուջեով նախատեսված վարկ է։ Զարմանալի էր նաև՝ ինչու է տարվա համար նախատեսված վարկը հաստատվում,  երբ տարվա ավարտին մնացել է 18 օր: Չէ՞ որ արդեն տարվա բոլոր ծախսերն արված են, այս պարագայում այդ վարկառությունն անհիմն էր, ու՞ր են գնալու այդ գումարները»:

Ամանորին հատկացված գումարը ԼՀԿ-ի տեսանկյունից ևս քննադատելի է։ Այն մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարիներին արված ծախսերը։

«Մենք ունեինք տարբեր նախագծեր, որոնք կառավարությունը հավանության չարժանացրեց՝ պատճառաբանելով, որ գումար չկա: Բայց մենք առաջարկում էինք, օրինակ, երրորդ կարգի հաշմանդամների համար ուսման զեղչ, բանակից զորացրվածներին բժշկական հետազոտություն ու համապատասխան բուժում: Այսպիսի առաջարկները մերժվեցին ու հաստատվեցին վարչապետի ստորագրությունների ու բարեմաղթանքների գովազդային արշավները, որոնք հսկայական գումարներ դուրս բերեցին պետական բյուջեից»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:

Գևորգ Գյուլումյան