կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 17:21
Իրավական

Միասին են ապրում, բայց ամուսինը քրեական պատասխանտվության կենթարկվի կնոջը փախցնելու համար

Միասին են ապրում, բայց ամուսինը քրեական պատասխանտվության կենթարկվի կնոջը փախցնելու համար

24-ամյա Մխիթարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին աղջկա հանդեպ բռնություն կիրառելու և նրան առևանգելու համար: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում տուժողի աթոռին նստած էր արդեն իսկ նրա փաստացի կինը` Անահիտը, ով ոչ միայն ներել է Մխիթարին, այլև համերաշխ ապրում է նրա հետ մի հարկի տակ:

 

Մեղադրյալի ինքնությունը պարզելուց հետո դատարանը` Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, կողմերին ներկայացրեց նրանց իրավունքներն ու պարտականությունները դատավարության ընթացքում: Այնուհետև մեղադրյալն իր փաստաբանի միջոցով միջնորդեց գործը քննել արագացված կարգով, քանի որ ինքն իրեն մեղավոր է ճանաչում:

 

Սակայն մեղադրանքը պաշտպանող դատախազն առարկեց` նշելով, որ այդ դեպքում անհնար կլինի լսել տուժողի դիրքորոշումը, ինչպեսև ճշտել գործով անցնող երկու անձանց ինքնությունը: Դատարանը մերժեց ամբաստանյալի միջնորդությունը:

 

Որոշվեց նաև ապացույցների հետազոտման կարգը` նախ կհարցաքննվեն վկաները, տուժողը, այնուհետև կհետազոտվեն փաստաթղթերը, որից հետո ցուցմունք կտա մեղադրյալը: Այսօր դատարան չէր ներկայացել վկաներից և ոչ ոք:

 

Տուժող Անահիտը դատարանին ներկայացրեց գործով որպես վկա անցնող իր մոր` Ժաննայի դիմումը, որով խնդրում էր հարգելի համարել բացակայությունը, քանի որ վատառողջ է: Դիմումում վկան նշել է նաև, որ ոչ մի բողոք չունի Մխիթարի դեմ: Սակայն մեղադրյալի փաստաբան Գարիկ Գալիկյանից տեղեկացանք, որ հենց մոր դիմումի հիման վրա է ոստիկանությունում գործ հարուցվել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան Գարիկ Գալիկյանը պատմեց, որ Մխիթարն ու Անահիտը երկար ժամանակ ընկերություն են արել, հետո մի որոշ ժամանակ շփվել են միայն սոցցանցերի միջոցով, աղջիկը տատանվել է: Մի օր էլ հանդիպել են, տղան Անահիտին նստեցրել է տաքսի ու գնացել են Աբովյան քաղաք:

 

«Այնտեղ ասել է, թե` քեզ հետ տանեմ, աղջիկը չի համաձայնել: Երեք օր ամբաստանյալի տանն են ապրել: Դրանից հետո մայրը եկել է` աղջկան տարել, հետո ոստիկանությունում դիմում է տվել: Որոշ ժամանակ անց հաշտվել են: Սակայն սա մասնավոր գանգատի հիման վրա գործ չէ, չի կարող կարճվել»,- ասաց փաստաբանը:

 

Նա նաև նշեց, որ Մխիթարին մեղադրանք առաջադրելուց հետո նրա հանդեպ խափանման միջոց է կիրառվել կալանքը, նա մոտ 3 ամիս ազատազրկված է եղել, սակայն մոտ 1.5 ամիս առաջ բավարարվել է խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը և գրավի դիմաց նրան ազատ են արձակել: Կալանքից դուրս գալուց հետո Անահիտն ու Մխիթարը միասին են ապրում և նույնիսկ դիմել են ՔԱԿԳ` ամուսնությունը գրանցելու համար: