կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-21 12:07
Քաղաքական

Եթե պաշտոնյան չկարողանա հիմնավորել իր եկամուտների օրինական հիմքերը, կենթարկվի քրեական պատասխանատվության

Եթե պաշտոնյան չկարողանա հիմնավորել իր եկամուտների օրինական հիմքերը, կենթարկվի քրեական պատասխանատվության

Դեռևս անցած տարվա փետրվարին կառավարությունը որոշում կայացրեց ստեղծել Հակակոռուպցիոն խորհուրդ: Այս գաղափարը ողջունեցին միջազգային կազմակերպությունները, հայտարարեցին նաև, որ պատրաստ են ֆինանսավորել հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքները: Խորհուրդը ղեկավարում է Հովիկ Աբրահամյանը:  

Հակակոռուպցիոն խորհրդի նիստերի ընթացքում իր առաջարկներն է ներկայացրել  նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը: Նա Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց այն առաջարկների մասին, որոնք ներկայացրել է Հակակոռուպցիոն խորհրդի հերթական նիստում:

Ըստ Զադոյանի` ինքը ներկայացրել է իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման և օֆշորային գոտիներից պետական գնումների մասնակցության արգելքի սահմանման վերաբերյալ, ինչպես նաև ապօրինի հարստացման քրեականացման և անկախ հակակոռուպցիոն մարմնի հետ կապված ուսումնասիրությունների հարցերը:

«Նախ կարևոր է հասկանալ` ի՞նչ է իրական սեփականատերը: Սահմանումը տրվում է Եվրամիության 4-րդ հրահանգի 3.6 հոդվածում: Իրական սեփականատերը ցանկացած ֆիզիկական  անձ է, ով տիրապետում և վերահսկում է ընկերությունը, և որի անունից իրականացվում է գործարքը կամ գործունեությունը: Շատ դեպքերում, նաև` Հայաստանում, պետական գնումներին մասնակցում են ընկերություններ, որոնց իրական սեփականատերերը հայտնի չեն, օրինակ` օֆշորում գրացված  ընկերություններ, որտեղ երևում է, որ սեփականատերերն իրավաբանական  անձինք են` նույնպես օֆշորային այլ գոտիներում գրանցված, բայց իրական սեփականատերերը չեն երևում: ԵՄ-ն այսօր գնում է այն քաղաքականությանը, որ արդեն  2017 թվականից Եվրոպական Միության պետությունները կարողանան հիմնել կազմակերպությունների իրական սեփականատերերի ռեգիստրներ ու բացել այդ տվյալները: Սա  շատ կարևոր է: Նման միջազգային փորձ կա նաև ԱՄՆ-ում, Համաշխարհային բանկի քաղաքականությունում և այլն»,- ասաց Զադոյանը` հավելելով, որ տարբեր պետություններ արդեն որդեգրել են նման քաղաքականություն, այդ թվում` Բուլղարիան, Սլովակիան, Սլովենիան: 

«Մենք կառավարության հակակոռուպցիոն խորհրդին առաջարկել ենք հետևյալը` նախ` պետք է գնումներն իրականացնող պետական մարմնին հասանելի լինենի գնումներին մասնակից  ընկերությունների իրական սեփականատերերի տվյալները, դրանք պետք է հասանելի լինեն նաև հանրությանը: Այս հարցերը շատ կարևոր են և միջազգային պրակտիկայում ընդունված կարգավորումներ են: Եթե դու հրապարակես քո իրական սեփականատերերին, չես ունենա շահերի բախում,  իսկ շահերի բախման խնդրով արդեն պետական այլ մարմիններն են  զբաղվելու, բնականաբար, իրավունք կունենաս մասնակցելու: Եթե ունենաս շահերի բախման խնդիր, ապա իրավունք չես ունենա մասնակցելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա ներկայացրեց մյուս հարցերը, որոնք ևս բարձրացվել են նիստի ընթացքում: «Մյուս հարցը, որին անդրադարձ է եղել, ինստիտուցիոնալ մարմնի հետ կապված վերլուծություններն են: Արդարադատության նախարարի` այս տարվա հունվարի 22-ի թիվ 18 ա հրամանով ստեղծվել էր ինստիտուցիոնալ մարմնի իրականացումն ուսումնասիրող աշխատանքային խումբ, որում նաև Հայաստանի ՀԿ-ների հակակոռուպցիոն  կոալիցիաներն են ներառված, ինչպես նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի և արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Շուրջ 35 երկրի փորձ է ուսումնասիրվել: Երկու մոդել առաջարկեցինք: Առաջինը  ունիվերսալ մոդելն է,  որը ներառելու է կարևորագույն  գործունեության ուղղություններ` հակակոռուպցիոն կրթություն, հակակոռուպցիոն կանխարգելում և երրորդ`իրավական գործունեություն, այսինքն` քննչական գործունեություն, որտեղ կքննվեն բոլոր հանցագործությունները»,- ասաց Զադոյանը և ընդգծեց, որ բոլոր երեք գործառույթները փոխլրացնող են:

«Այստեղ նաև ռեսուրսների մոբիլիզացիա է գնում, որպեսզի  ռեսուրսների անտեղի ծախսեր չլինեն, և բացառվում է գերատեսչական շահը:  Երբ  մրցակից` նույն ֆունկցիաները կատարող երկու գերատեսչություններն ավելի շատ իրենց գերատեսչական շահն առաջ տանեն, արդյունավետ չեն լինի աշխատանքները: Այս մոդելի անհնարինության դեպքում մենք առաջարկեցինք երկրորդ մոդելը` կանխարգելիչ, կրթական  գործառույթները`  մեկ կանխարգելիչ մարմնում, իսկ իրավապահ-քննչական  գործառույթները` երկրորդ` քննչական մարմնում:  Այս դեպքում վարչապետի կողմից հանձնարարական տրվեց, որպեսզի արդարադատության նախարարությունը  ոլորտային  կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում  վերջնական  ներկայացնի մոդելները, որից հետո Հակակոռուպցիոն կենտրոնը կընտրի`  որ մոդելով Հայաստանն առաջ կշարժվի»,- նշեց Կարեն Զադոյանը:

Նրա խոսքով` իրական սեփականատերերի հարցով ևս արդարադատության նախարարությանը հանձնարարականներ են տրվել` երկամսյա ժամկետում օրենսդրական փաթեթ ներկայացնել կառավարություն և խորհրդարան:

«Խոսել ենք նաև ապօրինի հարստացման քրեականացման հետ կապված հարցի մասին: Սա նույնպես ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ  կոնվենցիայի 20-րդ հոդվածի պահանջն է, իսկ այն նախատեսում է, որ յուրաքանչյուր  անդամ  պետություն կարող է դիտարկել այնպիսի  իրավական  կամ այլ միջոցների ընդունում, որոնք կարող են անհրաժեշտ լինել` քրեականացնելու համար մեղավորությամբ կատարված  ապօրինի հարստացումը, այն է` հանրային ծառայողի ունեցվածքի  էական  աճը, որը նա չի կարողանում ողջամտորեն հիմնավորել` իր իրավաչափ եկամուտի առնչությամբ»,- ասաց Զադոյանը և հստակեցրեց, որ  սա նշանակում է, որ մենք Քրեական օրենսգրքում կունենանք  հոդված, ըստ որի` եթե պաշտոնատար անձը, հանրային ծառայողը չի կարող  դատարանի առաջ հիմնավորել  իր եկամուտների  օրինական հիմքերը, կենթարկվի քրեական պատասխանատվության: 

«Այս հարցով ևս 20 երկրների ուսումնասիրության փորձ կա, և, այդ  արդյունքները ներկայացնելով, առաջարկեցինք, որպեսզի  ապօրինի հարստացումը Հայաստանում քրեականացվի: Այս հարցով ևս հանձնարարական տրվեց արդարադատության նախարարությանը` համպատասխան փաթեթը պատրաստել երկամսյա  ժամկետում`ԱԺ ներկայացելու  համար»,- եզրափակեց Զադոյանը: