Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում վերջին տարիների ընթացքում հանցագործությունների աճի ակնհայտ միտում է նկատվում: Մասնավորապես` եթե 2004-2007 թվականներին դրանց քանակը նվազել է` 11073 դեպքից հասնելով 9271-ի, ապա 2007-ից հետո պատկերը բոլորովին հակառակն է` 14339 դեպքից հասել է 18333-ի:
Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից կատարված` Հայաստանում հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոնների որակական և քանակական հետազոտությունից:
2013 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստանում գրացված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 16.2 տոկոսով: «Չի բացառվում, որ գրանցված հանցագործությունների թվաքանակի աճը վերջին տարիներին հանցագործությունների գրանցման հետ կապված աշխատանքների բարելավման արդյունք է, ինչն, իր հերթին, նպաստել է հանցավորության լատենտային մասի նվազմանը»,- նշվում է հետազոտության մեջ:
Վերջին տարիներին ավելացել է նաև կանանց կողմից կատարվող հանցագործությունների թիվը: 2013 թվականին քրեական պատասխանատվության ենթարկված կանանց թիվը կազմել է ՀՀ տարածքում բացահայտված հանցագործությունների 13.4 տոկոսը (12023 դեպքից 1613-ը), 2012 թվականին այդ ցուցանիշը եղել է 11.6 տոկոս (12264 դեպքից 1420-ը):
Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը վերջին երկու տարիների ընթացքում էականորեն նվազել է` մոտ 100 դեպքով: Հետոզոտության հեղինակները նշում են, որ դա պայմանավորված է իրավախախտ անչափահասների հետ աշխատող վերականգնողական կենտրոնների աշխատանքի արդյունավետությամբ, որտեղ անչափահասներն ուղղորդվում են ոստիկանների կողմից:
Վերջին չորս տարիների կտրվածքով` բացահայտված հանացագործությունների մոտ կեսը կատարվել են 30-49 տարեկան անձանց կողմից: Թեև հետազոտության հեղինակները նշում են, որ, հաշվի առնելով բնակչության թվաքանակը, ամենամեծ մասնաբաժինը 25-29 տարիքային խմբինն է:
2013 թվականին ՀՀ-ում բնակվել է 25-29 տարեկան 103416 անձ, և այդ տարիքային խմբի կողմից կատարված հանցագործությունների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 1872 (1.81 տոկոս): Այնինչ` 30-49 տարեկան 288035 անձանց կողմից կատարված հանցագործությունների թիվը եղել է 4903 (1.7 տոկոս):