կարևոր
3829 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-24 22:58
Արցախ

Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ միտում ունենալով վերջակետ դնել Արցախյան հարցին

Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ միտում ունենալով վերջակետ դնել Արցախյան հարցին

Ադրբեջանի կողմից Հակարիի կամուրջը փակելն ու անցակետի տեղադրումը Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան կետերը չպահպանելու քաղաքականության շարունակությունն է: Այս մասին ապրիլի 24-ին Ստեփանակերտի հուշահամալիրում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

«Պետք է ասեմ, որ սպասելի էր: Կարծում եմ, քաղաքական գործիչները և պետական այրերը պետք է կանխատեսեին: Սա, բնականաբար, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի քաղաքական վարքագծի շարունակությունն է, երբ Ադրբեջանը Թուրքիայի գործակիցը լինելով, պատերազմ սանձազերծեց: Ադրբեջանն ամեն ինչ անում է չակերտյալ խաղաղության պայմանագիրը ստորագրելու Հայաստանի հետ՝ դրանով Արցախյան հարցին վերջակետ դնելու միտումով: Կարծում եմ, երեկվա քայլը Արցախի հիմնահարցը վերջնականապես մոռացության տալու ակտ էր, որը չպետք է աննկատ մնա ոչ միայն մեր իշխանությունների, այլև տարածաշրջանում շահագրգիռ դերակատարների կողմից»,-հավելեց Դ. Իշխանյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա խորհրդին՝ նա նշել է, որ Թուրքիայում 100 տարվա ընթացքում բազմաթիվ իշխանություններ են փոխվել, բայց թուրքական քաղաքականությունը մնացել է նույնը: «Թուրքական քաղաքականությունը, որդեգրելով պանթյուրքիզմի և թուրանական պետության ռազմավարությունը, ոչ մի խոչընդոտի առջև կանգ չի առնում: Ինչպես 108 տարի առաջ, այնպես էլ վերջին 30 տարիների ընթացքում թուրքական պետությունն իրականացնում է ագրեսիվ քաղաքականություն ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհաքաղաքական առումով:

Թուրքական քաղաքականության առաջին զոհերից մեկը, ինչպես 20-րդ, այնպես էլ 21-րդ դարասկզբին, հայ ժողովուրդն է: Անշուշտ, եթե 100 տարվա ընթացքում թուրքական քաղաքականությունը չի կարողացել իր նպատակին հասնել, նշանակում է, որ խոչընդոտներ եղել են: Այդ շրջանակում պետք է դիտարկել նաև Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ ընդհանուր շահերն ու հակասությունները: Խոսքը Արևմուտքի և Ռուսաստանի, Ռուսաստանի և Պարսկաստանի մասին է:

Թուրքական քաղաքականությանը խոչընդոտելը պետք է համընկնի հայկական քաղաքականության շահերին: Սա կարևոր է, որպեսզի մենք ճիշտ ընկալենք, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել»,-ասել է պատգամավորը՝ շեշտելով, որ ըստ այդմ պետք է իրատեսական կանխատեսումները կատարել և ունեցած սահմանափակ հնարավորություններով ճիշտ ռազմավարություն մշակել:

Դավիթ Իշխանյանը կարևորել է օրվա իշխանությունների ընդհանուր քաղաքականությունը, այն տեսանկյունից, թե ինչպիսի սկզբունքների վրա է ձևավորվում: «Պիտի անդրադառնամ նաև պահանջատիրությանը, ինչը կարևոր սկզբունք է: Պատահական չէ, որ տասնամյակներ շարունակ խոսում էինք պահանջատիրության մասին: Ցավոք, ցեղասպանության ճանաչման գործընթացին զուգահեռ չէինք խոսում հատուցման մասին: Բայց վերջին տասնամյակներում հատուցման պահանջները դարձրել ենք առօրյա խնդիր: Կարծում եմ, ճանաչումը և հատուցումն այն կարևոր բաղադրիչներն են, որոնք պետք է ընդունել որպես ընդհանուր քաղաքական ուղղություն»,-մանրամասնեց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը և իր իշխանությունները, պարտավոր են տեր կանգնել հայության շահերին, իրավունքներին:

Գայանե Գևորգյան