Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մտահոգոված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունից, որովհետև Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ համաձայն են եղել և այդ կետերի շուրջ բանակցել են` իրենց իշխանությունը պահպանելու համար:
Yerkir.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ, այդ հարցի հետ կապված, «Ժառանգություն» կուսակցությունն ունի իր հստակ դիրքորոշումը:
«Մեզ համար անընդունելի են Մադրիդյան սկզբունքները, այդ շրջանակներում Ուորլիքի բարձրաձայնած կետերը նույնպես անընդունելի են: Կա ԼՂ անկախության իրավական ամբողջական փաթեթը: ԼՂ-ն անկախացել է ինչպես ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան, այնպես էլ` միջազգային բոլոր իրավական ակտերին համապատասխան, ուստի նոր կամաարտահայտության խնդիր չենք տեսնում: ԼՂ-ի անկախությունը իրավական առումով ապահովված է, ունի անկախ պետության բոլոր ինստիտուտները, իսկ ազատագրված տարածքները ԼՂ հողերն են, որոնք Ստալինի կառավարման ժամանակ այնպես արեցին, որ այդ հողերը առանձնացվեցին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` շեշտելով, որ այդ հողերը հենց հայկական պատկանելություն են ունեցել:
Նրա խոսքով` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ որևէ երկիր որևէ երաշխիք չի կարող տալ, որ իրեն տրված երաշխիքները կաշխատեն: 1994թ. Ուկրաինային միջուկային զենքից հրաժարվելու դիմաց Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը խոստացան ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության անվտանգությանր, այլ նաև տնտեսական երաշխիքներ, բայց ընդամենը 20 տարի անց, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, հենց երաշխիք տվող պետությունը` Ռուսաստանը, Ղրիմը վերցրեց իրեն:
«Սա ցույց է տալիս, որ ներկա ժամանակաշրջանում այդ միջազգային երաշխիքները որևէ դերակատարություն չունեն, հակառակ պարագայում` այդ միջազգային երաշխավորները նախ թող Սևրի պայմանագրով Հայաստանին հասանելիք հողը տան, նոր հետո խոսեն մնացածի մասին»,- ասաց նա:
Մարտիրոսյանը նաև նշեց, որ Ուորլիքի հայտարարության մեջ դրական շեշտադրում էլ կար, դա այն է, որ առաջին անգամ խոսվում է ԼՂ-ի անկախ սուբյեկտ լինելու մասին` չդիտելով ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս: Եվս մի դրական պահ կա այդ հայտարարության մեջ, որովհետև մի քանի օր առաջ Ադրբեջանում ՌԴ դեսպանը ասել էր, որ ԼՂ-ն միանշանակ Ռուսաստանը Ադրբեջանի կազմի մեջ է տեսնում, և Հայաստանից որևէ հայտարարություն կամ աղմուկ չեղավ, ոչ էլ Ռուսաստանից ետ կանչեցին այդ դեսպանին: Ստացվում է, ըստ Ա. Մարտիրոսյանի, որ ՌԴ դեսպանն արտահայտել է հենց Ռուսաստանի տեսակետը: Այս առումով Ուորլիքը հայտարարեց, որ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ որևէ երկիր փորձի միակողմանի կերպով ստատսու քվո խախտել Ղարաբաղի հարցում:
Իսկ, ըստ նրա, հայտարարության բացասական մասն այն է, որ խոսվում է ազատագրված տարածքների վերադարձի մասին, ինչը ընդունելի չէ, ինչպես նաև խոսվում է փախստականների վերադարձի մասին, երբ հայտնի չէ, թե որ փախստականների մասին է խոսքը` ո՞ր տարածքների փախստականների մասին և ի՞նչ իրավունքներով:
«Ազատագրված տարածքները միանշանակ պատկանում են Ղարաբաղին` իրենց Սահմանադրության համապատասխան: Մի դրույթ էլ կա, որ մտահոգիչ է, դա խաղաղապահների վերաբերյալ կետն է: Երեք կողմերի ջանքերով ստեղծած խաղաղությունը ավելի ընդունելի է, քան խաղաղապահների միջոցով, որը կարող է բերել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության խախտման»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: