կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-26 16:18
Քաղաքական

Պետք է միտինգ անենք և ասենք` սիրելի ժողովուրդ, ազատագրված տարածքները հանձնո՞ւմ ենք. Բաղդասարյան

Պետք է միտինգ անենք և ասենք` սիրելի ժողովուրդ, ազատագրված տարածքները հանձնո՞ւմ ենք. Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԼՂ հակամարտության հանգուցալուծում չի տեսնում:

Լրագրողների հետ խորհրդարանում զրուցելիս նա անդրադարձավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, որ, եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ավելի վճռական և որոշիչ քայլերի ձեռնամուխ լինեն: «Այն տարբերակներին, որոնք քննարկվում են, և' Արցախի, և' Հայաստանի, և' Ադրբեջանի ժողովուրդները կարծես թե դեմ են: Ես չեմ պատկերացնում, թե ինչ կարգավորումներ կարող են լինել, և թե ինչպիսի ընդհանուր հայտարար կարող է լինել: Պետք է պարզապես մի քիչ ավելի բաց տեքստով խոսեն, թե ինչ պայմանների դեպքում են այդ հանգուցալուծումը պատկերացնում»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ, անկախ ընտրությունների ելքից, չի կարծում, որ ընտրությունների արդյունքները կարող են օգտակար կամ խանգարող հանգամանք լինել հակամարտության կարգավորման համար:

Դիտարկմանը` իշխանությունը վայելում է ժողովրդի աջակցությունը, և եթե նման իշխանությունն առաջարկում է տարբերակ, կարող է և ընդունելի լինի ժողովրդի կողմից, Բաղդասարյանը պատասխանեց. «Այսինքն` պետք է հրապարակում միտինգ անենք և ասենք` սիրելի ժողովուրդ, մենք ազատագրված տարածքները հանձնո՞ւմ ենք, և այդ աջակացության ներքո ժողովուրդը պետք է տա համաձայնությո՞ւն, պետք է հե՞տ վերադարձնի մեր ազատագրած տարածքները: Այդպե՞ս եք լուծումը պատկերացնում, ես այդպիսի լուծում չեմ պատկերացնում»:

Հիշեցնելով ԱՄՆ հեռացող դեսպան Միլսի ակնարկը, թե «գրավյալ» տարածքները պետք է վերադարձնել, Բաղդասարյանն ասաց. «Նախ` մենք չունենք գրավյալ տարածքներ, և ետ վերադարձնելու հարց չի քննարկվում: Մենք ունենք առաջնահերթ խնդիր` ԼՂ ինքնորոշման ճանաչման խնդիրը: Առաջնահերթ պետք է լուծվի այդ խնդիրը, որից հետո նոր գնա բանակցային փուլ: Թե ինչպիսի պայմաններ կառաջարկվեն բանակցային պրոցեսում, ես չեմ կարող ասել, որովհետև դրա հանգուցալուծումն առայժմ անտեսանելի է»: