Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունը
Հարգելի խորհրդարան
Հանրապետության նախագահի ստեղծած մասնագիտական հանձնախումբը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ է մշակել: Փորձել են վեր հանել ներկայիս համակարգում առկա բացերն ու թերությունները և դրանք վերացնելու առաջարկներ ներկայացնել: Մի դեպքում՝ բարելավել գործող կիսանախագահական համակարգը, մյուս դեպքում՝ անցում կատարել խորհրդարանականի, քանի որ կիսանախագահականի պարագայում հնարավոր չէ բոլոր հարցերին լուծում տալ: Հայեցակարգի հիմնարար դրույթների վերաբերյալ իր անձնական մոտեցումներն է շարադրել Հանրապետության նախագահը:
Այժմ, մինչև հուլիսի 1-ը, պետք է քննարկումներ տեղի ունենան հասարակական տարբեր շրջանակների և քաղաքական ուժերի հետ, որից հետո մասնագիտական խումբը ընտրություն է կատարելու երկու հիմնական ուղղությունների միջև: Ի՞նչ ունենք այսօր: Քաղաքական ուժերի մի մասը կարծում է, որ երկրում սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ կան, և սահմանադրական փոփոխությունները առաջնահերթություն չեն: Նրանք առաջարկում են հետաձգել հարցը՝ հանգուցալուծումը թողնելով ապագա ընտրությունների արդյունքում ձևավորվելիք իշխանություններին:
ՀՅ Դաշնակցության մոտեցումն այլ է: Մենք կարծում ենք, որ առկա խնդիրների գլխավոր պատճառներից մեկը հենց կիսանախագահական մոդելի՝ մեր իրականության մեջ ձևախեղված դրսևորումն է, և պետք է արմատական բարեփոխմամբ անցում կատարել խորհրդարանական կառավարման: Մենք համոզված ենք, որ իշխանության գերկենտրոնացումը վտանգավոր է ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրներում: Մի մեջբերում ֆրանսիացի հայտնի սահմանադրագետ Վեդելից. «Մեծամասնության ղեկավարը լինելու դեպքում Ֆրանսիայի նախագահը իր ձեռքում կենտրոնացնում է ԱՄՆ նախագահի և Բրիտանիայի վարչապետի լիազորություններն ու իշխանությունը, իսկ համակարգը դառնում է ուլտրանախագահական»:
Ասված է ճշգրիտ մեզ համար: Անցումը խորհրդարանական համակարգին զսպումների և հակակշիռների մեխանիզմներ կստեղծի, կապակենտրոնացնի իշխանությունը, գործադիրը պատասխանատվություն կկրի խորհրդարանի առջև, կոլեգիալ կառավարումը ճկուն, թափանցիկ կդարձնի պետական համակարգը:
Քաղաքական ուժերին և հանրությանը մենք կոչ ենք անում՝ մինչև հուլիսի 1-ը ակտիվորեն ներգրավվել քննարկումներում և ապացուցել, որ խորհրդարանական կառավարումը, հավասարակշռելով և հասարակության դերակատարությունը մեծացնելով, իշխանության անընդմեջ վերարտադրություն թույլ չտալու իրական հնարավորություն է:
Միայն այդպիսի ակտիվությունը մասնագիտական հանձնախմբի ինը անդամներին կթելադրի երկրի ապագայի հանդեպ պատասխանատու որոշում կայացնել: Եթե, այնուամենայնիվ, նրանք կգնան կիսանախագահականը բարեփոխելու, մեր կարծիքով, կոսմետիկ և սխալ ճանապարհով, հուլիսի 1-ից հետո բոլորս միասին կարող ենք մերժել ու անտեղի համարել Սահմանադրական բարեփոխումները: