Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելու նպատակով լսումներ է հրավիրել:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներին: Նա նախ նշեց, որ ԲՀԿ-ն մոտ երեք ժամ քննարկել է նախագիծը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ, բայց դա բավարար չէր` հարցերին սպառիչ պատասխաններ ստանալու համար:
Նաիրա Զոհրաբյանը հարցրեց հավաքների ազատության վերաբերյալ առաջարկվող փոփոխության մասին` ասելով, որ մտահոգություն ունի, քանի որ սահմանափակումներ են մտցվում: «Դուք ասացիք, որ 50 հազար ստորագրության դեպքում ժողովուրդը կարող է պահանջել նախագիծ քննարկել ԱԺ-ում, եթե` ոչ, ապա հավելյալ ստորագրությամբ հանրաքվեի է դրվում հարցը: Հավելյալը շատ անորոշ հասկացություն է, որքա՞ն է այդ հավելյալը»,- հարցրեց նա:
Պատգամավորը հիշեցրեց, որ սահմանին շատ լարված վիճակ է, և ԲՀԿ պատգամավորները նիստից հետո շարժվելու են դեպի գնդակոծվող գյուղեր, և որքանո՞վ է նպատակահարմար այս փուլում փոխել կառավարման համակարգը: Նաիրա Զոհրաբյանը շեշտեց` ԲՀԿ-ն կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին, բայց այս փուլում նպատակահարմար չէ կառավարման համակարգ փոխել, եթե Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում:
Նա ևս մեկ մտահոգություն ուներ` կապված կայուն մեծամասնության և երկրորդ փուլի հետ:
Վարդան Պողոսյանը պատասխանեց հարցին` ասելով, որ Վենետիկի հանձնաժողովի հետ պայմանավորվել են, որ եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում ո\'չ առաջին, ո\'չ երկրորդ փուլում, ո\'չ էլ` քաղաքական կոալիցիայի պարագայում, ապա կարող է նախատեսվել ընտրությունների երկրորդ փուլ: Ինչ վերաբերում է հավաքների ազատությանը, ապա փոփոխությունները, ըստ, Վարդան Պողոսյանի, ոչ թե սահմանափակումներ են մտցնում, այլ հնարավորություններ են տալիս: Այսպես՝ ինքնաբուխ հավաքների իրականացումը մտնում է հավաքների ազատության իրավունքի մեջ, և դրա արգելում չի նախատեսվում:
«Սահմանների հետ կապված` հիմա պատկերացրեք, որ մենք ունենանք այնպիսի իրավիճակ, երբ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չունենա պառլամենտական մեծամասնության աջակցություն և իրեն սատարող կառավարություն: Այն համակարգը, որը մենք այսօր ունենք, վատ է այն պատճառով, որ նման իրավիճակներում հնարավորություն չի տալիս, որ երկիրը միասնական ձևով դիմակայի արտաքին մարտահրավերներին: Պառլամենտական համակարգում ռեսուրսներն ու պատասխանատվությունը տարբեր տեղում չեն կարող գտնվել, կան հստակ կարգավորումներ: Եվ պառլամենտական համակարգին այժմ անցնելու հրամայականն այն է, որ իշխանությունը կարող է երկփեղկվել երկրի համար ճակատագրական պահերին: Այնպես որ` խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը կարևոր է հենց այժմ, այլ ոչ մեկ կամ տասը տարի հետո »,- ասաց Վարդան Պողոսյանը: