Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 28-ին պաշտոնական երկօրյա այցով մեկնել էր Մոսկվա: Այս այցը կարելի է ինչ-որ առումով պատմական համարել, քանի որ դրանով ամրագրվեց երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու կողմերի ձգտումը: Մինչ այս Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին ամենատարբեր ձևաչափերով հանդիպել էին 8 անգամ, սակայն դրանցից ոչ մեկի արդյունքների հետ կապված կողմերն այնպիսի գոհունակություն չեն արտահայտել, ինչպես այս անգամ: Նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն, որով իրենց միասնական դիրքորոշումներն են արտահայտել Սիրիայի հիմնահարցի, այլ տարածաշրջաններում առկա կոնֆլիկտների կարգավորման, միջազգային ահաբեկության, իսլամիստական ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական, էներգետիկ, կոմունիկացիոն համագործակցության շրջանակի ընդլայնման վերաբերյալ: Բացի դրանից՝ Մոսկվայում ստորագրվել են երկու տասնյակի հասնող փաստաթղթեր: Չնայած դրանք խոշորածավալ նախագծերի չեն վերաբերում, սակայն մատնանշում են գործակցության խորացման տեսակետից հեռանկարային կոնկրետ ոլորտներ՝ երկաթուղային կոմունիկացիաների, նավթագազային, ատոմային, էլեկտրական, էներգետիկա:
Ռոհանիի այս այցն ուղղակի թե անուղղակի շոշափում էր նաև Հայաստանի շահերը՝ ընդ որում թե՛ բացաասական, և թե՛ դրական կողմերով: Մասնավորապես Պուտին-Ռոհանի համատեղ հայտարարությամբ կողմերը նշում են, որ «շարունակելու են գործնական քայլերը միջազգային տրանսպորտային «Հյուսիս-Հարավ» միջանցքի իրագործման ուղղությամբ, ինչպես նաև ընդգծել են այդ միջանցքին Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծային հատվածը հնարավորինս արագ միացնելու կարևորությունը»: Ինչպես հայտնի է, այս միջանցքի առանցքային դերակատարներից է Ադրբեջանը: Անցած տարի Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Բաքվում կայացավ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի նպատակն էր ձևավորել եռակողմ համագործակցության ֆորմատ՝ հիմնված «Հյուսիս-Հարավ» միջանցքի գաղափարի վրա: Դրա շրջանակներում Բաքուն և Թեհրանը նոր թափ հաղորդեցին երկու երկրների երկաթգծային ցանցերն իրար միացնող վերոնշյալ հատվածի շինարարությանը: Մոսկովյան հայտարարության մեջ այդ կապակցությամբ առկա ձևակերպումներն, իհարկե, թույլ են տալիս ասելու, որ գործնականում այստեղ դեռ լուրջ առաջընթաց չկա: Սակայն ինքնին փաստը, որ Ռուսաստանի և Իրանի նախագահների մակարդակով շեշտվում է այս նախագծերի իրականացումը, վկայում է թե որքան են նրանք մոտենում եռակողմ այդ ձևաչափին: Չի բացառվում, որ հենց Ռոհանիի ռուսաստանյան այցի արդյունքներից ելնելով առաջիկայում Պուտին-Ալիև-Ռոհանի նոր հանդիպում տեղի կունենա: Իրանի նախագահը այն Թեհրանում կազմակերպելու ցանկությունը դեռ անցած տարի է հայտնել: Սա Հայաստանի համար բացասական է նրանով, որ դուրս է մնում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքից:
Փոխարենը, կարծես թե որոշակիանում է ԵԱՀՄ-ին Իրանի ինտեգրման հեռնակարը: Իրենց համատեղ հայտարարության մեջ Պուտինն ու Ռոհանին այս կապակցությամբ ընդգծել են. «Կողմերը ողջունել են ազատ տնտեսական գոտու ստեղծմանը միտված ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագրի ստոարգրման նախապատրաստական աշխատանքների շուտափույթ ամփոփումը»: Ինչպես հայտնի է՝ ժամանակավոր համաձայնագրի ստորագրման խնդիրը ԵԱՏՄ-ում առաջ է մղում Հայաստանը: Այս հարցը քննարկվել էր Ռոհանիի՝ անցած տարվա դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ, որից հետո խնդիրը նախագահ Սերժ Սարգսյանը բարձրացրեց նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերյան նիստում: Նա միաժամանակ շեշտել էր Իրանի հետ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները զարգացնելու և Հայաստանի միջոցով Սև ծովը Պարսից ծոցին միացնող առևտրային-տրանսպորտային միջանցք ձևավորելու ուղղությամբ Երևանի կողմից գործընթաց նախաձեռնելու մասին: Այս իմաստով Ռուսաստանի և Իրանի նախագահների՝ Մոսկվայում կատարած արձանագրումը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել և, մասնավորապես հնարավոր դարձնել շատ մոտ ապագայում Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարի իրականացումը:
Պետք է ենթադրել, որ Հայաստանին է վերաբերում նաև Ռոհանիի Մոսկվա կատարած այցի ընթացքում ռուսական «Գազպրոմ» ընկերության և «Իրանի ազգային նավթային ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Թեև դրա մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն այն կարող է վերաբերել Հայաստանի և Իրանի միջև գազ-էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային փոխանակման գործարքի ընդլայնմանը: Խնդիրն այն է, որ երկու շաբաթ առաջ Կրեմլում հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների շրջանակում «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը տեղեկացրել էր, որ «Գազպրոմ»-ը նախատեսում է լիարժեք օգտագործել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի ներուժը, որը թույլ կտա արդեն ավարտին մոտեցող Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո 2018թ.-ից երեք անգամ ավելացնել Իրանից Հայաստան ներկրվող գազի ու արտահանվող ու Իրան առաքվող էլէներգիայի ծավալները: Եթե սա հաջողվի, շատ ավելի հեռանկարային նախագծեր կարող են ի հայտ գալ՝ արդեն Վրաստանի և Թուրքմենստանի ներգրավմամբ:
Անկախ այս ամենից՝ Իրան-Ռուսաստան հարաբերությունների սերտացումը տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քաղաքական մեծ նշանակություն ունի: Երկու երկրներն ամրագրում են, որ այս տարածաշրջանում ոչ թե մրցակիցների, այլ գործընկերների դերում են հանդես գալիս: Նման մոտեցումը կարող է նպաստել տարածաշրջանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի շահերի բալանսավորմանը: Սա Ռուսաստանին ընկալունակ է դարձնում Իրանի հետ տնտեսկան-քաղաքական կապերը խորացնելու Հայաստանի ձեռնարկումների հանդեպ, պայմաններ ստեղծում նրան ներգրավվելու Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանային էներգետիկ նախագծերում՝ դրանք տորպեդահարելու փոխարեն: Ռոհանիի մոսկովյան այցը հնարավորություններ է բացում Երևանի առջև: Եվ վերջինիս նախաձեռնողականությունից կախված կլինի, թե ինչպես կօգտվի դրանից, ինչքանով կհակակշռի հյուսիսի և հարավի միջև տարածաշրջանային «պրովայդերի» վերածվելու Ադրբեջանի ագրեսիվ ձեռնարկումներին:
Գևորգ Դարբինյան