Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-03-03 17:55
Առանց Կատեգորիա

Ինչ է շահում ու կորցնում Հայաստանը ուկրաինական ճգնաժամից

Ինչ է շահում ու կորցնում Հայաստանը ուկրաինական ճգնաժամից

Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում մարտի 30-ին կայանալիք հանրաքվեն` ուղղված ինքնավարության ավելի բարձր կարգավիճակ ձեռք բերելուն, որն անցկացվելու է ռուսական զինուժի վերահսկողության ներքո, առաջին հայացքից, կարծես, բխում է Հայաստանի շահերից: Նախ` Ռուսաստանը Ուկրաինայից Ղրիմի ամբողջական կամ մասնակի անջատումը, ինչպես նաև Ուկրաինայի տարածք զորք մտցնելու սպառնալիքը ներկայացնում է որպես էթնիկ ռուսների ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխիք, ինչը համապատասխանում է ԼՂ հակամարտությունում Հայաստանի ունեցած դերակատարությանը: Եվ երկրորդ` Ռուսաստանը հիմա գործում է Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության դաշտում: Դա Հայաստանի համար կարող էր հիմք ստեղծել ԼՂՀ ժողովրդի` ինքնորոշման իրավունքն իրացնելու նկատմամբ Ռուսաստանից առնվազն լոյալ վերաբերմունք ակնկալել:

 

Սակայն տվյալ դեպքում խնդիրը որևէ առնչություն չունի միջազգային իրավունքի և ունիվերսալ սկզբունքների հետ: Ռուսաստանը սպառնում է զորք մտցնել Ուկրաինա, որովհետև վտանգված է համարում իր գեոպոլիտիկ ազգային շահերը: Դա է պատճառը, որ Մոսկվան ոչ մի կերպ չի ուզում հասկանալ լեգիտիմ ընտրված նախագահից հրաժարվելու` Ուկրաինայի ժողովրդի ցանկությունը և Մայդան դուրս եկած հսկայական զանգվածներին շարունակում է համարել մոլորյալներ, բանդերականներ, ֆաշիստներ և պարզապես մարգինալներ: Իրողությունները մեկնելով այս նեղ, կայսերապետական տեսանկյունից` Մոսկվան հենց այդ պատճառով չի ուզում Մայդանում ռացիոնալության հատիկ և ժողովրդի կամքի դրսևորում տեսնել: Ղրիմը, ըստ այդմ, նրա ձեռքին զուտ միջոց է` Ուկրաինային և միջազգային հանրությանն իր հետ հաշվի նստել պարտադրելու համար: Եթե այդ շահերը պահանջեին, որպեսզի Ղրիմը ոչ թե ընդլայներ իր ինքնավարության իրավունքները, այլ վերածվեր, օրինակ, Ուկրաինայի գուբերնիայի, Ռուսաստանը կգնար դրան` առանց վարանելու:

 

Իսկ այդ շահերը տարբեր տարածաշրջանններում կարող են տարբեր լինել: Հատկապես Ուկրաինան կորցնելու` գերիրական հեռանկարից ելնելով `Ռուսաստանի համար Հարավային Կովկասը վերջնականապես յուրացնելը կարող է, ինչ-որ պահից սկսած, դառնալ մտասևեեռում` դրանից բխող բոլոր հետևանքներով: Նախ` դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասի երկրների անկախությունն ու ինքնիշխանությունն էլ ավելի սահմանափակելու ձգտումներին, որի թիրախում, բնականաբար, առաջինը Հայաստանն է: Երկրորդ` արևմտյան ճակատում ունեցած ռազմավարական կորուստները Ռուսաստանը կարող է փոխհատուցել հարավային ճակատում նոր ձեռբերումներով, որի համատեքստում կարող է խաղարկվել ղարաբաղյան խաղաթուղթը: Բավական կլինի ընդամենը սահմանային` համեմատաբար ավելի լուրջ բախում հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև, և դա կարող է առիթ դառնալ Մոսկվայի համար` հակամարտության գոտի «խաղաղարարներ» մտցնել` հիմք ընդունելով ՀԱՊԿ-ի և Հայաստանի հետ երկկողմ ռազմաստրատեգիական համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորությունները:

 

Ուկրաինական ճգնաժամի խորացմանը զուգահեռ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ադրբեջանը զորք ու զինտեխնիկա է կուտակում Հայաստանի և ԼՂՀ-ի հետ սահմանների ողջ երկայնքով: Դժվար է ասել` ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Բաքուն, բայց եթե նա պատրաստվում է օգտվել Ռուսաստանի` Ուկրաինայում թաղված լինելու իրավիճակից, ապա պետք է նկատի ունենա, որ ցանկացած արկածախնդրության դեպքում կարող է առհասարակ կորցնել նույնիսկ ԼՂ-ին հարակից այն շրջանները, որոնց վերադարձման խնդիրը քննարկվում է բանակցություններում: Մեծ հաշվով` հայկական կողմի համար դա կնշանակի ԼՂՀ-ի կարգավիճակի` միջազգայնորեն ճանաչման բոլոր հնարավորություններից զրկում: Բայց սա, կարծես, այն է, ինչ հայաստանյան իշխանությունների լուռ համաձայնությամբ իր նամակում Պուտինին խորհուրդ էր տալիս Զորի Բալայանը:

 

Ուկրաինական ճգնաժամի խորացումը Հայաստանի համար հղի է վտանգավոր հետևանքներով: Միջազգային հանրությունը, ավելի ճիշտ` ԱՄՆ-ը և ԵՄ-ն առայժմ ընդամենը քաղաքական, դիվանագիտական ճնշումներ են գործադրում Մոսկվայի վրա` Ուկրաինա զորք չմտցնելու համար: Նրանք հրաժարվում են մասնակցել  «Մեծ ութնյակ»-ի` Սոչիում նախատեսված գագաթաժողովին, ԱՄՆ-ը սպառնում է մեկուսացման ենթարկել Ռուսաստանին և այլն: Սակայն արդեն պարզ է, որ եթե կողմերը չկարողանան իրավիճակը հաղթահարելուն ուղղված քայլեր ձեռնարկել, զարգացումները կարող են սահուն կերպով տեղափոխվել զինված բախումների հարթություն` կապված Ղրիմի ինքնորոշման հանրաքվեն կանխելու` Ուկրաինայի ներկայիս իշխանությունների և հատկապես գործնականում անվերահսկելի դարձած ուկրաինական ազգայնական խմբավորումների ձգտումների հետ: Անգամ մի փոքրիկ սադրանքը բավարար կլինի, որպեսզի Պուտինը որոշի օգտվել Սենատի կողմից իրեն տրված` Ուկրաինա զորք մտցնելու իրավունքից: Եվ չի կարելի բացառել, որ դա կհանգեցնի նաև Արևմուտքի ու հատկապես` ՆԱՏՕ-ի ռազմական միջամտության: Հայտնի է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն հայտարարել է, թե աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Եթե զարգացումներն ընթանան նկարագրված` այս վատթարագույն սցենարով, ապա չի կարելի բացառել, որ Մոսկվան հայտարարի, թե իր անվտանգությանն ուղղված խնդիր է տեսնում և անհրաժեշտ է ՀԱՊԿ-ի միջամտությունը: Թե ի՞նչ է սա նշանակում, թերևս կարիք չկա մեկնաբանելու:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ