Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես կարծում եմ, դեսպանի ասածն անհիմն էր եւ անհասկանալի, բայց թե ինչու էր նա այդպես ասել, պետք է հարցնել իրեն. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն' անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, թե ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը «շատ ուժեղ հայտարարություն կլինի»:
Իսկ ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձում որեւէ նոր շեշտադրում չկար, նշեց Մանոյանը' դրանից առաջ ամեն ինչ նույնությամբ ասված էր...
Թե ինչու է այդչափ կարեւորվում Օբամայի կողմից Ցեղասպանություն բառի օգտագործումը, Մանոյանը բացատրեց, որ եթե նկատի ունենանք Ամերիկայի հայությունը, ապա նրա համար կարեւոր է, որովհետեւ նախագահի' իրենց ընտրած թեկնածուն կկատարի իր խոստումը: Իսկ եթե նկատի ունենանք ընդհանրապես հայությունը, ապա ԱՄՆ-ի նախագահի կողմից բառի օգտագործումը քաղաքական հաշվարկների համար է կարեւոր: Այնքանով, պարզաբանեց Կիրո Մանոյանը, որ դա Թուրքիայի վրա լրացուցիչ ճնշում կհանդիսանա:
«Հենց դա է պատճառը, որ այդ բառը նա չի ասում: Եղել է ԱՄՆ նախագահ, որ արտասանել է Ցեղասպանություն բառը, եւ դա, պարզ է, որ ճնշումը Թուրքիայի վրա բարձրացրել է, ու հենց դրա համար էլ հիմա չի ուզում նորից Ցեղասպանություն բառն օգտագործել»,- շեշտեց Մանոյանը:
ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանություն եզրույթի օգտագործումը կնշանակի, որ նա ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը. Դա իրավական հետեւանք չի ունենա, այլ միայն քաղաքական հետեւանք ու ճնշում, քանի որ ճանաչումը ենթադրում է այս հարցի կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության փոփոխություն: