կարևոր
505 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-06 12:55
Հասարակություն

Սրբազանն այն եզակի դեմքերից է, որոնց հեղինակությունն ու բարոյական կշիռը չեն տեղավորվում ընթացիկ քաղաքական հաշվարկների տրամաբանության մեջ․ Մուրազի

Սրբազանն այն եզակի դեմքերից է, որոնց հեղինակությունն ու բարոյական կշիռը չեն տեղավորվում ընթացիկ քաղաքական հաշվարկների տրամաբանության մեջ․ Մուրազի

Խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական գործընթացների շուրջ շրջանառվող յուրաքանչյուր տեղեկություն, որը շոշափում է Միքայել Սրբազանի անունը, պահանջում է առանձնահատուկ զգուշավորություն։ Սրբազանը այն եզակի դեմքերից է, որոնց հեղինակությունն ու բարոյական կշիռը չեն տեղավորվում ընթացիկ քաղաքական հաշվարկների տրամաբանության մեջ և չեն կարող դիտարկվել այդ հարթության սովորական գործիքակազմով։

Տարածվող տեղեկությունների համաձայն՝ իբր Սրբազանը նամակ է հանձնել ինչ-որ մարդկանց, որը հայտնվել է երկրորդ նախագահի ձեռքին։ Նամակը, ըստ տարածվող լուրերի, եղել է քաղաքական դաշտի միավորման թեմայով։ Ըստ լուրը տարածողի (խոսքը լրագրողի մասին չէ, մարդն իր գործն է արել)՝ Սրբազանը ցանկացել է միավորել քաղաքական դաշտը և առաջնորդել այն։ Քոչարյանն էլ նամակը կարդացել է ու որոշել է չհրապարակել։

Կարճ ժամանակ առաջ ունեցած անձնական հանդիպման ընթացքում Սրբազանը, իմ խնդրանքով, խոսեց նաև քաղաքական զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունների մասին։ Նրա խոսքում չկար որևէ ակնարկ սեփական դերակատարության կամ գործընթացներ առաջնորդելու վերաբերյալ, ինչը լիովին համապատասխանում է այն զուսպ և հավասարակշռված դիրքին, որով նա մշտապես աչքի է ընկել։

Եթե Սրբազանը իսկապես ունի որևէ քաղաքական նախաձեռնություն առաջնորդելու ցանկություն, ապա ի՞նչն է խանգարում այդ մասին խոսել հրապարակային։ Թեկուզ՝ իր փաստաբանների կամ հարազատների միջոցով։ Վստահաբար նա ունի այդ հնարավորությունը և, անհրաժեշտության դեպքում, կօգտվի դրանից։

Այժմ, երբ Սրբազանի անունը հայտնվում է տարբեր քաղաքական քննարկումների կենտրոնում, առավել քան կարևոր է, որ փաստաբանների կամ հարազատների միջոցով իրավիճակը ստանա անհրաժեշտ պարզաբանում՝ կանխելով ավելորդ մեկնաբանություններն ու անհարկի ենթադրությունները։ Ինձ համար Սրբազանի մտադրությունների մասին միակ ճշմարիտ խոսքը հենց իր խոսքն է։ Սա առաջին հերթին անհրաժեշտ է հենց Սրբազանի նկատմամբ հարգանքի պատճառով, ում անունը չի կարող ծառայել կարճաժամկետ քաղաքական խաղերին։

Երկրորդ նախագահի անվան շահարկումն էլ է հասկանալի։ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ այն առանցքային դեմքերից մեկը, որի շուրջ տարբեր քաղաքական շրջանակներ պարբերաբար փորձում են կառուցել հերթական պատմությունները։ Այս անգամ այդ փորձը ուղեկցվում է Միքայել Սրբազանի անվան շրջանառմամբ (և սա հատկապես դատապարտելի է), ինչը ինքնին պահանջում է առավել զգուշավոր և պատասխանատու մոտեցում։ Ինձ համար, գոնե, հասկանալի ու տեսանելի է այդ քաղգործիչների կողմից մեդիային հասցվող իբր տեղեկատվությունների նպատակը․ նրանք փորձում են հեղինակավոր անձանց անուններն օգտագործելով՝ քաղաքական լուսանցքում չմնալ։

Հ․Գ․ Չեմ բացառում, որ այդ քաղաքական քյանդրբազները փորձել են/կփորձեն Սրբազանի շուրջ ստեղծել քարոզչական ծածկույթ, սակայն վստահ եմ, որ Աստվածային ճշմարտության կրող մարդու համար այդ խաղերը լավագույն դեպքում կարող էին/են միայն ժպտալու առիթ դառնալ»։