Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանից այն կողմ գտնվող, սակայն իրավաբանորեն Հայաստանի մաս կազմող երբեմնի դրախտավայր Արծվաշենից այսօր արդեն ոչինչ չի մնացել: 1992 թվականի օգոստոսի 8-ն էր, երբ Ադրբեջանի զինված ուժերի շրջափակման օղակում գտնվող գյուղը համառ մարտերից հետո հանձնվեց: Բռնի տեղահանված մոտ 2800 արծվաշենցիներ վերաբնակություն հաստատեցին հարակից շրջաններում, հիմնականում` Ճամբարակ քաղաքում և մերձակա գյուղերում:
Այսօր էլ Ճամբարակի կազմում գործունեություն է ծավալում Արծվաշենի աշխատակազմը, որը, սակայն, որպես այդպիսին, համայնքի կարգավիճակ չունի: Աշխատակազմը հիմնականում զբաղվում է տեղահանված անձանց կորած փաստաթղթերի, վնասների փոխհատուցման, բնակարանային պայմանների բարելավման խնդիրներով:
Ռուսների և տեղաբնակների հետ կողք կողքի ապրող արծվաշենցիների տները դժվար չէ տարբերելը: Գաղթած օրից մինչ այսօր, բույնը կորցրած ծիծեռնակի նման, արծվաշենցին կառուցում է իր նոր տունը ու մշակում հողը` սրտի անկյունում պահելով տունդարձի երազանքը: Արծվաշենցիների ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է և արտագնա աշխատանքը: Շատ երիտասարդներ էլ պայմանագրային հիմունքներով ծառայում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Ճամբարակից ընդամենը մեկ կիլոմետր հեռու գտնվող դիրքերում կանգնած սահմանապահների 90 տոկոսն արծվաշենցիներ են:
«Մարդ կա` անասնապահությամբ է մի բան արել, մարդ կա` վարկ է վերցրել, մարդ էլ կա` տարին տասներկու ամիս արտագնա աշխատանքի է»,- ասում է արծվաշենցի տիկին Էլեոնորան:
Գյուղացիները հաճույքով այգիներ կհիմնեին և կմշակեին, եթե, իհարկե, ոռոգման և խմելու ջրի խնդիր չունենային: Արդեն 5 ամիս է, ինչ պատկան մարմիննները զբաղված են նոր ջրագծի նորոգմամբ, սակայն աշխատանքները դանդաղ են ընթանում: «Իբր խորքային ջրեր են քաշում, բայց ժողովուրդն առանց ջրի է մնացել»,- դժգոհեց կինը: Խմելու ջրի բացակայության մասին բարձրաձայնեցին նաև Էլեոնորայի հարևանները, իսկ ոռոգման ջրի մասին խոսելը նրանք ավելորդ համարեցին:
Եթե նախկինում գյուղացիները մեկնում էին Ռուսաստան` արտագնա աշխատանքի և այդ կերպ հոգում ընտանիքի կարիքները, ապա ՌԴ-ում ընդունված նոր օրենքից հետո բնակիչները հայտնվել են փակուղում: «Էս տարի մի մեծ խումբ փող ծախսեց, հասավ Ռուսաստանի սահմանը, բռնեցին, նորից հետ վերադարձրեցին»,- պատմում են գյուղացիները: Նշենք, որ այսօր արտերկրում բնակվում է մոտ 300 արծվաշենցի:
Սահմանամերձ մյուս բնակավայրերի նման այստեղ էլ խնդիրները շատ են, սակայն Արծվաշենի աշխատակազմի ղեկավար Մամիկոն Խեչոյանի խոսքով` առաջնայինը պատշաճ բնակարան ունենալու խնդիրն է: «Էնտեղ առանց որևէ փոխհատուցման իրենց տները թողել են և, գալով այստեղ, նոր բնակարաններ գնել, որոնք հիմնանորոգման կարիք ունեն»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ի դեպ, Խեչոյանը եղել է Արծվաշենի պաշտպանության խորհրդի նախագահը, մասնակցել է գյուղի համար մղվող ինքնապաշտպանական մարտերին և մեկ շաբաթ գտնվել ադրբեջանական գերության մեջ: 1992-ի տեղահանումից հետո ստանձնել է Արծվաշենի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Իրենց բնակարանային խնդիրների մասին մեզ հետ զրույցում բարձրաձայնեցին շատերը: Օրինակ` 87-ամյա մի տարեց մարդ, ով իր հասակակիցների հետ օրն անցկացնում է` շախմատ խաղալով, պատմեց որ մինչև օրս բնակվում է վարձով: «Տղես էս վիճակից զզվել` թողել-գնացել ա»,- դժգոհեց նա:
Պարզվում է` այստեղ գյուղատնտեսությամբ զբաղվելն էլ է խնդրահարույց: Բերքահավաքի ժամանակ, օրինակ, բնակիչները ստիպված Ճամբարակից հասնում են հարևան Վահան և այնտեղից կոմբայն բերում: Սակայն արծվաշենցու համար այսօր ամենացավալին պետության կողմից անտեսված լինելն է:
«Գելը եկավ ոչխարներին կերավ, գոմ մտավ հոտը ոչնչացրեց, ոչ մի անգամ ոչ մի տեղ ցույց չտվեցին, օգնություն չցուցաբերեցին»,-պատմում է արծվաշենցիներից մեկը:
Նկատենք, որ, լինելով սահմանամերձ շրջան, այստեղ անասնապահությամբ զբաղվելն էլ առանձնակի ուշադրություն և ջանք է պահանջում: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նախիրը կամ հոտն արածեցնելիս կենդանիները սահմանը չեն անցնի և հայտնվի ադրբեջանական կողմում: Մանավանդ, որ արծվաշենցին դրա դառը փորձն ունի: Այսօրվա պես շատերը հիշում են, թե ինչպես տարիներ առաջ քաղաքի Ճամբարակ թաղամասի բնակիչների անասունների մեծաքանակ հոտը ադրբեջանցիները տարան: Ճիշտ է, մեր երկրի իշխանությունները որոշակի փոխհատուցում տվեցին, սակայն ամբողջությամբ վերականգնել գյուղացիների կրած վնասներն այդպես էլ չհաջողվեց:
Տարիներն անցնում են, սակայն արծվաշենցին այդպես էլ մինչ օրս որևէ կարգավիճակ չի ստանում: Նրանք պետության կողմից ո'չ փախստականներ են համարվում, ո'չ տեղաբնակներ: Մամիկոն Խեչոյանը հակված է իրենց անվանելու ներքին տեղահանվածներ, սակայն նրանց իրավական կարգավիճակի հարցը պարզ կդառնա Եվրադատարանում: Արդեն 8 տարի է, ինչ 633 արծվաշենցիներ իրենց ունեցվածքի փոխհատուցման պահանջով դիմել են Եվրադատարան: Նրանց վերաբերյալ գործն ընթացքի մեջ է, սակայն վերջնական լուծում կստանա, երբ որոշվի Արծվաշենի հարցը, այսինքն` երբ Ադրբեջանի հետ պայմանագրով հաստատվի խաղաղությունը: Իսկ այդ օրվան սպանում են բոլոր արծվաշենցիները` մանկանից մինչև շախմատի տախտակի դիմաց իր օրն անցկացնող ծերունին:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ