կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-08 11:15
Տարածաշրջան

Սիրիան այն վիճակում է, որ ուր որ է՝ կվերանա քարտեզից. Էրդողան

Սիրիան այն վիճակում է, որ ուր որ է՝ կվերանա քարտեզից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա մեկնելուց առաջ օդանավակայանում Սիրիայի մասին մի շարք հայտարարություններ է արել:

Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանը նշել է, որ «Թուրքիայի անվտանգության վրա բացասաբար ազդող իրադարձությունների դեմ ՆԱՏՕ-ն պետք է շատ ավելի ջանքեր գործադրի»:

«Այս գագաթաժողովը տեղի է ունենում շատ կրիտիկական ժամանակահատվածում: Միգրացիան ազդում է ամբողջ աշխարհի վրա: ՆԱՏՕ-ն այս ժամանակահատվածում պետք է ավելի ակտիվ լինի, այս սպառնալիքներին դիմակայելու համար ինքն իրեն վերանայի»,- ասել է նա:

Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին՝ Էրդողանը նշել է, որ անհնար է այդ հարցը թերագնահատել: «6 տարում մոտ 600.000 մարդ է մահացել: Սիրիան այն վիճակում է, որ ուր որ է՝ կվերանա քարտեզից: Անհնար է աչք փակել այս պատմական երկրի վերացման վրա»,-նշել է Թուրքիայի նախագահը՝ հերթական անգամ մեջբերելով փախստականների հարցը:

Նրա խոսքով՝ Թուրքիան այդ հարցում միշտ համբերատար է եղել, սակայն իրենք ցանկանում են, որ բարեկամ երկրներն աջակցեն իրենց:

 «Քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ երկրները չպետք է նրան միայնակ թողնեն»,- ասել է Էրդողանը՝ հիշեցնելով, որ աշխարհը փախստականների հարցով իրենց աջակցում է ընդամենը 550 միլիոն դոլարով, մինչդեռ սպառնալիքը շատ մեծ է: