կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-22 18:03
Հասարակություն

Հազարավոր աղջիկներ, դեռ չծնված, սպանվում են. մի օր հարսնացուներ չեն լինի

Հազարավոր աղջիկներ, դեռ չծնված, սպանվում են. մի օր հարսնացուներ չեն լինի

 

Երկու երեխայի մայր` 27-ամյա Ելենան (անունը փոխված է) իր տղային մեկ տարի առաջ է ունեցել: Ամուսնանալուց մեկ տարի հետո ծնվել է դուստրը, դրանից հետո վեց տարի պայքարել են` որդի ունենալու համար: Պարզ հարցին` ինչու՞, Ելենան պատասխանում է. «Բա ես մարդուս տղա չպարգևեի՞»: Yerkir.am-ին Ելենան պատմեց, որ ամուսնացել է 19 տարեկանում ու այդ օրից թողել ուսումն ու ամեն ինչ` իրեն նվիրելով ընտանիքին, որովհետև «կարգը դա է», թեև ամուսինն էլ, ամուսնու ընտանիքն էլ դեմ չեն եղել իր սովորելուն: Մինչ բաղձալի տղա երեխան ունենալը մի քանի անգամ ընդհատել է հղիությունը երեխայի սեռն իմանալուց հետո:

 

Թե քանի՞ անգամ է աբորտ արել, ինքն էլ արդեն լավ չի հիշում. «Վեց, յոթ երևի: Դե մի քանի անգամ էլ դեղերով է ընկել, էդ չեմ հաշվում որպես աբորտ: Ինձ համար շատ դժվար ա եղել, ամեն անգամ հղիանալուց ուրախացել եմ, բայց դե հետո գնա բժշկի, հիասթափվի, ծանր ա շատ»: Նա, հոգոց հանելով ու հուզվելով, հիշում է, թե ինչ դժվարությամբ է լույս աշխարհ բերել տղային: Աբորտներից հետո օրգանիզմի համար նոր հղիությունն ուղղակի չափից ծանր բեռ է եղել, նույնիսկ խորհուրդ են տվել ռիսկի չգնալ, չհղիանալ:

 

«Յոթուկես ամսականում կեսարյան արեցին, ասացին, որ արգանդիս պատերն աբորտից վնասված են, եթե պտուղը մի քիչ էլ մեծանա, հնարավոր է վատ հետևանքներ լինեն: Էլ չասեմ, թե ինչքան եմ հիվանդանոցում եղել: Համարյա ամբողջ հղիությունս բժշկի հսկողության տակ է անցել: Էրեխու ծնվելուց հետո էլ մինչև հիմա ուշքի չեմ գալիս, առողջականս լավ չի»,- պատմում է կինը:

 

Բնական հավասարակշռությունը խախտված է` տղաներ ավելի շատ են ծնվում

 

Սելեկտիվ կամ սեռով պայմանավորված աբորտների հետևանքով Հայաստանում տղա և աղջիկ երեխաների թվի հավասարակշռությունը տարիներ շարունակ խախտված է: Բնականոն է 100 աղջիկ/102-106 տղա հարաբերակցությունը, իսկ Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում այդ թիվն այսպիսին է` 114 տղա/100 աղջիկ:

 

2012-2013 թվականներին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը խնդրի վերաբերյալ երկրորդ` «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» հետազոտությունն է կատարել և եկել այն եզրահանգմանը, որ եթե այսպես շարունակվի, ապա 2060 թվականին ՀՀ-ում մեկ տարում չծնված աղջիկների թիվը կհասնի 2000-ի, այսինքն` չի ծնվի մոտ 100 հազար կին, պոտենցիալ մայր: «Այս թիվը 2.5 տարում ՀՀ-ում ծնված բոլոր երեխաների թիվն է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: (Առաջին` «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը հրապարակվել է 2011-ին: Երկու հետազոտություններին էլ կարող եք ծանոթանալ այստեղ):

 

Վերոհիշյալ հետազոտությունները ցույց են տվել, որ սելեկտիվ աբորտների պատճառները երեքն են` առաջին`տղային գերապատվություն են տալիս ընտանիքում, երկրորդ` առկա է ծնելիության թվի անկում, երրորդ` տեխնոլոգիաների հասանելիությունը: «Եթե այս երեքից որևէ մեկը չլինի, այդ ֆենոմենը չի լինի:  Օրինակ` եթե ունենում ես 3-4 երեխա, տարբեր սեռի երեխաներ ունենալու հավանականությունը 90 տոկոս է: Երկու երեխայի դեպքում 40 տոկոս է: Կամ ուլտրաձայնային հետազոտությունը` «էխո»-ն,  եթե չլինի, գործիք չես ունենա սեռն իմանալու: Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ մինչև 1980-ական թվականները ընտանիքում ամենափոքր երեխան տղա է եղել:  Տեխնոլոգիաները չեն եղել, չեն կարողացել իմանալ սեռը, ունեցել են այնքան երեխա, մինչև տղա է ծնվել»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:

 

Իսկ ինչ վերաբերում է տղա երեխային գերապատվություն տալուն, ապա նա նշում է, որ դա ուղղակի քմահաճույք է, և պատճառաբանությունները հիմնականում զուտ հուզական ոլորտից են, օրինակ` թե տղան պիտի շարունակի ընտանիքի անունը: Եվ դրական է գոնե այն, որ աղջկա հանդեպ խտրական վերաբերմունքը, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում դրսևորվում է մինչև նրա ծնունդը: Օրինակ` Հնդկաստանում աղջիկ երեխային կարող են նաև չկերակրել, որ սովից մահանա, քանի որ նա ընտանիքի համար բեռ է, նրա ընտանիքը պետք է հետագայում հարսանիքի ծախսերն անի, օժիտ տա և այլն:  

 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ինգա Ավանեսյանը Yerkir.am-ի հետ զրույցում աբորտների պատճառների մասին խոսելիս նշում է, որ նման դեպքերում հաճախ մեծ դեր է ունենում սկեսուրների խոսքը. «Լինում են դեպքեր, երբ գալիս են ընդհատելու, համոզում ես, ստացվում է, ասում է` վաղը կգամ հաշվառման, հաջորդ օրը գալիս է սկեսուրի հետ` չէ, մեզ երեխա պետք չի…»:

 

Նրա խոսքով` միջինը ամսական 10-15 կին է մոտենում` հղիությունն ընդհատելու խնդրով, 2-3 դեպքում հնարավոր է լինում համոզել` հետ կանգնեցնել: Բժիշկը նշում է, որ շատ քիչ տոկոսն են կազմում բժշկական ցուցումով աբորտները, հիմնականում կանայք դիմում են այդ քայլին` սոցիալական ծանր պայմաններից ելնելով` շատ երեխաներ պահել չեն կարողանում: 

 

Երեք երեխայի մայր` 46-ամյա Գայանեն մեզ հետ զրույցում պատմեց, որ չէր ընդհատի երկու հղիությունները և երկու աղջկա փոխարեն սիրով չորսին կպահեր, եթե հնարավորությունները ներեին. «Ամուսինս տղա էր ուզում, ես էլ էի ուզում, բայց հաստատ եթե նորմալ աշխատանք լիներ, օգնող ունենայինք… Էրեխեն էրեխա է, ճիշտ է, բայց դե օր ծերության էլի տղեն է հասնում: Մեր երկրում էլ թոշակը միլիոն չի, էդ երկու կոպեկի հույսով մնաս, ասա` մեռնես»:

 

Գինեկոլոգ Ի. Ավանեսյանը նշում է նաև, որ սեռով պայմանավորված աբորտներ սկզբունքորեն չի անում: Սակայն բացառված չէ, որ այդ քայլին դիմելու իսկական պատճառը բժիշկը կարող է չիմանալ: Դժվար է վստահ լինել`կինը աբորտի է գնում, քանի որ իսկապես նյութապես անապահով է և երեխա պահել չի կարող, թե՞ հղիության անցանկալի լինելը կապված է երեխայի սեռի հետ: 

 

Ինչպե՞ս կանխել մանկասպանությունը

 

Մարդու իրավունքների և բիոբժշկության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 14-րդ հոդվածն արգելում է երեխայի սեռն ընտրելու նպատակով բժշկական տեխնոլոգիաների կիրառումը, բացառությամբ այն դեպքերի, երբ գենետիկական հիվանդություններ կարող են փոխանցվել երեխային` կախված սեռից:  Սակայն այս կոնվենցիային Հայաստանը չի միացել: Իսկ սելեկտիվ աբորտները կանխելու օրենսդրական միջոցներ դեռևս չկան:

 

Այս տարվա հունվարին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը սելեկտիվ աբորտներ կատարելու վերաբերյալ իր հայտարարության մեջ նշել է, որ, որպես խտրականության դրսևորում, պետք է արգելվի դա, և արարքը քրեականացվի: Սակայն Գ. Հայրապետյանը այս հարցին միանշանակորեն չի մոտենում: Ըստ նրա` նախ դժվար է ապացուցել, թե մարդն ի՞նչ նպատակով է դիմում աբորտի, մյուս կողմից` եթե քրեականացվի բժշկի կողմից աբորտ կատարելը, ապա կմեծանան կոռուպցիոն ռիսկերը. «Դա կարող է աշխատել այնպիսի հասարակության պայմաններում, որտեղ վստահություն կա արդարադատության համակարգի հանդեպ»:

 

Խնդրի լուծման տարբերակ է փորձում առաջ քաշել կառավարությունը` օրենսդրության մեջ փոփոխություն կատարելով, համաձայն որի` մինչև 22 շաբաթական հղիության դեպքում պտղի սեռի վերաբերյալ ինֆորմացիա չպիտի տրվի: Ներկայումս տեխնոլոգիաների զարագացումը հնավարություն է տալիս նույնիսկ 12 շաբաթական հղիության դեպքում որոշել երեխայի սեռը: Իսկ ահա «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` կնոջ դիմումի համաձայն աբորտը թույլատրվում է հղիության մինչև 12 շաբաթականը, իսկ բժշկական ցուցմունքների դեպքում` մինչև 22 շաբաթականը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը նշեց, որ այս նախագիծը դեռևս քննարկման փուլում է և ավելին դրա մասին ասել չի կարող, իսկ ինչ վերաբերում է իր անձնական կարծիքին, պատասխանեց. «Գիտեք` երևի էս փուլում ուրիշ ելք չկա, պետք  է լինի ինչ-որ զսպող մեղանիզմ: Քանի որ մարդկանց մտածելակերպի, վարքագծի վրա հետք թողնելը երկար ժամանակի խնդիր է»:

 

Ի դեպ, արդեն իսկ խոսվում է այն մասին, որ բուժհաստատություններում կա ներքին հրահանգ կամ համաձայնեցվածություն հղիության վաղ շրջանում պտղի սեռը չհայտնելու մասին: «Ես իմ բալիկի սեռի մասին իմացել եմ միայն հղիությանս 6-րդ ամսում: դրանից առաջ երկու անգամ խնդրել եմ սեռը նայել, ռադիոլոգը միշտ հայտնում էր, թե չի կարողանում տեսնել երեխայի դիրքը հարմար չէ: Բայց երբ իմացա աղջիկ եմ ունենալու, շատ ուրախ էի, հենց աղջիկ էլ ուզում էի ունենալ: Չեմ կարող հաստատ ասել, թե միտումնավոր բժիշկն ուշ ասեց բալիկիս սեռը, բայց եթե դեռ կան մարդիկ, որ սեռի համար աբորտ են անում, ապա ես էլ բժիշկ լինեի, էդպես կանեի»,- մեզ հետ զրույցում պատմեց 28-ամյա Նարինե Պետրոսյանը: 

 

Եվ Նարինեն միակը չի եղել, ում հրաժարվել են երեխայի սեռն ասել: Թե արդյո՞ք այս դեպքում չի խախտվում կնոջ, ծնողի իրավունքը, Գ. Ավագյանը պատասխանեց. «Իսկ պտղի՞ իրավունքը, երեխայի՞ իրավունքը, նա էլ ունի, չէ՞, գոյության իրավունք»:

 

«...յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք»,- սահմանվում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ այս կոնվենցիան ՀՀ-ում ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 22-ին:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ