կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 12:55
Հասարակություն

Տարեկան մոտ 1000 երեխա սպանվում է` աղջիկ լինելու պատճառով

Տարեկան մոտ 1000 երեխա սպանվում է` աղջիկ լինելու պատճառով

Տարեկան մոտ 1000-1200 աղջիկ չի ծնվում միայն հգենց իր սեռի համար: Սեռով պայմանավորված աբորտների խնդիրը Հայաստանում ժամանակի ահագնացող չափերի է հասնում: Հայաստանն այս առումով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից և Ադրբեջանից հետո:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմնանը հայտնել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Վերջինս նշեց նաև, որ իրենց կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ եթե այսպես շարունակվի, ապա 2060 թվականին չծնված աղջիկ երեխաների թիվը տարեկան կհասնի 2000-ի, այսինքն մոտ 100 հազար կին, պոտենցիալ մայր չի ծնվի:

 

«Այս 100 հազարը մեր բնակչության երեք տոկոսն է կազմում, և մենք, հաշվի առնելով դեմոգրաֆիական վիճակը, չեն կարող մեզ նման «շքեղություն» թույլ տալ` մայրական բազան այդքան կրճատել»,- ասաց Գ. Հայրապետյանը:

 

Առողջապահության նախարարության  մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ սեռի ընտրություն չի կատարվում առաջնեկների դեպքում, սեկելտիվ աբորտի խնդիրը սկսվում է երկրորդ երեխայից սկսած, սակայն այդքան էլ ակնհայտ չէ, իսկ ահա երրորդ երեխայի դեպքում վիճակագրությունը սարսափեցնող է:

 

Նրա խոսքով, երեխաների սեռերի հարաբերակցութան նորման այսպիսին է 100 աղջիկ/100 տղա: Սակայն, ինչպես շվեց վերևում, երրորդ երեխայի դեպքում հարաբերակցությունն այսպիսին է 100 աղջիկ/160 տղա:

 

Գ. Հայրապետյանը նշեց նաև, որ մինչև 21 տարեկանների շրջանում 50 հազար տղա ավելի է ծնվել, քան նորման է թելադրում: Եվ այս 50 հազարը հետագայում իրենց զույգը գտնելու խնդրի առջև են կանգնելու և դա փորձելու են լուծել արտագաղթի կամ այլ միջոցներով, ինչն ուղղակի ազդեցություն է ունենալու սոցիալ-դեմոգրաֆիական պատկերի վրա:

 

Վերջին օրերին սակայն կարծես այս խնդիրը սկսել է գիտակցվել հասարակության ավելի լայն շրջանակների կողմից: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ եթե նախոր տարիներին ընդամնեը քննարկումներ էին արվում և անցնում-գնում էր, ապա ներկայումս վերաբերմունքի փոփոխություն է կարծես նկատվում:

 

Դրա վառ օրինակը ֆեյսբուքյան ֆլեշմոբն էր` «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով: Ս. Մարտիրոսյանը նշեց, որ այն իր ազդեցությամբ ու տարածվածությամբ կարող է համեմատվել այնպիսի մեծ իրադարձությունների հետ, ինչպիսին ընտրություններն են: