կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-22 17:30
Մշակույթ

Վիգեն Չալդրանյանին զարմացրել է Ջիվան Ավետիսյանի ֆիլմը

Վիգեն Չալդրանյանին զարմացրել է Ջիվան Ավետիսյանի ֆիլմը

Արդեն տեղեկացրել ենք, որ մայիսի 5-ին` ժամը 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան:

 

Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը ֆիլմը դիտելու և իր խորհուրդները ռեժիսորին տալու առիթ է ունեցել նախապես: Չալդրանյանը նշել է, որ Ջիվան Ավետիսյանը հազվագյուտ կինեմատոգրաֆիստներից է, որի հաջորդ ֆիլմին ինքը սպասելու է, որովհետև ուզում է ամեն ֆիլմի հետ տեսնել նրա աճը` ավելի խորը, ավելի ազգային, և ավելի պինդ խոսք, որը կհանգեցնի մեր մշակույթի ճգնաժամից դուրս գալուն:

 

«Ես տեսել եմ ֆիլմը, հավանել եմ այն: Ֆիլմում կան բաներ, որոնք ինձ, իրոք, զարմացնում են: Մեզ բոլորիս հայտնի դերասաններ են, բայց բոլորովին նոր որակի մեջ, իսկ դա, իհարկե, գալիս է նաև ռեժիսուրայից: Կարծում եմ` այն, ինչ պատմվում է, շատ հետաքրքիր է: Այն երեխաների մասին է, ովքեր ստիպված են ժամանակից շուտ ապրել մեծերի հետ նույն կյանքով, որտեղ պատերազմ է, դավաճանություն, մահ, սեր... Ինձ թվում է` ռեժիսորին հաջողվել է դա նկարագրել ազդու և ոգեշնչող ձևով»,- ասել է Չալդրանյանը:

 

Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են նաև դերասաններ Արցախից: Նրանցից Քաջիկ Հարությունյանը քսան տարի առաջ Ջիվան Ավետիսյանին թատերական արվեստի այբուբենին է ծանոթացրել Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոնում: «Ես խաղում եմ Ջիվանի ստեղծած երեք ֆիլմերում: Ուրախ ու հպարտ եմ, որ իմ սանը նկարահանման հրապարակում կարողանում է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ դերասանները մեծ եռանդով ու հավատով իրագործում են նրա մտահղացումները»,- ասում է նա:

 

Բելառուսից հրավիրված դերասանուհի Ռեգինա Բուդնիկը ոչ միայն հիացած է Պատարա և Խաչեն գյուղերի բնապատկերներով, որտեղ տեղի են ունեցել ֆիլմի նկարահանումներ, այլ նաև ֆիլմի ստեղծագործական կազմով. «Բարեբախտություն էր ընկնել համերաշխ ու համախմբված նկարահանող խմբի մեջ, որը ոչ միայն ջերմորեն ընդունեց ինձ, այլև թույլ տվեց ինձ մտածել, որ սկսնակը կարող է խաղալ... Ամբողջ թիմի հսկայական ու բարդ աշխատանքի հետևում թաքնված է ոչ միայն գեղարվեստական, այլև հոգևոր արժեք: Հաճելի է, որ ես հպվել եմ դրան... Իմ կյանքում այսքան արտասովոր արկածի համար անսահման շնորհակալ եմ Ջիվանին»:

 

Ֆիլմն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ: Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը, երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը: