Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետագայում ես ֆիլմեր կանեմ սիրո մասին` «սրճարանային»: Ես մի օր կպատմեմ նաև այդ մասին, քանի որ այդտեղ էլ կան մարդկային հետաքրքիր պատմություններ ու տիպեր, բայց հիմա դեռ վախենում եմ… Վախենում եմ ավելի կարևորը բաց թողնել: Ես ամենահանգիստը քնում եմ Ստեփանակերտի մեր տանը, իսկ ճամփորդելիս մի միտք ունեմ` ես տուն ունեմ, և այդ տունը ԼՂՀ-ում է, և այդ տան համար փորձում եմ անել ամեն ինչ:
***
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն արդեն ավարտին է հասցնում իր նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմը: Ֆիլմի սցենարի հեղինակը Մասիս Բաղդասարյանն է, որի հետ համագործակցությունը դեռ «Թևանիկ» ֆիլմից է գալիս: Ֆիլմի երաժշտությունը գրել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը, իսկ երաժշտությունը ձայնագրվում է Հայաստանում` ֆիլհարմոնիկ նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ/ և «Հովեր» պետական կամերային երգչախմբի /գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան/ մասնակցությամբ:
Սցենարի հեղինակը` Մասիս Բաղդասարյանը, փոքր-ինչ բացում է փակագծերը
Ֆիլմը 70-ամյա մի մարդու` քարտաշ Աբգարի մասին է, ով միայնակ է մնացել հարազատ գյուղում, քանի որ ազգամիջյան հակամարտության արդյունքում մյուսները բռնի տեղահանվել են Նա մնացել է իր գյուղում` որոնելու իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է այդ բոլոր վայրագությունները: Հոր միակ խնդիրն աղջկան փրկելն է: Տղամարդու շուրջը գնալով նեղանում է օղակը, քանի որ գյուղում հայտնվում են տարբեր խմբավորումներ, թալանչիներ… Աբգարը դստեր հետ փորձում է թշնամու օղակը ճեղքել, որպեսզի փրկի աղջկան` չնայած այն հանգամանքին, որ վերջինս այլևս անհաղորդ է աշխարհին:
***
Բաղդասարյանը նշում է, որ լավ սցենար գրելն ընդամենը սկիզբն է, և լավ սցենարը կարող է մնալ ուղղակի լավ սցենար, եթե ռեժիսորի հարցում բախտդ չբերի: Ըստ նրա` շատ կարևոր է, որ սցենարի ստեղծման աշխատանքներին սցենարիստին հավասար, եթե ոչ ավելի, մասնակցի նաև ռեժիսորը:
«Ռեժիսորը միակ մարդն է, ում ուզածով, ի վերջո, պետք է լինի ֆիլմը: Ստեղծագործական կազմի անդամները պետք է զիջումների գնան, հակառակ դեպքում` լավ ֆիլմ չի ստացվի: Ռեժիսորի հարցում կարող եմ վստահ ասել` շահել եմ, քանի որ Ջիվանի ձեռագիրն ինձ շատ է դուր գալիս: Արվեստագետը, եթե ուզում ենք, որ արվեստի լավ գործ ստեղծի, պետք է խոսի այն մասին, ինչ իրենն է, իսկ Ջիվանը խոսում է այն մասին, ինչ ինքն ապրել ու տեսել է: Ֆիլմին իր գույնը հենց Ջիվանն է տալիս»,- ասում է Բաղդասարյանը:
Ըստ նրա` մեր պատմության վերաբերյալ նկարահանված գեղարվեստական ֆիլմեր շատ քիչ ունենք, իսկ եթե հուզականորեն չի ապրվում պատմությունը, այն չի դառնում մերը: «Լավ կլինի` այդ բացը լրացվի: Իսկ Արցախի ազատագրական պայքարի ժամանակահատվածը մեզ համար կարևորագույն շրջան է, ուստի պետք է անդրադառնալ դրան տարբեր ռակուրսներից: Մենք էլ դրա մի դրվագ ենք վերցրել: Բացի այդ` եթե որևէ մեկին հուզի մեր պատմությունը, և նա ուզենա ինչ-որ բան իմանալ Արցախի մասին, ֆիլմը շատ ինֆորմացիա է տալիս, բայց չի քարոզում: Արվեստի միջոցով քարոզչություն անել պետք չէ, պետք է նրբորեն մատուցել ինֆորմացիան, բայց չքարոզել»,- ասում է սցենարիստը:
Բաղդասարյանն ուզում է, որ ֆիլմը դիտելիս, մեզնից բացի, օտարազգի հանդիսատեսն էլ հուզվի:
***
Ջիվան Ավետիսյանն էլ նշում է, որ ֆիլմի պատմությունը, թեման, ինֆորմացիան, ի վերջո, ծառայում է ֆիլմում մարդուն բացահայտելուն, քանի որ իրեն հետաքրքրում է ծայրահեղ իրավիճակում հայտնված մարդը: Ըստ նրա` հենց նման իրավիճակում մարդն իրեն դրսևորում է` ինչպես կա:
«Մարդն ինձ հետաքրքիր չէ խաղաղ պայմաններում, ինձ հետաքրքրում է, թե ինչպես կպահի իրեն մարդը, երբ կյանքի ու մահվան հարց է դրված և իրենից է կախված` վաղը մեկ ուրիշի կյանքը կշարունակվի՞, թե՞ ոչ: Ֆիլմը մարդու մասին է` հայտնված պատերազմական իրավիճակում, որտեղ մարդիկ ընտրություն են կատարում` ելնելով ոչ իրենց շահերից, այլ ի շահ դիմացինի: Մարդն անցել է բոլոր այն կետերը` հասկանալով, ճանաչելով, գնահատելով, սիրահարվելով, ու հասել ինքնազոհողության»,- ասում է ռեժիսորը:
Ըստ նրա` ֆիլմի առաջին շերտում պետք է լինի սոսկ ինֆորմացիան, երկրորդում` պատմությունը, երրորդում` հոգեբանական ապրումները, մարդկային հարաբերությունները, և իրականում ֆիլմը նրա մասին է, ինչ երրորդ շերտում է:
Ավետիսյանն իր ֆիլմերում բարդի մասին խոսում է պարզ, մարդկային լեզվով ու սա պարզաբանում է այսպես. «Կյանքն ինքնին բարդ է: Մարդը թույլ էակ է, բայց նա առավել է մյուսներից, քանի որ կարող է ինքն իր դեմ դուրս գալ, իսկ դա պարզ ձևակերպման կարիք ունի: Ֆիլմում հերոսները որոշումներ են կայացնում, քայլերի են դիմում, որոնց հետևանքն իրենց էլ է պարզ, նրանք գիտեն, որ վերադարձ չկա: Բայց նրանք գնում են դրան, քանի որ փորձում են առաջին հերթին փրկել իրենց մարդ տեսակը, հետո արդեն մարդու տեսակն` առհասարակ»:
Ֆիլմը, Ավետիսյանի կարծիքով, բանալին է, թե վաղը Երկիր մոլորակն ինչ ուժով է առաջ շարժվելու: Նա ֆիլմի միջոցով ուզում է աշխարհին ցույց տալ, որ մենք Ղարաբաղ ունենք, և դրա համար տարված պայքարը դեն նետված պատմություն չէ: «Այսօր մեր թիվ մեկ խնդիրը ԼՂՀ սահմանները պահելն է: Ես համարում եմ, որ ես էլ եմ զինվոր, ուղղակի ուրիշ ճակատում եմ կռվում, այնպես չէ, որ ես ինչ-որ մեկից լավն եմ, ուղղակի փորձում եմ իմ ճակատում կռիվ տալ»,- ասում է Ավետիսյանը:
Նա ուզում է, որ հանդիսատեսը, երբ դուրս գա կինոդահլիճից, ապրելու մեծ ցանկություն ունենա, ուրիշ ոչինչ:
Խոսելով Թանկյանի հետ համագործակցության մասին` ռեժիսորը նշեց, որ Թանկյանի հետ աշխատելը ոչ միայն գեղեցիկ է եղել` երաժշտության առումով, այլ ինքը Թանկյանի մարդ տեսակն է բացահայտել: Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա այն, Ավետիսյանի ձևակերպմամբ, ֆիլմի «հագով է նստեցրած»:
***
Ի դեպ, ֆիլմը կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:
Կարինե Հարությունյան