կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-18 17:35
Քաղաքական

Եգանյանին մեկ տարի է հարկավոր՝ ՌԴ օրենքի ազդեցությունը արտագաղթի տեմպերի վրա որոշելու համար

Եգանյանին մեկ տարի է հարկավոր՝ ՌԴ օրենքի ազդեցությունը արտագաղթի տեմպերի վրա որոշելու համար

ՌԴ Դաշնային խորհուրդն ապրիլի 16-ին հավանության է արժանացրել հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ օրինագիծը: Ավելի վաղ 1-ին, 2-րդ և 3-րդ ընթերցմամբ օրինագիծն ընդունել էր նաև ՌԴ Պետդուման: Այսպիսով՝ օրինագիծը հավանության է արժանացել բոլոր համապատասխան մարմինների կողմից և, որպեսզի սկսի գործել, անհրաժեշտ է միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը:

 

Այս օրինագիծը, շատերի կարծիքով, կնպաստի ՀՀ-ից արտագաղթին: Yerkir.am-ը Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք Միգրացիոն ծառայությունը վերոհիշյալ օրենքը ենթարկել է մասնագիտական վերլուծության կամ ուսումնասիրության: Եթե` այո, ապա ինչպիսի՞ն են արդյունքները: Իսկ եթե նման վերլուծություն, ուսումնասիրություն չի եղել, ապա առաջիկայում նախատեսվո՞ւմ է դա անել՝ հասկանալու համար, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ ՀՀ-ի վրա, մասնավորապես՝ կնպաստի՞, արդյոք, արտագաղթի տեմպերին:

 

Ի պատասխան մեր հարցմանը, Եգանյանը նշել է, որ ազդեցության գնահատումը ճիշտ կլինի կատարել օրենքի կիրառումից որոշակի ժամանակ անց: «Որպես կանոն` միգրացիոն գործընթացների վրա ի հայտ եկած նոր գործոնի ազդեցության որոշման համար օտագործվում է առնվազն մեկ տարի ժամանակաշրջան»,- ասված է Եգանյանի պատասխանում: