կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 14:31
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխող թիմը բյուջեում չի հաշվարկել հայ-թուրքական սահմանի՝ հաջորդ տարի բացման դեպքում ՀՀ տնտեսության վրա ազդեցությունը

Տնտեսական աճի մեր կանխատեսումների մեջ ներառված չէ հաջորդ տարի հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ՀՀ քաղաքացիների և տնտեսության վրա ազդեցությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ ԱԺ տնտեսական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2022 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

Արթուր Խաչատրյանը հարցրեց․ «Երբ կարդում եմ կառավարության ներկայացրած բյուջեն՝ 7 տոկոս տնտեսական աճը նույնիսկ պարզ վիճակագրությամբ չի երևում, հավանականությունների բաշխումը որ նայենք՝ 7 տոկոսի չի գալիս, դեպի ներքև հավանականությունն ավելի մեծ է, քան դեպի վերև։ Ամենամեծ  հավանականությունը 4-րդ եռամսյակի համար 5-7 տոկոսն է, թե ինչո՞ւ եք որոշել  7 տոկոսը դնել՝ չգիտեմ, բայց եթե որոշել եք՝ ուզում եմ հասկանալ` այդ 7 տոկոսը որտեղի՞ց է գալիս․ ակնկալում եք, որ Ամուլսարը կշահագործվի՝  փո՞ղ կգա, թե՞ ակնկալում եք,  որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում  տնտեսական աճ կլինի։ Եթե երկրորդն է, խնդրում եմ  նշեք՝  Դուք հայ-թուրքական սահմանի բացման՝  տնտեսական ազդեցության գնահատական արե՞լ եք, թե՞  ոչ, եթե այո՝ տնտեսական ազդեցությունն ինչքա՞ն կլինի»։

Վահան Քերոբյանը պատասխանեց, որ 2022 թվականի բյուջեի  և տնտեսական աճի իրենց կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը, որպես կանխատեսում,  ներառված չէ։

«Եվ հետևաբար դրա վերաբերյալ խոսակցություններն այս պահին ժամանակավրեպ են, մենք չենք ակնկալում, որ այն ձևով, որով պաշտպանված կլինեն ՀՀ քաղաքացիների և տնտեսության շահերը մենք կկարողանանք հաջորդ տարի հայ-թուրքական սահմանը բացել՝ այդ կանխատեսումը չկա մեր բյուջեի նախագծում»,-ասաց նախարարը։

Ներդրումների մասով ասաց, որ նախատեսում են դրանք ավելացնել մինչև մեր ՀՆԱ-ի 25 տոկոսը, իսկ օտարերկրյա ներդրումները՝ մինչև 6 տոկոսը։  

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․