կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-17 17:34
Քաղաքական

ՕԵԿ-ի նախարարները շատ ճիշտ արեցին՝ կուսակցությունից դուրս գալով. Լավանդայի Արայիկ

ՕԵԿ-ի նախարարները շատ ճիշտ արեցին՝ կուսակցությունից դուրս գալով. Լավանդայի Արայիկ

ՕԵԿ կուսակցության նախկին անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանը նորմալ է համարում ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալը, որովհետև ՕԵԿ-ը չէր երդվել մշտապես մնալ կոալիցիայում: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՕԵԿ-ն իրավունք ուներ կոալիցիայից դուրս գալու, եթե ինչ-ինչ խոստումներ չեն կատարվել:

 

«Եթե, օրինակ, մարդը գնում ա, ինչ-որ միավորման մեջ ա մտնում, և երբ մյուս ուժը շեղվում ա ու իրա խոստումները չի կատարում, մարդն իրավունք ունի` գնա այլ մարդկանց հետ կանգնի: Էդ չի նշանակում, որ եթե դուրս ա եկել, ուրեմն դավաճանեց կամ լքեց: Դա երդում չի, էլի, որ երբեք չի կարա կոալիցիայից դուրս գա: Հետո դա չի նշանակում, որ իրանք էին վատը, այլ միգուցե ՕԵԿ-ի տեղը չէր»,- ասաց Արայիկ Հայրապետյանը:

 

Հարցին, թե ինչո՞ւ է ինքը ժամանակին դուրս եկել ՕԵԿ-ից, Արայիկ Հայրապետյանը պատասխանեց, որ 18 ամիս կուսակցական լինելուց հետո հասկացել է, որ իր տեղը ոչ թե քաղաքականությունն է, այլ գործարար ոլորտը: «Ես ուղղակի գտնում եմ, որ ամեն մարդ պետք ա զբաղվի իրա գործով: Ես բիզնեսմեն եմ ու տնտեսական ոլորտում եմ կարողանում ավելի լավ պիտանի լինեմ մեր պետությանը, ուրեմն այդտեղ պետք ա լինեմ: Ես քաղաքականության մեջ շատ ավելի վատ եմ: Փորձեցի քաղաքականությունը, բայց տեսա, որ դա իմ տեղը չի, քաղաքականությամբ պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր դրան լավ են տիրապետում»,- ասաց գործարարը:

 

Հարցին, արդյո՞ք ճիշտ վարվեց ՕԵԿ-ը` կոալիցիայից դուրս գալով, Արայիկ Հայրապետյանը պատասխանեց, որ թեև մանրամասների չի տիրապետում, սակայն շատ դրական է վերաբերվում այն հարցին, որ ՕԵԿ-ական նախարարները հրաժարվեցին կուսակցական պատկանելությունից: «Դրական գնահատականը տալիս եմ, որ նախարարները կանխավ դիմում գրեցին ու դուրս եկան, շատ ճիշտ արեցին, որովհետև չի կարա մարդ մինչև այսօր ծառայի պետության որդեգրած քաղաքականությանը, բայց հետո ասի` վայ ես սխալ եմ արել»,- ասաց նա:

 

Հարցին` իսկ կուսակցական շահե՞րը, պատասխանեց. «Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ կուսակցականներին շատ քիչ նախարարական պորտֆել պետք է տալ: Ես չգիտեմ` այդ ինչ մոդել են կիրառում, բայց դա սխալ ա, որովհետև նախարար պետք է լինի պրոֆեսիոնալ մարդը, և նախարարը պետք է լինի անկուսակցական»:

 

Իսկ պատկերացնո՞ւմ էք ՕԵԿ-ին ընդդիմության մեջ: Սրան Արայիկ Հայրապետյանը պատասխանեց. «Այո, մի անգամ արդեն ՕԵԿ-ը եղել է ընդդիմության մեջ, նույն սցենարով նրանք 2008-ին եղել են ընդդիմության մեջ ու արմատական ընդդիմություն էին»: Դիտարկմանը, որ այսօր ՕԵԿ-ը ցածր վարկանիշ ունի` ընդդիմադիր լինելու համար, գործարարը պատասխանեց. «Ես դրա պատասխանը չունեմ»: