կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-18 16:53
Հասարակություն

Տարիքային առումով ավելի ռուսամետ ենք, բայց... Լավանդայի Արայիկ

Տարիքային առումով ավելի ռուսամետ ենք, բայց... Լավանդայի Արայիկ

Նախկին ՕԵԿ-ական, գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկը) այդպես էլ չստեղծեց գործարարների իր կուսակցությունը, որի մասին բավականին երկար ժամանակ խոսում էր:

 

Yerkir.am-ի հետ զրույցում գործարարը նշեց, որ կուսակցության ստեղծման աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել է, որովհետեւ այլ` ավելի կարեւոր խնդիրներ կան: Իսկ մինչ այդ Հայրապետյանը` որպես գործարար, հայտնեց իր դիրքորոշումը Մաքսային միության վերաբերյալ:

 

«Քանի որ տարիքային առումով մենք ավելի ռուսականամետ ենք (չէ՞ որ ես 54 տարեկան եմ եւ ավելի շատ խորհրդային կարգերն եմ տեսել) պարզ է, որ մեզ ավելի հոգեհարազատ է Ռուսաստանը: Բայց քանի որ ես նորովի եմ մտածում, մենք անընդհատ ձգտում ենք դեպի Եվրոպա»,- հայտարարեց գործարարը եւ հավելեց, որ աշխատում է Եվրոպայի, այլ ոչ Ռուսաստանի հետ:

 

Ըստ գործարարի` «Ռուսաստանի առաջարկն ավելի արագ իրականանալի է, քան որ մենք ավելի արագ ենք արձագանքում, գիտենք ռուսերեն»: «Ընդհանրապես ես իմ կարծիքն ունեմ աշխարհի, կոնկրետ Եվրոպայի մասին` որ ինչ-որ մի ժամանակ հետո, մի 10-15 տարի հետո բոլոր սահմանները բացվելու են, ով որտեղ ուզում է կթռնի, կգնա, կաշխատի»,- նշեց գործարարը:

 

Խոսելով Եվրոպայի հետ աշխատելու պայմանների մասին` Հայրապետյանը վստահեցրեց, որ այնտեղ ամեն ինչ շատ ավելի խիստ է եւ շատ ավելի հստակ, պետք է հետեւել խաղի կանոնnերին: Եթե Ասոցացման համաձայնագիրը չստորագրվի, Եվրոպայի հետ աշխատող գործարարը մտավախություն չունի, որ իր բիզնեսը կարող է դրանից տուժել:

 

«Բիզնեսը երկրները, սահմաններ, ազգեր չի ճանաչում»,- նշեց գործարարը, ով այդպես էլ չասաց, թե ինչ բիզնես գործունեություն է ծավալում Եվրոպայում: