կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-27 14:23
Քաղաքական

ԵԱՏՄ-ից դուրս գալով` մեծ նվեր կանենք Ադրբեջանին և Թուրքիային. Բաբուխանյան

ԵԱՏՄ-ից դուրս գալով` մեծ նվեր կանենք Ադրբեջանին և Թուրքիային. Բաբուխանյան

Խորհրդարանում մեկնարկած` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին լսումների ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ բոլոր խնդիրները պետք չէ կապել ԵԱՏՄ-ի հետ: «Նույն այդ կերպ, կարելի է շատ խնդիրներ էլ, օրինակ` ցուրտը, կապել Եվրախորհրդի հետ: Շատ երկար ժամանակ մենք գտնվել ենք Եվրախորհրդի կազմում, ինչո՞ւ ոչ ոք չի ասել, որ, օրինակ, կոռուպցիան դրա հետևանք է»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց` պետք է հասկանալ, որ ոչ ոք մեզ պարտք չէ, ոչ ոք մեր փոխարեն չի կռվելու: «Երբ մենք մուննաթով մեր գործընկերներից պահանջում ենք մի բան, որը նախատեսված չէ որևէ պայմանագրով, դա առնվազն զարմանք է հարուցում»,- շեշտեց նա:

Բաբուխանյանը նշեց, որ, իհարկե, կարելի է դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց այդ դեպքում պետք է հաշվարկել` ի՞նչ է դա տալու Հայաստանին, ի՞նչ օգուտ ու վնաս:

«Կարո՞ղ եք պատասխան տալ մեր այն քաղաքացիներին, ովքեր աշխատում են Ռուսաստանում, մի մասն էլ` ԵԱՏՄ այլ երկրներում: Լա՞վ է, թե՞ վատ, որ մենք այնտեղ այդքան աշխատողներ ունենք, կարծում եմ` այո, լավ է, որովհետև նման տնտեսական պայմաններում դժվար է պատկերացնել` ինչ կարող էր լինել մեր երկրի համար: Մենք 1,5 մլն բնակչություն ունենք Ռուսաստանում, ի՞նչ է լինելու նրանց հետ»,- հարցրեց պատգամավորը:

Բաբուխանյանն անդրադարձավ Արցախի հիմնախնդրին և ԵԱՏՄ-ի հետ ռազմական համագործակցությանը, ինչի հետ էլ ընդդիմախոսները կապում են ԵԱՏՄ-ից դուրս գալու` իրենց պնդումները:

«Մենք դեռևս ձեռնապահ ենք մնում Արցախի անկախության ճանաչումից, որովհետև գնում է բանակցային գործընթաց: Ի՞նչ կլինի, եթե մեր ռազմական համագործակցությունը դադարեցվի, եթե ռուսական զորամիավորումները դուրս գան Թուրքիայի և Իրանի սահմանից: Ի՞նչ կլինի եթե մենք չստանանք այն զենքը, որ ստանում ենք էժան գներով կամ վարկերի տեսքով: Մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանի բոլոր երկրները գնում են Ռուսաստանի հետ և’ տնտեսական, և’ ռազմական համագործակցությունը ավելացնելու ճանապարհով»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` այն դեպքում, երբ տարածաշրջանում ՌԴ-ի դերակատարությունն աճում է, հակադրվել, փորձել ինչ-որ բացասական դիրք վերցնել ՌԴ-ի նկատմամբ` վտանգավոր և հեռանկարում հայ ժողովրդի դեմ ուղղված քաղաքականություն է:

«Այն օրը, երբ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից, Ադրբեջանը կգրավի Հայաստանի տեղը: Այդ քայլով մենք մեծ նվեր կտանք Ադրբեջանին և Թուրքիային,- ասաց Բաբուխանյանը: