կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-17 08:31
Քաղաքական

ՕԵԿ-ը դառնում է ԲՀԿ-2

ՕԵԿ-ը դառնում է ԲՀԿ-2

«168 ժամ» թերթը գրում է. «Այսպիսով, «Օրինաց Երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) հայտարարեց, որ «խնդրահարույց» է համարում կառավարությանն անդամակցությունը, և համարյա դուրս եկավ կոալիցիայից։ Համարյա, որովհետև այսօր ապրիլի 17-ն է, իսկ ՕԵԿ-ը՝ ի դեմս իր նախագահ Արթուր Բաղդասարյանի, իր վերջնական խոսքը կասի ապրիլի 25-ին, ու պետք չէ բացառել, որ փոշմանի։ Դրա նախադրյալները ստեղծվել են, երեկվա քաղխորհրդի որոշումը պետք է իբրև թե քննարկվի տարածքային կառույցներում, որոնք պետք է հաստատեն կամ մերժեն այն։ Այսինքն՝ եթե մէկ շաբաթվա ընթացքում ինչ-որ բան փոխվի. տարածքային կառույցները «կմերժեն» այդ որոշումը։ Եթե՝ ոչ, կյանքը կդառնա ավելի հետաքրքիր։ Այսպիսով, եթե հանկարծ ՕԵԿ-ը դառնա ընդդիմություն, ապա դա կուրվագծի Սերժ Սարգսյանի պլանները՝ կապված 2017-18 թվականի ընտրությունների հետ։ Աժ ընտրություններում ՕԵԿ-ը կլինի իշխանության «ընդդիմությունը», ինչպես որ էր մինչև 2008 թվականը, իսկ նախագահի ընտրություններում՝ Արթուր Բաղդասարյանը կարող է դառնալ Սերժ Սարգսյանի ընդդիմադիր թեկնածուն։ Այսպիսով, ՕԵԿ-ը գնում է զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը, սակայն՝ ավելի «արժանապատիվ պայմաններով»։

 

Ինչպես ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը ևս նախագահի մասին որևէ քննադատական խոսք չի ասելու, սակայն անողոք քննադատելու է կառավարությանը՝ առանց ներկայացված լինելու ԱԽ-ում։ Իսկ որ կառավարությանը քննադատելու է ավելի հուժկու, քան էր՝ ԲՀԿ-ն՝ Տիգրան Սարգսյանի հանդեպ, երևաց արդեն երեկվա հայտարարություններից։ Մասնավորապես, ՕԵԿ-ականները հայտարարեցին, որ վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցներ կիրթ, գրագետ, բանիմաց գործիչը, որպիսին է, նրանց կարծիքով, Արթուր Բաղդասարյանը։ Մի խոսքով, ՕԵԿ-ը դառնում է ԲՀԿ-2, առաջիկայում կպարզվի, թե ինչ է դառնում ԲՀԿ-ն։ Տարբերակներն այնքան էլ շատ չեն. կա՜մ ԲՀԿ-ն պետք է զբաղեցնի ՕԵԿ-ի տեղը՝ կոալիցիայի անդամի կամ որևէ այլ անվան տակ, կա՜մ պետք է Հովիկ Աբրահամյանին քննադատի ՕԵԿ-ից ավելի սուր ու ավելի անձնվիրաբար։ Հայոց լեզուն ճկուն է և բարբարոս՝ հարուստ վերը նշված բառերի հականիշների հոմանիշներով։ Կգտնվի՞ այդքան բարբարոս Գագիկ Ծառուկյանը Հովիկ Աբրահամյանի հանդեպ, ցույց կտա ժամանակը։ Ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ կառավարության անդամներ նշանակլու վերաբերյալ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։