Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում իշխող Հանրապետական կուսակցությունից բավական մեծ թվով անդամների հոսք է նկատվում դեպի «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցություններ։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի մոտ են գնում հատկապես ՀՀԿ այն անդամները, ովքեր համարում են, որ իրենք համապատասխան վերաբերմունքի չեն արժանացել ՀՀԿ-ի կողմից։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ և ՕԵԿ ղեկավարները նրանց որոշակի խոստումներ են տալիս առաջիկա ընտրությունների ժամանակ իրենց կուսակցությունների օգտին աշխատելու համար։ Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստայանն ասել է, թե կուսակցությանը տարբեր խմբեր են անդամակցում, սակայն չգիտի՝ դրանք ՀՀԿ-ի՞ց են, թե՞ ոչ։ Իսկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն այս տեղեկությունները համարել է «անլուրջ խոսակցություններ»։