|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
2025թ․ օգոստոսի 8-ի Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև ստորագրված հռչակագիրն ազդարարեց «Թրամփի ուղի» անվանումով «Զանգեզուրյան միջանցքի» ծրագրի մեկնարկը, որի 4-րդ կետով Հայաստանը և ԱՄՆ-ն, ինչպես նաև փոխադարձ համաձայնությամբ երրորդ կողմերը, կսահմանեն Հայաստանում իրականացվելիք TRIPP ծրագրի հիմնական պայմանները։ Այսինքն, գոնե այս տեքստի մակարդակով մշուշոտ է, թե ինչ է իրենից ներկայացնում TRIPP-ը, որոնք են դրա հիմնական չափորոշիչները, ինչը առանց այդ էլ խճճված տարածաշրջանում առաջացնում է լրացուցիչ հարցեր։
Պարզից էլ պարզ է, որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն ներկայացնել, իբրև խաղաղություն է հաստատված Հայաստանի և Ադրբեջանի միջև, միջանցք չկա, այլ սոսկ ճանապարհ է Հայաստանի ինքնիշխան տարածքով, բայց ակնհայտ է, որ Վաշինգտոնյան հռչակագրի 3-րդ կետի «անխոչընդոտ անցում» ձևակերպումը բավարար է հասկանալու համար՝ նախատեսվող «ճանապարհը» առնվազն սովորական ճանապարհ չէ։ Այսպես, օրինակ Իրանի տարածքով TRIPP/«Զանգեզուրյան միջանցքին» զուգահեռ, բառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող գործող երթուղին որևէ հատուկ ռեժիմ կամ անխոչընդոտ անցում չի ենթադրում, սակայն տասնամյակներ շարունակ բարեհաջող գործել է և գործում է։ Իրական խաղաղության պայմաններում հատուկ ենթակառուցվածքների կամ ռեժիմների անհրաժեշտություն չի կարող լինել:
43 կմ երկարությամբ TRIPP/«Զանգեզուրգյան միջանցքի» մեկնարկի դեպքում տարածաշրջանում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի դիրքերը զգալիորեն կթուլանան։ Վրաստանը կտրուկ կկորցնի իր տարանցիկ նշանակությունը։ Թվարկված բոլոր երկրների համար դեպի Մերձավոր Արևելք ցամաքային ճանապարհը անհնար կդառնա առանց ադրբեջանաթուրքական առանցքի հետ հատման՝ էլ ավելի մեծ կախվածության մեջ դնելով այդ երկրները Ադրբեջանից և Թուրքիայից: Ասվածը ակտուալ է նաև Եվրոպական Միության վրացական նավահանգիստներով դեպի Իրան և հակառակ կապի համար։
Առանձին հիշատակման կարիք ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված անկլավների փոխանակման բարդ և զգայուն հարցը: ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում տարբեր պատճառներով մի շարք խորհրդային հանրապետություններում գոյացել էին անկլավներ՝ տարածքներ, որոնք կազմում էին մի խորհրդային հանրապետության մաս, բայց շրջապատված էին մեկ այլ խորհրդային հանրապետության տարածքով: Հայաստանի և Ադրբեջանի դեպքում դրանցից մեկը Տիգրանաշենն է, որը Ադրբեջանը համարում է իրենը: Տիգրանաշենը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի և Սյունիքի մարզերով դեպի Իրան գնացող միակ միջպետական ճանապարհի բարձր լեռնային հատվածում: Տիգրանաշենի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու դեպքում բնական է, որ Ադրբեջանը հնարավորություն կունենա լրացուցիչ ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա անցակետերի և տրանզիտային վճարների տեսքով, իսկ շրջանցիկ ճանապարհի կառուցումը տեխնիկապես բարդ է, ժամանակատար, թանկ և կլինի ավելի երկար: Անկլավների փոխանակման խնդիրը սրվել է 2020 թվականի պատերազմից հետո սկիզբ առած սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում, որտեղ ադրբեջանական կողմը որդեգրել է կոշտ և մաքսիմալիստական դիրքորոշում:
Ի՞նչ է հնարավոր անել ուժերի նման դասավորվածության դեպքում։
Մենք առաջարկում ենք «Սադարակի միջանցք» նախագիծը, որը TRIPP-ի և հաղորդակցության մնացած ուղիների ապաշրջափակմանը զուգահեռ, կվերականգնի տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը, կնպաստի փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը հայ-ադրբեջանական հարաբերություններում։
Տարածաշրջանի քարտեզին նայելով՝ կտեսնենք, որ Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղից դեպի Իրանի սահման տանող ամենակարճ ուղին անցնում է Ադրբեջանին ենթակա Նախիջևանի ԻՀ Սադարակի շրջանով, որը Արաքս գետի վրայով կհատվի Իրանի Քարա-Քոյվուն գյուղի մոտով անցնող միջպետական ճանապարհի հետ, որտեղից էլ գործող ճանապարհով մինչև Իրանի առևտրատնտեսական և տրանսպորտային կարևոր հանգույց Ջուլֆա քաղաք 127 կմ է։
«Սադարակի միջանցքի» երկարությունը Արարատի մարզի Երասխ բնակավայրի կողմից Հայաստանի պետական սահմանից մինչև Իրանի Քարա-Քոյվուն գյուղի մոտով անցնող միջպետական ճանապարհի հետ հատումը ուղիղ գծով կազմում է ընդամենը 15 կմ, TRIPP/«Զանգեզուրյան միջանցքից» գրեթե երեք անգամ կարճ։
Եթե Հայաստանը Վրաստանի հետ կապող Բավրայի և/կամ Բագրատաշենի անցակետից մինչև Իրանի սահմանային Ագարակի անցակետ, ապա Իրանի Ջուլֆա քաղաք ճանապարհը մոտ 700 կմ է, որը բեռնատարները անցնում են լավագույն դեպքում 18-20 ժամում, ապա «Սադարակի միջանցքի» գործարկման դեպքում այդ ճանապարհը կկրճատվի մոտ 350 կմ-ով, կշրջանցի Հայաստանի հարավային լեռնային ոլորապտույտ ճանապարհները և Բագրատաշենից մինչև Իրանի Ջուլֆա կկազմի մոտ 420 կմ, որը բեռնատարները կանցնեն ընդամենը 8-9 ժամվա ընթացքում։
Առաջարկվող երթուղին ժամանակի ու ռեսուրսների խնայողության առումով էականորեն էժան է Սյունիքի մարզով Իրանի հետ կապող ճանապարհի համեմատ, ինչը իր հերթին կմեծացնի դրա գրավչությունը լրացուցիչ բեռնափոխադրումների հոսքեր ավելացնելու տեսանկյունից և կդիտարկվի որպես այլընտրանքային ուղի բեռանափոխադրողների կողմից:
Մասնավորապես Իրանից դեպի վրացական Փոթի նավահանգիստ փոխադրումները հարմար կլինեն ոչ միայն Ադրբեջանի տարածքով, այլ նաև Հայաստանով՝ Իրանի սահման - «Սադարակի միջանցք» - Երասխ – Բավրա – Փոթի երթուղով, իսկ 2027 թվականին նախատեսվում է ավարտել Վրաստանի և Ռուսաստանի միջև գտնվող Վերին Լարսի անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը ու թունելների կառուցումը, ինչը հնարավորություն կտա կրճատել ճանապարհի երկարությունը, բարելավվել անցակետի թողունակությունը, վերացնել ձմեռային շրջանում վատ եղանակային պայմանավորված դրա հաճախակի փակման խնդիրը, նվազեցնել խցանումների հաճախականությունը և փոխադրման ժամանակը։ Այն կարևոր նշանակություն կունենա Իրանից Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների շահավետության համար՝ այլընտրանք դառնալով Իրան – Ադրբեջան - Ռուսաստան երթուղուն։
Կարող ենք վստահաբար արձանագրել, որ TRIPP-ին սիմետրիկ «Սադարակի միջանցքը» կհավասարակշռի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, ըստ էության, չի հակասում Վաշինգտոնյան հռչակագրին, գտնվում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման տրամաբանության մեջ։ Այն կզսպի Ադրբեջանի ախորժակը՝ միջանցքի կամ ճանապարհի ներկայացվող (կարդա պարտադրվող) պահանջներում: Ռուսաստանը և Վրաստանը կշարունակեն առանց թուրքական առանցքի հետ հատվելու՝ այլընտրանքային ցամաքային կապ ունենալ դեպի Մերձավոր Արևելք, իսկ Իրանը՝ դեպի Ռուսաստան և Վրաստան, իսկ Վրաստանից Սև ծովով կապ դեպի Եվրոպական Միություն։
Առաջարկվող նախագիծը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերություններում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը, տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման դեպքում կստեղծի դրանցից լիարժեք և հավասար պայմաններով օգտվելու հնարավորություն։
Ռուբեն Հարությունյան
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ