կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-16 18:00
Իրավական

Մատաղիսի զորամասը լավ տեղ չի. Վոլոդյա Ավետիսյանի դեմ ցուցմունք տվեց զինվորի մայրը

Մատաղիսի զորամասը լավ տեղ չի. Վոլոդյա Ավետիսյանի դեմ ցուցմունք տվեց  զինվորի մայրը

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ցուցմունքներ տվեցին վկա Ալբերտ Մաթոսյանը և նրա կինը` Անժելա Պոսոսյանը:

 

Ըստ մեղադրական եզրակացության` Վոլոդյա Ավետիսյանը հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ Մաթևոսյանից է ցանկացել կաշառք ստանալ` բանակում վերջինիս որդու գործերը դասավորելու համար:

 

Մաթոսյանն այսօր դատարանին պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, սակայն դատախազը վկայի` դատարանում և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների մեջ տարբերություններ նկատեց և միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը: Վկան նախաքննական մարմնին հայտնել էր, որ որդին` Արթուրը, գերազանցությամբ ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանը և զորակոչվել բանակ` ծառայության անցնելով Մատաղիսի զորամասում: Նրա խոսքով` որդին թեև գոհ էր ծառայությունից, սակայն իրենք մտահոգված են եղել որդու ծառայության վայրի համար:

 

«Կինս անհանգստացած էր, անընդհատ լաց էր լինում, և մենք փորձում էինք ամեն կերպ մի ելք գտնել, որպեսզի որդիս ավելի մոտ տեղ ծառայի: Կինս համարյա մեր բոլոր բարեկամների և ծանոթների մոտ լաց էր լինում, բողոքում էր որդուս ծառայության վայրից»,- պատմեց Մաթոսյանը:

 

Ըստ նրա` կինն այդ թեմայով զրուցել է իր նախկին համակուրսեցի Ծովինար Եղոյանի հետ, ով նրան ասել է, որ իր մորեղբոր որդին` Վոլոդյա Ավետիսյանը, կարող է օգնել նրան` 500 դոլար գումարի դիմաց կարող է նրան նույն զորամասում որպես համակարգչային օպերատոր դասավորել: Ըստ վկայի` ինքը Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպել է Ազատության հրապարակում և զրուցել նրա հետ: Ավետիսյանն էլ իբր  ասել է, որ այդ գործը շատ ավելի թանկ արժե, սակայն Մաթոսյանի խաթր 500 դոլարով կանի: Վկան պատմեց, որ իր հարցին, թե հնարավո՞ր է որդուն այլ զորամաս տեղափոխել, Ավետիսյանը պատասխանել է, որ դա իր ուժերից վեր է, որ նման բան կարող է անել միայն պաշտպանության նախարարը: Վկան դատարանում նաեւ ասաց, որ չէր ցանկանում գնալ այդ հանդիպմանը:

 

Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցին, թե Վոլոդյան օպերայի թատրոնի տարածքո՞ւմ է Ձեզնից գումար պահանջել, վկան պատասխանեց. «Դե ես գիտեի այդ մասին, ըստեղ` ցուցմունքում, ո՞նց է ձևակերպած, չգիտեմ»:

 

Փաստաբանի այն հարցին, թե քննիչը քանի՞ անգամ է իրեն հրավիրել հարցաքննության, վկան պատասխանեց` 3` նշելով, որ դատախազն էլ է այնտեղ եղել: Ի դեպ, վկան իր ցուցմունքի ողջ ընթացքում թեև շրջվել էր ամբաստանյալ Ավետիսյանի կողմը, սակայն այդպես էլ նրա աչքերի մեջ չնայեց:

 

«Դու դավաճան ես հայրենիքի, որ գնացել ես` որդուդ «փրկելու»,- մատնացույց անելով վկային` բարկացած հայտարարեց դահլիճում ներկա ազատամարտիկներից մեկը:

 

Մյուս վկան` Մաթոսյանի կինը, նույնպես դատարանին պատմեց որդուն բանակ ճանապարհելու պատմությունը: «Ճիշտն ասած, ինձ համար դա շատ անսպասելի էր, քանի որ որդիս շատ լավ էր սովորում, կարմիր դիպլոմով էր ավարտել: Ես դեսից-դենից լսում էի, որ Մատաղիսը լավ տեղ չի: Բանակ գնալուց 6 օր հետո ամուսնուս ստիպեցի ինձ որդուս զորամաս տանել, հետո երբ տեսա վայրը, որոշեցի տեղափոխել նրան»:

 

Պատմելով Վոլոդյա Ավետիսյանի միջոցով որդու գործերը դասավորելու պատմությունը` նա նշեց, որ ի սկզբանե մտադրված չեն եղել նրան գումար տալ: Վկան պատմեց, որ այդ դեպքից հետո որդին զանգահարել է իրեն և հայտնել, որ այլ զորամաս են տեղափոխել, ինչից հետո իրենց տուն են եկել ռազմական ոստիկանության աշխատակիցները և հրավիրել բաժին, որտեղ ամուսինն իրեն ասել է, որ այս ամենի մեղավորը Ծովիկն է: Նա նույնպես նշեց, որ քննչական բաժնում եղել է մեղադրող դատախազը:

 

Ազատամարտիկի` վկային անպատվելու տեսանյութը դիտեք ստորև: