Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Աբրահամյանն այս դատական նիստում էլ լրագրողներին թույլ չտվեց տեսանկարահանել էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին, թեև վերջինս դեմ չէր: Բանն այն է, որ նախորդ դատական նիստում մեղադրող դատախազը, առանց որևէ հիմնավորման, առարկել էր տեսանկարահանելու դեմ, ինչն էլ առիթ էր տվել դատավորին սահմանափակելու լրագրողների գործողությունները:
Այն, որ դատախազի ասածն օրենք է անկախ դատարանի համար, նորություն չէ, նորություն էր այն, որ լրագրողը պարտավոր էր տեղյակ լինել դատավորի` նախորդ նիստում կայացրած որոշմանը և կրկին չբարձրացնել տեսանկարահանելու հարցը: Ուշագրավ է, որ շատ դատավորներ լրագրողից պահանջում են յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ դատարանից թույլտվություն հարցնել տեսանկարահանելու մասին, իսկ այս դեպքում, երբ մեր լրագրողը խնդրեց դատարանին` թույլատրել տեսանկարահանում իրականացնել, դատավորը բարձր տոնով նրան արգելեց` չպատճառաբանելով, թե ի՞նչ հիմքով է նման որոշման հանգել: Դատավորը չցանկացավ լսել մեր լրագրողին` զգուշացնելով, որ նրան դուրս կհրավիրի: Ինչևէ, առանց տեսանկարահանման էլ հնարավոր եղավ լուսաբանել նիստը, իսկ տարբեր դատարաններում գործող տարբեր ստանդարտներին և օրենքն առանց հիմնավորման իրենց ծառայեցնելուն կանդրադառնանք առաջիկայում:
Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց գործով վկաների հարցաքննությունը: Ցուցմունք տվեցին Մուշեղ Մխիթարյանի հարևանները, ովքեր դատարանին գործի համար էական նշանակություն ունեցող տվյալներ չհայտնեցին: Վկայություն տվեց Մուշեղի ծանոթուհիներից մեկը, ով հայտնեց, որ 2013-ին նրա հետ աշխատել է երեխաների զարգացման «Նարնջագույն փղիկ» կենտրոնում: «Ինքն իբր ինչ-որ զգացմունքներ ուներ իմ հանդեպ»,- ասաց վկան:
Ամբաստանյալն էլ արձագանքեց. «Ոչ թե` իբր, այլ հիմա էլ ես իրեն սիրում եմ, իմ թշնամին չէ»:
Վկան պատմեց, որ ընկերություն են արել, սակայն հարազատները դեմ են եղել իրենց հարաբերություններին: «Իմ զգացմունքները լուրջ էին, նրանը երևի` չէ: Եղբայրներս արգելեցին նրա հետ շփվեմ, և մեր կապը խզվեց: Հետո` երկու տարի անց, վերադարձավ, արդեն կին ու երեխա ուներ, ասում էր` կնոջը չի սիրում, այլ ինձ է սիրում»,- ասաց աղջիկը: Նա պատմեց, որ Մուշեղի հետ վերջին անգամ հանդիպել են Պարոնյան թատրոնի մոտ գտնվող այգում, նա իրեն ասել է՝ զգույշ եղիր, պատմել է, թե իր վրա հարձակվել են շենքի շքամուտքում, շորերը պատռել և կարող է աղջկան էլ վնասել, քանի որ կապ ունի իր հետ:
Սպանության օրը Մուշեղը զանգել է վկային, ասել, որ Անիին սպանել են: Վկան ասաց, որ անձամբ Անիին չի ճանաչել, սակայն Մուշեղը պատմել է նրա մասին, ասել, որ կինն իրեն օգնում էր, և որ լավ ընկերներ են: Վկան նշեց, թե Մուշեղն իրեն խաբել է, ասել է, թե 31 տարեկան է, իսկ արդեն նախաքննության ընթացքում պարզել է, որ նա 19 տարեկան է:
Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել դատակոչված մյուս վկաները: Մեղադրողի միջնորդությամբ այսօր որոշում կայացվեց հաջորդ դատական նիստին նրանց բերման ենթարկել:
Լուսանկարն` Iravaban.net-ի