կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 12:56
Իրավական

Հայկին ծեծել են ոստիկանական մեքենայի մեջ` ձեռնաշղթաներ հագցրած

Հայկին ծեծել են ոստիկանական մեքենայի մեջ` ձեռնաշղթաներ հագցրած

Հայկ Կյուրեղյանին ծեծել հենց ոստիկանական մեքենայում` ձեռնաշղթաներ հագցրած: Yerkir.am-ի հետ զրույցում 31-ամյա Հայկ Կյուրեղյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը պատմեց, որ այնուհետև ոստիկաններն իր պաշտպանյալին ծեծել են ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքում` երկու տարբեր սենյակներում: Ծեծին մասնակցել է նաև քաղաքացիական հագուստով անձ:

 

Հայկ Կյուրեղյանը հունիսի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից բերման էր ենթարկվել ոստիկանություն այն բանից հետո, երբ օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ` իր բողոքն արտահայտելով Շանթ Հարությունյանի և մյուսների դեմ անարդարացի վերաբերմունքի դեմ:

 

Կյուրեղյանը դեպքից հետո դիմում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն` նշելով, որ ոստիկանների բռնությունների հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Նրա հաղորդման և բացատրությունների հիմքով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բռնության կիրառմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում:

 

Այս գործով Կյուրեղյանի շահերը ներկայացնում են փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը: Վերջինս նշեց, որ մինչ այժմ Կյուրեղյանին տուժող ճանաչելու վերաբերյալ որոշում չեն ստացել, թեև քրեական գործը հարուցվելուց հետո դա արդեն արված պետք է լիներ:

 

Սակայն հունիսի 12-ին  օդամղիչ ատրճանակից արձակված կրակոցների գործով արդեն իսկ ճանաչվել է հինգ տուժող` ոստիկաններ, որոնց դիպել են գնդակները:  

 

Այս գործով Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք գործածվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելը: Yerkir.am-ի հետ զրույցում այս գործով Կյուրեղյանի պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում, ավելին ասել չի կարող:

 

Նշենք, որ ավելի վաղ Կյուրեղյանի շահերը ներկայացնում էր հանրային պաշտպան Աննա Ջուվանովան, ով գործի վերաբերյալ որևէ տեղեկություն չէր հայտնում մամուլին: Նա Կյուրեղյանի հանդեպ, որպես խափանման միջոց, կալանքն ընտրելու մասին դատարանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում: Արա Զաքարյանը հայտնեց նաև, որ վերաքննիչ բողոքից նորություններ դեռևս չկան: