կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 13:19
Քաղաքական

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե կառավարման համակարգը դառնա խորհրդարանական, չի հավակնի վարչապետի պաշտոնին

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե կառավարման համակարգը դառնա խորհրդարանական, չի հավակնի վարչապետի պաշտոնին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ:

 

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է հանրապետության նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է և տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայեցակարգի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները: Նկատի ունենալով, որ հայեցակարգի նախագիծը նախնական է և պետք է անցնի պարտադիր հանրային քննարկումների փուլ, Գագիկ Հարությունյանը նշել է, որ այս փուլում ի սկզբանե նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձևավորել միասնական և վերջնական դիրքորոշումներ: Դրանցից, մասնավորապես, ընդգծվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորմանը, դատական իշխանության գործառութային և ինստիտուցիոնալ արդյունավետությանը, ինչպես նաև պետության կառավարման ձևին և ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերը:

 

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին և անդամներին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար և իր դիրքորոշումն է հայտնել որոշ առանցքային հարցերի վերաբերյալ:

 

***

 

ՀՀ նախագահի խոսքը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ

 

 

Շնորհակալ եմ պարոն Հարությունյան, Ձեզ, շնորհակալ եմ հանձնաժողովի բոլոր անդամներին կատարված ծավալուն աշխատանքի համար: Համոզված եմ, որ հանձնաժողովի անդամների մասնագիտական բարձր որակները թույլ են տվել վեր հանել ու մշակել այսօր մեր հասարակությանը և պետությանը հուզող բոլոր կարևորագույն խնդիրները: Համոզված եմ նաև, որ զուտ իրավական բնույթ ունեցող հարցերի կապակցությամբ հանձնաժողովն ունի թե՛ գիտական, և թե՛ գործնական հիմնավորումներ: Ես այստեղ որևէ կասկած չունեմ:

 

Անդրադառնալով Ձեր կողմից հնչեցված առանձին հիմնահարցերին, կարծում եմ, որ դատական իշխանությանն առնչվող բոլոր կարևոր խնդիրները, բոլոր «դեմերը» ու «կողմերը» պետք է քննարկվեն հենց այդ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպիսի եզրակացության կգաք, այնպիսի որոշումներ էլ կկայացնենք: Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս ես այդպես եմ կարծում: Ինչևէ, գտնում եմ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված այս հարցը, ի թիվս այլնի, պետք է դառնա հանրային քննարկումների առարկա:

 

Սակայն կարևոր է նաև նկատի ունենալ, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները: Այդ պատճառով հանրային քննարկումների կազմակերպումը, դրանց անցկացմանը մասնագետների, քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ մասնակցությունը կարևոր է հավասարակշռված որոշումներ ընդունելու համար: Այդ որոշումները պետք է միտված լինեն պետության կայուն զարգացման ապահովմանը, այլ ոչ թե առանձին խմբերի կամ նեղ շահերի սպասարկմանը:

 

Մենք միասին պետք է կարողանանք իրավիճակային կամ ցանկացած մարդու ու ցանկացած քաղաքական ուժի շահերից վեր լուծումներ ամրագրել, քանի որ դա վերաբերում է մեր երկրի զարգացման ընթացքին, վերաբերում է ապագային: Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով:

 

Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում:

 

Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու: Ես սա ասում եմ, քանի որ գիտակցում եմ Սահմանադրության դերն ու ժողովրդավարական ավանդույթների կարևորությունը մեր երկրի համար, դա շատ ավելի կարևոր է, քան հնարավոր բոլոր վայ-շահարկումները, որոնք պարզապես թեթևամտության ժանրից են:

 

Եվ ես սա ասում եմ այսօր՝ որպես սահմանադրական բարեփոխումների գործընթացի իրականացման ազատության երաշխիք ու նաև ազատ գործելու երաշխիք ձեզ համար: Եվ ես սկզբունքորեն, իհարկե, համաձայն եմ Հայեցակարգի հանրային քննարկումների ժամկետը երկարաձգելու Ձեր առաջարկի հետ և գտնում եմ, որ որպես այս փաստաթղթի հեղինակ, հենց հանձնաժողովը պետք է ստանձնի այդ քննարկումների պատշաճ անցկացման և դրանց արդյունքների ամփոփման բարդ ու պատասխանատու առաքելությունը: