Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն ընտրում է կոալիցիոն ուժերի` ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված Բարձրագույն դատական խորհրդի կազմը: Նշենք, որ կոալիցիան ներկայացրել է հինգ հոգու` առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյան, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյան, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյան, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյան:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց Գագիկ Հարությունյանին, ինչից հետո Հարությունյանը հանդես եկավ ելույթով, ապա նրան հարց ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը 5 հարց ուներ նրան: Նախ նա հիշեցրեց, որ 2014-ի ապրիլի 10-ին Հարությունյանի ներակայությամբ Սերժ Սարգսյանն ասել է` պաշտոնապես հայտարարում եմ, որ այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, եթե երկրի կառավարման մոդելը փոխվի` խորհրդարանական լինի, չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին, ապա Փաշինյանը հարցրեց. «Հարցս հետևյալն է` Դուք ներկա եք եղել, Սերժ Սարգսյանը լո՞ւրջ էր ասում սա»:
Պատգամավորը նաև հարցրեց. «ՀՀ-ում երբևէ քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ: ՀՀ-ում նախագահական ընտրություններ կեղծվե՞լ են, թե՞ ոչ»:
Նրան նաև հետաքրքրում էր. «2004 թվականին ՍԴ-ն կայացրեց որոշում, ըստ որի` ՀՀ-ում պետք է տեղի ունենար վստահության հանրաքվե` նախագահական ընտրություններից հետո առաջացած անվստահությունը հաղթահարելու համար: Մինչ օրս տեղի չի ունեցել այդ հանրաքվեն, ե՞րբ է տեղի ունենալու և ինչո՞ւ տեղի չի ունեցել»:
Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ հանրապետության նախագահի հետ իր հանդիպումների ժամանակ չի եղել մի դեպք, երբ նախագահն իր խոսքն ասի կատակով կամ անլրջությամբ: «Նաև այդ օրը նախագահն ասել է իր կարծիքը»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին` ՀՀ-ում ընտրություններ կեղծվե՞լ են, թե՞ ոչ, Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում բոլոր այն ընտրություններում, որոնց վերաբերյալ վեճերը եկել են ՍԴ, չի եղել մի դեպք, երբ ՍԴ-ն ընդհանրապես խախտումներ արձանագրած չլինի: «Նույնիսկ տասնյակներով փաստեր ներկայացվել են, ուղարկվել են դատախազություններ, բայց փաստերն այնպիսին չեն եղել, որ ՍԴ-ն անվավեր ճանաչեր ընտրությունների արդյունքները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վստահության հանրաքվեին, Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուր հարց պետք է նայել իր կոնտեքստում: «Երբ մենք քննարկում էինք 2003 թվականի ընտրությունների արդյունքները, երկրում ստեղծված էր ծանր իրավիճակ, նախագահի մակարդակով հայտարարվում էր, որ քաղաքական հակամարտությունն արդեն հանրային հակամարտության է վերածվում, սա լրջագույն իրավիճակ էր: Մայիսի 25-ին լինելու էին Սահմանադրության հանրաքվեն և պառլամենտական ընտրությունները: Եվ այդ հարցը պետք է տեղափոխել իշխանության կրողին` ժողովրդին: Մեզ քննադատեցին աջից և ձախից այդ հանրաքվեն առաջ բերելու համար: Ես ընդունել եմ և' աջի, և' ձախի քննադատությունը և չեմ փոխել իմ կարծիքը` որոշումը կատարում է դատարանն` ամբողջությամբ: Ժամանակին ճիշտ չմեկնաբանվեց, մենք առաջարկել էինք երկրի նախագահին, մենք դա պարտադրել չէինք կարող: Ռեակցիան եղավ, որ մենք այդպիսի մարմին չենք ստեղծել, որ մեզ խորհուրդ տա, մենք չենք անի դա, և հարցն այդպես էլ մնաց »,- հայտարարեց Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Երբ ԱԺ ամբիոնից հայտարարություն եք անում, Ձեր կարծիքն եք հայտնում և կես ժամից կարող եք փոխե՞լ»:
Հարությունյանն ասաց. «Ես պատասխանեցի ձեր հարցերին, դուք ասացիք, թե ի՞նչ ձևով է արել նախագահն այդ հայտարարույթունը, ես ներկայացրեցի: Իմ մասով կարող եմ ասել` ինչ հնչեցրեցի այստեղ, պարտավորվում եմ դա իրականացնել, իսկ նախագահին վերաբերող հարցը կխնդրեմ իրեն ուղղել»:
«ՀՀ-ում երբևէ քաղբանտարկյալներ եղե՞լ են» հարցը Հարությունյանը շրջանցեց: «Ես պատշաճ չէի համարի ո'չ հերքել, ո'չ հաստատել հետևյալ դրդապատճառով` որևէ նման գործի նյութերի ծանոթ չի եղել ՍԴ-ն: Մեզ մոտ քննարկվող որևէ դիմումով նման հարց չի քննարկվել, հետևաբար` ես կդժվարանամ ապրիորի հայտարարություն անել: Մեզ ով դիմել է` անկախ նրանից` ինչ քաղաքական հայացքներ ունի, մենք քննել ենք` որպես Սահմանադրական դատարան»,- եզրափակեց նա: