Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարի Վերահսկիչ պալատն իր հաշվետվությունը «անաղմուկ» հրապարակեց: Այնուամենայնիվ, 2013 թվականի ընթացքում ՎՊ-ն մի շարք խնդիրներ է հայտնաբերել էներգետիկայի ոլորտում: 2013 թվականի ընթացքում ՎՊ-ի վերահսկողության տակ են գտնվել էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Երևանի ՋԷԿ», «Հայաստանի ատոմային էլեկտրակայան», «Որոտան ՀԷԿՀ», «Էներգակարգաբերում», «Անալիտիկ», «Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերությունների կողմից շահաբաժինների հաշվարկման և վճարման գործընթացները:
ՎՊ կատարած վերահսկողությամբ պարզվել է, որ նախ' ընկերությունների տարեկան ֆինանսատնտեսական գործունեությունն արտահայտող ցուցանիշները վկայում են դրանց ոչ համաչափ զարգացման մասին: Այնուհետև' ընթացիկ կառավարման և պլանավորման փուլերում իրականացվող աշխատանքները բավարար չեն:
ՎՊ-ն արձանագրել է, որ համակարգի ընկերությունների գերակշիռ մասը ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում վնաս է արձանագրել, ընդ որում` ընկերությունների կողմից կարճաժամկետ (ընթացիկ) և երկարաժամկետ պարտավորությունների ոչ լիարժեք կատարումը նպաստում է վնասաբերությանը: Բացի այդ` ՎՊ-ն նշում է, որ հաշվապահական հաշվառումը ոչ պատշաճ վարելու, ֆինանսական հաշվետվությունները թերի կազմելու արդյունքում ոչ ճիշտ արտացոլված' նվազեցված ԱԱՀ-ի և շահութահարկի ներկայացման հետևանքով, միայն 2012 թվականի ընթացքում որոշ ընկերությունների մոտ առաջացել են լրացուցիչ հարկային պարտավորություններ' 60 միլիոն 676.3 հազար դրամի չափով, որը նույնպես նպաստում է վնասաբերությանը: Վերահսկողության ընթացքում նշված գումարը վճարվել է պետական բյուջե:
Վերահսկողության տակ գտնվող ընկերություններից, նշվում է ՎՊ հաշվետվությունում, միայն «Էներգակարգաբերում», «Հաշվարկային կենտրոն» և «Անալիտիկ» ՓԲ ընկերությունների մոտ են առաջացել վճարման ենթակա շահաբաժիններ, որոնք, համապատասխանաբար, կազմել են 3 միլիոն 122.5 հազար դրամ, 1 միլիոն 755 հազար դրամ և 4 միլիոն 525 հազար դրամ: Այդ երևույթը ՎՊ-ն բացատրում է նույն վնասաբերությամբ: