Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական և անվավեր ճանաչելու վերաբերյալ` Սահմանադրական դատարանի (ՍԴ) ՍԴՈ-1142 որոշումը իշխանության ներկայացուցիչները լիովին հակառակ կերպ են մեկնաբանում` նշելով, թե մինչև սեպտեմբերի 30-ը պետք է վճարվեն պարտադիր կուտակային վճարները: Գործատուներն ու հաշվապահները կանգնած են խնդրի առջև` պահումներ ու վճարումներ անե՞լ, թե՞ ոչ: Yerkir.am-ն այս հարցի շուրջ զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:
-Պարո'ն Մինասյան, կա այսպիսի խնդիր` Պետեկամուտների կոմիտեին մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը գործատուն պարտավոր է եկամտահարկի մասին էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնել, որտեղ ներկայումս մեխանիկորեն հաշվարկվում է նաև պարտադիր կուտակային վճարը:
-Պաշտոնապես հայտնում ենք, որ որևէ պահանջ կառավարության կամ այլ մարմինների կողմից այն մասին, թե քաղաքացիները պետք է վճարեն պարտադիր կուտակային վճարներ, հակասում է թե' Սահմանադրությանը, և' ՍԴ որոշմանը: Սակայն կառավարության առանձին ներկայացուցիչների հակաիրավական մեկնաբանությունների արդյունքում դեռևս փոփոխության չի ենթարկվել էլեկտրոնային հաշվետվությունների ձևը, որը, սակայն, պետք է ապաակտիվացվեր և աշխատեր բացառապես քաղաքացիների կամեցողությամբ:
Եվ քանի որ կառավարությունը ցուցաբերում է համառություն և հակաիրավական վարքագիծ է դրսևորում, այսօր ԱԺ չորս քաղաքական ուժերը որոշեցին առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ` մինչև սեպտեմբերի 30-ը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված, բայց նաև տարժամկետված նորմերի առանձին դրույթներ, որոնք պահանջում են կուտակային վճարներ, պետք է կիրառվեն միայն կամավորության սկզբունքով:
-Ե՞րբ է լինելու այդ նախաձեռնությունը:
-Առաջիկա շաբաթվա ընթացքում: Եվ քանի որ մինչև ապրիլի 28-ը հերթական նիստեր չկան, մենք մտածում ենք հանդես գալ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով:
-Իսկ մինչ այդ ի՞նչ է պետք անել:
-« Դեմ եմ»-ը և մենք ակտիվորեն քաջալերում և կոչ ենք անում թե' աշխատողներին, թե' գործատուներին` չկատարել այդ վճարումները: Եվ ոչ միայն չկատարել, այլև հետ պահանջել նախկինում իրենցից, անկախ իրենց կամքից, պահված գումարները:
Միաժամանակ, ուզում եմ շեշտել, որ որևէ ճակատագրական բան չի լինի, եթե այդ գումարները որոշակի կարճ ժամանահատվածում պահվեն ինչ-որ մարդկանց մոտ, նաև` «Կամուրջ» հաշվի վրա: Մենք հնարավորություն ենք ունենալու վերադարձնել այդ գումարները:
Մի կարևոր հանգամանք եւս` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` գործատուներից գանձված տուժանքների գումարները չեն գնալու պետբյուջե, այլ գնալու են աշխատակիցների անձնական հաշիվներին: Վերջնական արդյունքում, երբ գումարները կվերադարձվեն, չեն տուժելու ո'չ աշխատակիցները, ո'չ գործատուները:
Եվ, ի վերջո, «ՍԴ մասին օրենքում» շատ հստակ է գրված, որ որևէ տեխնիկական, կազմակերպական խոչընդոտ չի կարող պատճառաբանական հիմք հանդիսանալ անձի սեփականության իրավունքը սահմանափակելու հարցում: Սա հատկապես շեշտված է հենց էլեկտրոնային հաշվետվությունների համար: Կառավարությունը և դրա առանձին անդամներ իրավունք չունեն մեկնաբանելու ՍԴ որոշումը, այն ենթակա է կատարման հրապարակման պահից: Դիմում եմ ևս մեկ անգամ` դադարեցրեք հակաիրավական վարքագիծը, պաշտպանեք քաղաքացու սեփականության իրավունքը: Իսկ դա այս դեպքում նշանակում է արագ կերպով փոփոխել էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը, որը թույլ կտա անձից պահումներ կատարել` նրա կամքին համաձայն:
Մենք հիմա քննարկում ենք նաև զանգվածային դատական պաշտպանության համակարգ կիրառելու մեխանիզմը նույնպես: Իրացնելու ենք ընդվզող, պարտադիր վճարին դեմ եղող մեր քաղաքացիների պահանջը:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ՍԴ որոշումից հետո ՍԴ անդամները լրատվամիջոցներում սկսեցին մեկնաբանել իրենց իսկ կողմից ընդունված որոշումը:
-Դա ես համարում եմ թերացում, որովհետև ՍԴ անդամների կողմից չէր կարելի մեկնաբանություններ ներկայացնել` թե' «ՍԴ մասին» օրենքի, թե' Սահմաանդրության, թե' «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն: Ինձ համար զարմանալի էր այն, որ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը «Արմնյուզ»-ում շատ հստակ ասաց, որ պարտադիր բաղադրիչը չի կարող գործել, իսկ հետո փոխեց իր տեսակետը: Իրականում, պարոն Թոխյանի առաջին տեսակետն է հենց դրված որոշման հիմքում: Ե'վ դատաքննությունն էլ էր դա ցույց տալիս, և' ՍԴ որոշումն է այդ տրամաբանությամբ գրված:
Հարցազրույցը` Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ