կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-27 17:24
Հասարակություն

Ավելի բուռն ու ճնշող ակցիաներ կլինեն` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակների

Ավելի բուռն ու ճնշող ակցիաներ կլինեն` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակների

«Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» շարժման ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ դրա շուրջը համախմբվել են 4 ոչ իշխանական ուժերը, որոնք արդեն իսկ գազի խնդրի պարագայում հանդես եկան որպես համախմբված ընդդիմություն. լրագրողներին այսօր ասացին շարժման  նախաձեռնող խմբի անդամները:

 

Նրանցից ծրագրավորող Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ իրենց է միացել են նաեւ ՄԻՊ-ն ու Փաստաբանների պալատը, այսինքն` արդեն իսկ ձեւավորվել ու ձեւավորվելու է ճակատ, որը պատրաստ է պայքարել անօրինականությունների դեմ:

 

Իսկ Ճարտարագետ Արսեն Մանուկյանի համար կարեւորագույն ձեռքբերումն այն էր, որ սկսում է ձեւավորվել քաղաքացին:

 

«Այսինքն` ժողովուրդը, որ մինչ այդ, պարզապես տանը նստած, բողոքում էր ու մտածում էր, որ ոչինչ չի փոխվի, արդեն այսօր դուրս է գալիս պայքարի: Եվ ես հուսով եմ, որ այդ ամենը կլինի վարակիչ, ու մարդիկ կհասկանան, որ իրենց իրավունքների համար պետք է պայքարեն: Եթե տանը նստում ու ասում ես` ոչինչ չի փոխվի, ապա միանշանակ ոչինչ չի փոխվելու: Կարեւորագույն ձեռքբերումը դա կլինի, որ այս շարժումը գնալով մեծանա, այսինքն' գնալով ձեւավորվի քաղաքացին, քաղաքացիական հասարակությունը»,- նշեց Արսեն Մանուկյանը:

 

Ակտիվիստները նշեցին, որ մարդիկ համախմբվում են այս խնդրի շուրջ, ու բողոքող քաղաքացիների զանգվածը գնալով ավելանում է: Եկող տարի պլանավորում են շատ բուռն շարունակել հատկապես իրազեկումը:  «Պետք է հասկական, որ  բոլորիս վրա է ազդում, մեր երեխաների վրա է ազդում, ու ամենակարեւորը, որ քաղաքացին գիտակցի, որ անձամբ հենց իր վրա է ազդում այս խնդիրը, բոլորը դուրս կգան փողոց, բոլորը կսկսեն պայքարել օրենքի եւ ոչ միայն այս օրենքի դեմ»,- շեշտեց Գեւորգ Գորգիսյանը:

 

Իսկ պայքարի միջոցները տարբեր են լինելու' սկսած խաղաղ երթերից, ցույցերից ու բողոքի ակցիաներից: Մեր դիտարկմանը, թե վերջին տարիներին բազմաթիվ խաղաղ ցույցերն ու ակցիաները ոչ մի արդյունք չեն տվել,  նախաձեռնողները պատասխանեցին, որ իրենց ակցիաները կտարբերվեն նախորդներից, սակայն «զինված ապստամբություն» չեն անելու:

 

«Մենք հանդես ենք գալիս որպես անհատներ, ու պետք չէ հասկանալ, թե այս շարժումն ուղղորդվում է, եւ գոյություն ունի մի ինչ-որ անձ, որը որոշում է, թե զարգացումները որ ուղղությամբ ընթանան: Ես` որպես անհատ, կարող եմ ասել, թե հետագա պայքարի միջոցներն ինչպիսին կլինեն' կլինեն ավելի մեծաքանակ ակցիաներ, ավելի բուռն, ավելի ճնշող: Եվ ինչու` ոչ, միգուցե կօգտագործվեն Սահմանադրությամբ քաղաքացուն  վերապահված` քաղաքացիական անհնազանդության դրսեւորումներ»,- խոստացավ Արսեն Մանուկյանը' հույս հայտնելով, որ հնարավոր կլինի այնպես կազմակերպել այդ ակցիաները, որ արդյունավետ լինեն: