Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, 2013թ. ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամների և հարազատների հետ: ՀՀ գլխավոր դատախազը Հ. Մուրադյանի հարազատներին ներկայացրել է սույն գործով ընթացող նախաքննության ընթացքը, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքները, նախաքննական մարմնի կողմից մինչ օրս ձեռնարկված միջոցառումները, պարզաբանել է նախաքննության ընթացքի վերաբերյալ հարազատներին հուզող խնդիրները, պատասխանել նրանց հարցերին:
Մինչ Հ. Մուրադյանի հարազատների հետ հանդիպումը Գևորգ Կոստանյանը ևս մեկ անգամ եղել է դեպքի վայրում: ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է նաև Պռոշյան ավանի բնակիչների հետ, նրանց նույնպես բացատրել նախաքննական մարմնի կատարած աշխատանքները, նաև հորդորել է սույն դեպքի վեաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգնել նախաքննական մարմնին, ցանկացած փաստ, հանգամանք, ներկայացնել անձամբ իրեն` երաշխավորելով պահպանել տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը, և անվտանգությունը` ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներով:
Գևորգ Կոստանյանը բնակչությանը նաև բացատրել է, որ, միջպետական ճանապարհը փակելով, երթևեկությանը խոչընդոտելով, նրանք ոչ միայն չեն օգնում նախաքննությանը, այլ ճիշտ հակառակը` առիթ են հանդիսանում, որպեսզի նախաքննական մարմնի աշխատանքը դառնա քաղաքական շահարկումների առարկա` դրանից բխող հետևանքներով: ՀՀ գլխավոր դատախազը բնակիչներին տեղեկացրել է, որ նման գործողությունները առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն, և կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: