կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 15:16
Հասարակություն

Պռոշյանում ստիպողաբար ազատվում են Հրաչ Մուրադյանի հետ կապ ունեցած աշխատողներից

Պռոշյանում ստիպողաբար ազատվում են Հրաչ Մուրադյանի հետ կապ ունեցած աշխատողներից

Հրաչ Մուրադյանի ընտանիքը համարում է, որ նրա սպանության գործը տանում են դեպի փակուղի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ներկայացրեց Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդի Հակոբ Մուրադյանը: Նրա կարծիքով` ճիշտ է, որ 2010 թվականին Հրաչ Մուրադյանի դեմ կատարված առաջին մահափորձի եւ արդեն 7 ամիս առաջ տեղի ունեցած սպանության գործերը միացվեն:

 

«Տեղյակ եմ պահում ձեզ, որ Հրաչ Մուրադյանը որեւէ փակ կամ կասկածելի գործ չի ունեցել: Իրավապահ մարմինները միշտ պնդում են, թե իբր բաներ կա, որ մենք չենք ասում: Չկա նման բան: Ինչ եղել է, իրավապահ մարմինները գիտեն»,- նշեց Հակոբ Մուրադյանը` հավելելով, որ եթե իրավապահ մարմինները լավ աշխատեն, հաստատ գործը կբացահայտեն, եթե, իհարկե, կամք ունենան այն բացահայտելու:

 

 

Հրաչ Մուրադյանի պաշտոնավարման ժամանակ Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Պետոյանը լրագրողներին ներկայացրեց Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո գյուղում ստեղծված իրավիճակը: Նրա խոսքերով` Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո կազմակերպված ընտրություններից հետո գյուղապետարանի աշխատակազմը ամբողջ կազմով հրաժարական տվեց ու ազատվեց աշխատանքից` սեփական կամքով, քանի որ մարդիկ հասկացել էին, որ այլեւս չունեն այն վստահությունը, որն ունեցել են Հրաչ Մուրադյանի հետ աշխատելիս, եւ որ նոր գյուղապետի հետ չեն կարող աշխատել:

 

«Որովհետեւ մտածում ենք, որ Մուրադյան Հրաչի սպանությունը միմիայն քաղաքական ենթատեքստ ուներ: Այսինքն` նրան սպանեցին` նրա աթոռին հասնելու համար: Այդ համոզմունքն ունենալով` մենք հրաժարվեցինք աշխատանքից, քանի որ մտածում ենք, որ նոր ընտրություններն ու նոր գյուղապետն ինչ-որ կերպ անպայման կապ ունեն Մուրադյան Հրաչի սպանության հետ»,- նշեց Լուսինե Պետոյանը` հավելելով, որ դրանից հետո ճնշումների, աշխատողների նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի հետեւանքով գյուղի մանկապարտեզի աշխատողները դիմումներ գրեցին ու հրաժարվեցին իրենց աշխատանքից:

 

Այսինքն, ինչպես ներկայացրեց Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը, գյուղում տիրում է մի մթնոլորտ, երբ ստիպողաբար ազատվում են Հրաչ Մուրադյանի հետ որեւէ կերպ կապ ունեցած անձանցից, ինչն էլ նրանց հիմք է տալիս մտածելու, որ այդ սպանությունն ուներ քաղաքական ենթատեքստ: Որեւէ այլ ենթատեքստ փնտրելը կամ այլ ուղղության վրա սպանության պատճառները փնտրելը, ըստ Պետոյանի, անլուրջ է: