Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի պաշտպանը փորձագիտական եզրակացությունը ներկայացնում է հօգուտ իր պաշտպանյալի. այսօր լրագրողներին ասաց Հրաչ Մուրադյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Մելանյա Առուստամյանը` անդրադառնալով մեղադրյալի պաշտպանի արած հայտարարությանը վերջերս կատարված փորձաքննական եզրակացության վերաբերյալ:
Մելանյա Առուստամյանը նշեց, որ փորձաքննությամբ հերքվել է այն վարկածը, թե մեղադրվող Արայիկ Պետրոսյանի դեմքին հայտնաբերված անտիմոնի առկայությունը կապված է մեքենայի ակումուլյատորի հետ շփվելու հետ, եւ ասաց, որ կրակոցից հետո անտիմոնի առկայության վեաբերյալ մի քանի փորձաքննություններ են անցկացվել: «Այսինքն` տարբեր դիրքերից` մեքենայի աջ նստատեղից, ձախ նստատեղից, հետեւի նստատեղից, վարորդի տեղից եւ այլն: Եվ բոլոր փորձաքննությունների արդյունքում, փորձագետի եզրակացությամբ, կան դեպքեր, երբ առկա են ե'ւ կապարի, ե'ւ անտիմոնի մետաղացման դեպքեր, եւ կան դեպքեր, որ արդեն միայն անտիմոնի մետաղացում է եղել»,- ներկայացրեց Մելանյա Առուստամյանը' շարունակելով, թե առաջին փորձաքննությամբ մեղադրյալի հագուստի, թեւքերի ու մեքենայի վրա հայտնաբերվել է անտիմոն:
Նա մի դիտարկում էլ արեց, թե այս սպանությունը ուղղակի 2010 թվականին արված մահափորձի շարունակությունն էր. պարզապես նախկինում կրակողը վրիպել էր, իսկ այս դեպքում հասել իր նպատակին: Փաստաբանը նշեց, որ իր փորձը թույլ է տալիս միանշանակ պնդել, որ այս երկու հանցագործությունները կապված են միմյանց հետ:
Բացի այդ, ինչպես ներկայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, հավանական է, որ այն մեքենայում, որից կրակել են Հրաչ Մուրադյանի վրա, վարորդից բացի, այլ մարդիկ եւս եղել են, ու կրակել է ոչ թե վարորդը, այլ մեքենայում նստած անձը: Մելանյա Առուստամյանը, հղում անելով հետաքննական մարմնի հայտնածին, թե սպանության մոտիվը կապված է ծառայողական պարտքի հետ, նշեց, որ ծառայողական պարտքի հետ կապված սպանությունը անձը միայնակ չի կարող իրականացնել:
«Այսինքն` այսօր մենք ունենք կալանավորված անձ, որը չի հասել իշխանության: Այսինքն` պետք է խոսել այնպիսի հանցագործության մասին, որը, հենց նախաքննական մարմնի վարկածով, ի սկզբանե ծառայողական պարտքի հետ էր կապված: Եվ ես այս պահին, օգտվելով հնարավորությունից, կոչ եմ անում նախաքննական մարմնին եւ, ընդհանրապես, պետությանը` կատարել իր պոզիտիվ պարտավորությունն ու բացահայտել այս հանցագործությունը օբյեկտիվ լրիվ քննության արդյունքում»,- հայտարարեց Մելանյա Առուստամյանը:
Չխախտելով անմեղության կանխավարկածը` Առուստամյանը նշեց, որ ինքը չի կարող հստակ ասել, թե ով է կատարել հանցագործությունը, բայց եթե դատարանը երկարացրել է գործով մեղադրվողի խափանման միջոցը` կալանքի տեսքով, նշանակում է, որ դրա համար հիմքեր կան: Սակայն, մյուս կողմից, նշեց փաստաբանը, եթե այդ հիմքերը բավարար լինեին ու շատ հիմնավոր, ապա գործը վաղուց մտած կլիներ դատական փուլ:
Մելանյա Առուստամյանը, բնականաբար, գործի մանրամասներին ամբողջության ծանոթ չէ, սակայն որքանով որ ծանոթ է, համարում է, որ նախաքննությունն ամբողջ հնարավորությամբ չի իրականացվում:
Աղվան Վարդանյանն ու Հրաչ Մուրադյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Մելանյա Առուստամյանն այսօր պատասխանեցին նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին` կապված Հրաչ Մուրադյանի սպանության գործի մանրամասներին հետ, որը ներկայացնում ենք ստորեւ.