Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ՍԴ-ի կողմից պարտադիր կուտակայինի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու հանգամանքին` նշելով, որ ՍԴ-ն ժամանակ տվեց կառավարությանն ու ԱԺ-ին` շտկելու այն բոլոր դրույթները, որոնք ճանաչվեցին հակասահմանադրական:
Վարչապետը հայտարարեց, որ այսօր ինքը ձևավորում է համապատասխան աշխատանքային խումբ` այդ շտկումներն իրականացնելու համար: «Մենք բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ ԱԺ կներկայացնենք համապատասխան օրենսդրական փաթեթ»,- նշեց վարչապետը` հավելելով, որ այդ հանձնաժողովի հիմնական գերատեսչությունները կլինեն արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարություններն ու ԿԲ-ն: Նաև նշեց, որ բացառիկ հնարավորություն է ստեղծվել, որպեսզի նաև քաղաքացիական հասարակությունը մասնակցի փոփոխությունների մշակմանը և գործող համակարգի արդիականացման աշխատանքներին:
Օգտվելով այդ հնարավորությունից` Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ դիմեց պարտադիր կուտակայինի դեմ պայքարող քաղաքացիներին` նրանց երկխոսության կոչ անելով, նշելով, որ նաև նրանց համար է ստեղծվել հնարավորություն` մասնակցելու այդ գործընթացներին:
Վարչապետը նշեց, թե չափազանց կարևոր է, որ կառավարությունը մասնագիտական գնահատական տա ստեղծված իրավիճակում, և որ ինքը հասկանում է, որ օրենքն այն տեսքով, ինչպես ընդունվել է ԱԺ կողմից, պետք է գործի մինչև սեպտեմբերի 30-ը: Նա դիմեց արդարադատության նախարարին` հարցնելով` արդյո՞ք ինքը ճիշտ է հասկացել: Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ, այո, ճիշտ է հասկացել, այդպես նշվել է ՍԴ որոշման եզրափակիչ մասում, որ օրենքի որոշ դրույթներ, ճիշտ է, համարվում են հակասահմանադրական, բայց օրենքը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը, այսինքն` օրենքը այն տեսքով, ինչ տեսքով որ կա, պետք է շարունակի գործել` մինչև նշված ժամկետում կատարվեն համապատասխան փոփոխությունները:
Դրանից հետո Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ մեր քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար օրենքը գործում է, և բոլորը պետք է ղեկավարվեն այդ գործող օրենքով, իսկ կառավարությունը դեռ ունի շտկումներ կատարելու ժամանակ: