կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-30 12:44
Սպորտ

Հայաստանի առաջնություն. 19-րդ տուրն անավարտ մնաց

Հայաստանի առաջնություն. 19-րդ տուրն անավարտ մնաց

Երեկ մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրը:

 

«Արարատ»-ը պահպանեց 6 միավորի առավելությունը: Տուրի կենտրոնական խաղում Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատ»-ին: Թիմերն 90 րոպեների ընթացքում այդպես էլ չպարզեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ արդյունքով: «Արարատ»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 36 միավորով: «Շիրակ»-ը վաստակած 30 միավորով 3-րդն է:

 

«Ուլիս»-ը շարունակում է անփառունակ հանդիպումների շարքը: «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ուլիս»-ին: Գոլերի հեղինակ դարձան Կամո Հովհաննիսյանը` 8՛, և Գոռ Մալաքյանը` 35՛: Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը միավորների պաշարը հասցրեց 27-ի: Հատկանշական է , որ «Ուլիս»-ը առաջնության 2-րդ կեսում դեռևս չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը, բացի այդ` Կարեն Բարսեղյանի սաները պարտվել են այս տարվա բոլոր 5 խաղերում, որոնցում բաց են թողել 10  գնդակ: Թիմը 13 միավորով նախավերջինն է և մրցաշարային աղյուսակը եզրափակող «Ալաշկերտ»-ից առաջ է ընդամենը 1 միավորով:

 

Եվս 2 խաղ նախատեսված էր անցկացնել այսօր, սակայն անակնկալ տեղացած առատ ձյան պատճառով հետաձգվեցին «Միկա»-«Բանանց» և «Գանձասար»-«Ալաշկերտ» հանդիպումները: Հատկանշական է, որ «Բանանց»-ը հաղթանակի դեպքում առաջատար «Արարատ»-ից ետ կմնա ընդամենը 2 միավորով, իսկ «Գանձասար»-ը հաղթանակի դեպքում կպահպանի հավասարությունը «Փյունիկ»-ի նկատմամբ: