Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Այսօր դատարան էր ներկայացել Ֆրանսիայից ժամանած երկու փաստաբան, ովքեր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ միասին դատարանում պետք է ներկայացնեն Պետրոսյանի շահերը: Նոր փաստաբանները, սակայն, վարույթն իրականացնող մարմնի կողմից լիազորված թարգմանիչ չունեին, ուստի դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց` դիմել ՀՀ Դատական դեպարտամենտին` ֆրանսերենի թարգմանիչ հրավիրելու համար: Իսկ դատարան ներկայացած օժանդակ թարգմանչի օգնությամբ նրանց այս նիստին թույլ չտվեցին զբաղվել Պետրոսյանի պաշտպանությամբ: Կարելի է ասել` Ֆրանսիայից ժամանածներն այսօր դատարանում ունկնդրի կարգավիճակով էին:
Դատավորն այսօրվա նիստում ճշտեց ամբաստանյալի կենսագրական տվյալները: Վարդան Պետրոսյանը նշեց, որ ինքն ունի երկու երեխա, երկքաղաքացի է, իսկ ներկայումս ունի առողջական խնդիրներ:
Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը խնդրեց հայտնել, թե ի՞նչ առողջական խնդիրներ ունի, ի պատասխան` Պետրոսյանը թվեց մի շարք հիվանդություններ: Նա նշեց, որ վիրահատված է լյարդը, չունի փայծաղ, ստացել է թոքերի սալջարդ, ողնաշարի ցավեր և գլխացավ ունի և մի շարք այլ հիվանդություններ:
Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր միջնորդեց դատարանին` փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը, քանի որ, ըստ նրա, դատավորը լիազորություններ չի ունեցել անփոփոխ թողնելու ամբաստանյալի խափանման միջոցը: Նա նշեց, որ իր պաշտպանյալն ապօրինի է պահվում անազատության մեջ, և դատարանը նրան անհապաղ պետք է ազատ արձակի դատարան նիստերի դահլիճից: Սակայն դատավորը մոտ մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դուրս եկավ և մերժեց միջնորդությունը: