Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում Ալ. Շիրվանզադեի «Արտիստը» վիպակի հիման վրա ներկայացման ավարտին ծեծկռտուք է տեղի ունեցել: Ներկայացումը դիտելու էին գնացել Երևանի թիվ 114 դպրոցի միջին և բարձր դասարանցիները, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, ներկայացման ժամանակ աղմկել են` խանգարելով ներկայացման բնականոն ընթացքին: Երբ ներկայացման ավարտին թատրոնի ճեմասրահում աշակերտներին է մոտեցել երիտասարդ դերասան Քաջայր Հակոբյանը և դիտողություն արել, դեռահասները խմբով նետվել են դերասանի վրա և սկսել հարվածել նրան:
Yerkir.am-ի հետ զրույցում թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը նշեց, որ դեպքերն այնպես չեն ընթացել, ինչպես նկարագրվում է:
«Ասում են` ընդհատվել է ներկայացումը: Ներկայացումն ընդհանրապես չի ընդհատվել, ներկայացումը եղել է ընդհատումներով` ըստ սյուժեի: Որ մի պահ ընդհատվել է, երեխաները ծափահարել են, որն էլ, ըստ երևույթին, զայրույթ է առաջացրել, բայց հաշվի չեն առել, որ հանդիսատեսը երեխա է, դպրոցական: Հետո ներկայացման ժամանակ, երբ արտիստն ասում է` «բաճկոնս կորցրի, հավաքված գումարը գրպանում էր», երեխաներից մեկն ինքնաբերաբար ասել է` բաճկոնը չէ, կոշիկը: Ես երեխաներին բացատրեցի` կա վավերագրական ֆիլմ, կա գեղարվեստական ֆիլմ, միգուցե ռեժիսորը նման կե՞րպ է բեմադրում»,- ասաց տիկին Կոստանյանը և հավելեց, որ դրանից հետո դերասանն իջել է բեմից և ասել` «էս ոչխարներին ո՞վ է բերել այստեղ» ու հայհոյել: «Տղաներն էլ պատասխանեցին, թե` ինչո՞ւ եք հայհոյում, աղջիկներ կան մեզ հետ: Ուսուցիչները, սակայն, լռեցրեցին աշակերտներին»,- ներկայացրեց դպրոցի տնօրենը:
Ներկայացման ավարտից հետո, երբ երեխաները դուրս են եկել դահլիճից, ըստ տնօրենի, ասել են. «Տեսնես` ո՞վ էր հայհոյողը»: Հանկարծ մուտքի մոտ է հայտնվել դերակատարը` Քաջայր Հակոբյանը, եւ ասել. «Ես եմ, բա՞ն եք ասում»: Հետո սկսել է քաշել աշակերտներից մեկի ձեռքից:
«Էդ ո՞նց են ներկայացնում` ծեծկռտուք, քաշքշոց, հարձակվեցին դերասանի վրա, ծեծեցին: Չհասկացա` էդ երեխաներն ի՞նչ պիտի լինեի, որ հարձակվեին, յեքա մարդկանց ծեծեին: Մեզ հենց սկզբից զայրացրել են հսկիչները, ներկայացման ժամանակ անընդհատ երեխաներին անհարկի դիտողություններ են արել: Հենց երեխաները մտել են թատրոն, հսկիչներն ասել են` «սրանք էլի եկան, սրանցից հետո, էս լակոտներից հետո էլի պիտի մաքրենք»: Ուսուցիչներից մեկն ասել է, թե` ինչո՞ւ եք այդքան վատ տրամադրված, բա որ երեխաները չգան, ո՞վ գա, պատասխանել են, թե` մենք մեր փողը, մեկ ա, ստանում ենք»,- ասաց տիկին Կոստանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ խոսել է թատրոնի տնօրենի` Հայկ Խերանյանի հետ, և նա նշել է, թե կկարգավորեն, կհարթեն հարցը:
«Բա այսուհետ 114-ն այդ թատրոն էլ ոտք կդնի՞, իհարկե` ոչ: Եվ, վերջապես, երեխա է, միգուցե իրեն վատ է պահել, ես կմոտենայի կասեի` լռեք, դուք ձեր դպրոցի պատվի հետ չխաղաք: Կյանքում երբևէ լսել եք, որ դերասանը հանդիսատեսի, այն էլ` երեխայի հետ նման կերպ վարվի: Երբ Գուրգեն Ջանիբեկյանի ներկայացման ժամանակ խոսում էին, և ռեպլիկ էր լինում դահլիճից, նա մի վայրկյան լռում էր, խոժոռ նայում և ասում` լռություն, և դա ասելիք է եղել, քանի որ դերասանը, ով ուզում է լինի, միմիկա չի շարժում, բեմական արվեստ հասկացողություն գոյություն ունի»,- ասաց դպրոցի տնօրենը:
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Հայկ Խերանյանն էլ, իր հերթին, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն անգամ, երբ թատրոն են հաճախում այդ դպրոցի սաները, ինչ-որ անախորժություն է պատահում:
«Բարձր դասարանցիներն այդ դպրոցում շատ սանձարձակ են, ներկայացման ժամանակ բջջայիններով են խոսում, բարձր մեկնաբանություններ անում` դերասանի խոսքի հետ կապված: Դերասանն էլ, ի վերջո, մարդ է, համբերությունը կարող է հատել: «Արտիստը» միգուցե ծանր ներկայացում է, չե՞ք ուզում, դուրս եկեք: Վերջում, երբ մոտեցել, հարցրել է` չե՞ք կարողանում ձեզ նորմալ պահել, նեղացել են: Ներկայացումից հետո 30 հոգով հավաքվել են, թե` կանչեք, ռազբիրատ անենք: Այդ տեսակ դպրոց է: Ես տնօրենի հետ խոսեցի, ինքն ուզում է շուռ տա մեզ վրա»,- ասաց Խերանյանը` հավելելով, որ այսուհետ իրենք չեն ընդունի այդ դպրոցի երեխաներին:
Նա զարմանում է` փոխանակ ինքը զանգի իրավապահ մարմիններին, բողոքի, մի բան էլ տնօրենն է զանգում իրեն և «հաթաթա» տալիս: Խերանյանը նշում է, որ, ճիշտ է, այսօրվա դրությամբ, դժվարությամբ են հանդիսատես բերում դահլիճ, բայց ավելի լավ է` չբերեն, քան բերեն, ու նման դեպքեր լինեն:
«Այդ տարիքը վտանգավոր տարիք է, նրանց հետաքրքրում է մաֆիան, սերիալները: «Փող եմ տվել` ինչ ուզեմ` կարող եմ անել»-ով չի, սա թատրոն է: Պետք չի զոռով երեխաներին թատրոն բերել, չե՞ք ուզում, մի եկեք: Այդ դպրոցը հայտնի է իր վատ պահվածքով»,- ասաց Խերանյանը:
Ո՞վ է մեղավոր, պարզ չէ, երկու կողմն էլ իրենց տեսակետն են պնդում, բայց որ «թատրոն ոտք չդնելը» և «այսուհետ աշակերտներին թատրոնում չընդունելը» իրավիճակի ճիշտ ելքը չէ` հաստատ:
Կարինե Հարությունյան