կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-25 13:03
Քաղաքական

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, Թուրքիայի հետ կապված, փոխվել է. Կիրո Մանոյան

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, Թուրքիայի հետ կապված,  փոխվել  է. Կիրո Մանոյան

Թուրքիայի ժխտողական քաղաքականության բյուրեղացումը, հատկապես` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, կարող է միջազգային հանրության հարթակներում Թուրքիայի համար հակառակ ազդեցությունն ունենալ, որովհետեւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը հիմնված է իրականությունը խեղաթյուրելու վրա, եւ անկախ նրանից, թե քանի գրասենյակ կամ հանձնաժողով կաշխատեցնեն, այդ քաղաքականության հիմքը մնում է նույն սուտը. aparaj.amի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

 

«Իսկ միջազգային հանրությունը գիտի իրականությունը: Եթե մի շարք պետություններ առ այսօր մերժում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դրա պատճառն այն չէ, որ նրանք դրա մասին չգիտեն. բոլորն էլ գիտեն։ Եվ 100-ամյակն ինքնին պարտադրում է բոլորին` Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեղսակից չդառնալ։ Այնպես որ` Թուրքիայի ամեն մի նոր ժխտողական քայլ ստեղծելու է համարժեք ու համապատասխան հակազդեցություն միջազգային հանրության մոտ, հատկապես՝ մեր՝ հայության մղումով»,- նշել է նա:

 

Հարցին,  թե հնարավո՞ր է Հայաստանի պաշտոնական դիրքորոշման վերանայում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Կիրո Մանոյանը պատասխանել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն իրականում փոխվել  է,  և  Հայաստանի իշխանություններն այլեւս չունեն այն խաբկանքը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, շրջափակումը հանել՝ առանց նախապայմանների։

 

«2009թ. Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց արդեն բարձրագույն մակարդակի վրա այդ մասին հայտարարություններ էին կատարվում ՀՀ իշխանությունների կողմից։ Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում որեւէ քայլ ձեռնարկել, օրինակ՝ ստորագրությունը հետ վերցնել արձանագրություններից, որը կարող է Արեւմուտքի կողմից մեկնաբանվել որպես ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորություններից հրաժարում։ Մինչդեռ` ՀՀ իշխանությունները պարտավոր են այն լծակը, որ Թուրքիային են տվել այդ արձանագրությունները, հետ վերցնել Թուրքիայի ձեռքից: Դա պետք է անել մինչեւ 2015 թվականը»,- ասել է Կիրո Մանոյանը։