կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-18 16:21
Քաղաքական

ԼՂ հարցին Թուրքիայի բացահայտ խառնվելը ծանր իրավիճակ կստեղծի Հայաստանի համար. Կիրո Մանոյան

ԼՂ հարցին Թուրքիայի բացահայտ խառնվելը ծանր իրավիճակ կստեղծի Հայաստանի համար. Կիրո Մանոյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձել է ԼՂ խնդրի շուրջ ձևավորված զարգացումներին:

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք ապրիլյան ռազմական բախման ետևում թաքնված էր Թուրքիան, և հնարավո՞ր է, որ Թուրքիան բացահայտ միջամտի ԼՂ հարցին, Կիրո Մանոյանը նշեց, որ եթե Թուրքիան փորձ անի բացահայտ խառնվել ԼՂ հարցին, դա կունենա անկախնատեսելի հետևանքներ, որովհետև դա ամբողջությամբ կփոխի իրավիճակը, անկախ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից լինելու և Հայաստանի` ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքներից:

«Թուրքիայի ուղղակի բացահայտ մասնակցությունը ԼՂ հարցին իրավիճակ կփոխի ու դա ծանր իրավիճակ կլինի Հայաստանի համար :Սակայն խնդիրներ կլինեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի ու Իրանի համար, ահա այդ պատճառով Թուրքիան դրան չի գնա: Բայց այն, որ Թուրքիան ոչ բացահայտ աջակցում է Ադրբեջանին, դա փաստ է, ապրիլյան քառօրյա գործողություններում Թուրքիան ունեցել է իր դերակատարությունը, ինչն էլ ամրապնդել է Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները»,- ասաց Կիրո Մանոյանը:

Ըստ Մանոյանի, Հայաստանը պետք է զգոն լինի, որովհետև ցանկացած պահի Ադրբեջանն ու Թուրքիան կարող են դիմել Հայաստանի դեմ ուղղված այնպիսի քայլերի, որոնք ոչ ոք չէր սպասում, քանզի Թուրքիային ու Ադրբեջանին հատուկ է ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու քաղաքականությունը: «Վտանգավոր շրջան է, անշուշտ պետք է սպասել ինտրիգների քաղաքականության մեջ, ահա ինչու Հայաստանի համար կարևոր է, որ ներսում լինի միասնություն»,- ասաց Կիրո Մանոյանը: